ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երիտասարդ ստեղծագործող դեռ չի նշանակում ինքնուս». Արեւ Պետրոսյան

22.10.2017 21:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երիտասարդ ստեղծագործող դեռ չի նշանակում ինքնուս». Արեւ Պետրոսյան

Երեւանի Մշակույթի պետական քոլեջում նոյեմբերի 19-ին տեղի կունենա Մշակութային ալիքի ամենամյա «A21TVA WARD 2017»  մրցույթը, որի արդյունքում մասնագիտական հանձնախումբը կհայտարարի եզրափակչում հայտնված 16-35 տարեկան երիտասարդ լավագույն ստեղծագործողների անունները՝ կինոյի, կերպարվեստի, երգարվեստի, հագուստի մոդելավորման ոլորտներում:

Ի դեպ, պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում է նաեւ ՀՀ վաստակավոր նկարիչ ԱՐԵՎ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ում հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու մրցույթի, մասնակիցների եւ, իհարկե, արվեստի մասին:

- Դուք լինելով Մշակութային ալիքի հեղինակած մրցույթի ժյուրիի մասնագիտական հանձնախմբում՝ հետաքրքիր է՝ որքանո՞վ է Ձեզ համար հեշտ կամ բարդ ընտրել կերպարվեստի բնագավառում լավագույնին:

- Իրականում արվեստում «լավ կամ վատ» հասկացողությունն արդեն անհասկանալի է: Արվեստը ինքնին արդեն հրաշալի է, բայց այս պարագայում, ինչպես եւ ընդհանրապես կյանքում, մենք հաճախ կանգնում ենք ընտրության առաջ: Եվ այս դեպքում հեշտ է լինում, երբ նախանշված են սահմաններ/տարիքային, թեմատիկ, ոճային/ որտեղ հնարավոր է լինում ավելի հեշտ կատարել ընտրություն:

- Առհասարակ, երիտասարդ ստեղծագործողների մեջ ընտրության հնարավորությունը մե՞ծ է, թե՞ ի սկզբանե էլ ուրվագծվում է հաղթողը:

- Ամեն ինչ կախված է մասնակիցների քանակից եւ որակից: Երիտասարդ ստեղծագործող դեռ չի նշանակում ինքնուս, եւ հակառակը՝ կան շատ չսովորած, բայց բնածին հզոր գեղարվեստի տաղանդով օժտված անհատներ, որոնք միանգամից աչքի են ընկնում՝ իրենց ստեղծագործական ազատությամբ, գույնի եւ ֆորմաների զգացողությամբ: Հետաքրքրական է, թե ինչ յուրահատուկ մասնակիցներ կլինեն այս տարի:

- Թերեւս կերպարվեստը մի փոքր ավելի քիչ պրոպագանդվող արվեստի ճյուղերից է: Այս առումով՝ ի՞նչ կարեւորություն կարող է ունենալ այս մրցույթը:

- Կարծում եմ՝ այս մրցույթը կարող է ոգեշնչել երիտասարդներին, նաեւ գեղեցիկի նկատմամբ սերը եւ ուշադրությունը, պրոպագանդումը գլոբալ առումով կարող է հասարակությանը դուրս բերել ագրեսիայից եւ դեպրեսիայից:

- Անդրադառնանք նաեւ կերպարվեստին. ոլորտում այսօր ի՞նչ խնդիրներ կան եւ արդյոք երիտասարդ ստեղծագործողին՝ կանաչ ճանապարհ է սպասվում:

-Ստեղծագործողը ի սկզբանե չի արարում կանաչ ճանապարհի ակնկալիքով: Նա ստեղծագործում է, քանի որ չի պատկերացնում իր կյանքը, կամ ապրած օրերի գեթ մեկ վայրկյանն՝ առանց ստեղծագործության, արարելու:. Իսկ Ձեր հարցին պատասխանել են դեռ մեր պապերը` «տաշած քարը գետնին չի մնա»: Այնպես որ, ամեն մի անհատ ստեղծագործող իր ճանապարն ունի եւ միշտ կանաչ է այն ճանապարհը, որը դու համարում ես կանաչ:

- Իսկ ի՞նչ փուլ է այսօր Ձեր ստեղծագործական աշխարհում եւ ի՞նչ կարող է այսօր Arev Art Gallery-ում գտնել արվեստասեր հանրությունը:

-Ես ապրում եմ իմ գույների մեջ, միշտ, իմ համար հետաքրքիր նոր ստեղծագործական ծրագրերով լի եւ հրավիրում եմ բոլոր ցանկացողներին իմ աշխարհ: Arev Art Gallery դռները միշտ բաց են բոլորի համար եւ սրահը լցված է յուրահատուկ լույսով եւ ջերմությամբ: Այդպես են արտահայտվում մեր հյուրերը…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА