ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել բնակարանից` մտավորականները դիմում են վարչապետին

21.10.2017 00:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել բնակարանից` մտավորականները դիմում են վարչապետին

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բնակարանը կորցնելու վտանգի առջեւ է կանգնել: Մոտավորապես ութ տարի առաջ նա բանկից վարկով գումար է վերցրել (խոսքն «Անելիք» բանկի մասին է), սակայն  գործն այլ ընթաց է ստացել: Բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչի ինքնասպանությունից հետո, շատ վարկանուներ, այդ թվում` բանաստեղծը կանգնել են լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ. «Առաջին շրջանում համոզեցին, որ լուծումներ կլինեն, հետո պարզվեց, որ այդ մարդիկ եւս ազատվել են աշխատանքից, դրան հետեւեց բանկի վաճառքը մեկ այլ մարդու, որից հետո ամեն ինչ վերածվեց դատական թնջուկի: Այսօր մայր գումարին ավելացել է նաեւ տույժերն ու տուգանքները, այսպիսով` ստեղծվել է «ծիծաղելի» պատմություն»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց բանաստեղծը:
Խաչիկ Մանուկյանին օգնելու նպատակով, նրա մտերիմ ընկերները հավաքել են տարբեր նկարիչների ստեղծագործություններ, որպեսզի ցուցահանդես- վաճառք կազմակերպեն եւ գումարը փոխանցեն բանաստեղծին: Արդեն հրատարակվել է նկարների ալբոմը` «Նվիրաբերում» խորագրով. «Վարկի մայր գումարը եղել է 23 հազար դոլար, իսկ տույժերով  հասել է 40 հազարի: Հուսանք այդ գումարը կհավաքվի, ամեն դեպքում հավաքածուում լուրջ նկարներ կան, որոնք ավելին են, քան սահմանված գումարները:  Հիմա դիմում են ՀՀ վարչապետին,  որպեսզի կարողանան նրա  օգնությամբ իրականացնեն այս ամենը: Կարծում եմ` մի բան կանենք եւ  թշնամության փոխարեն բարեկամության դուրս կգանք»,-նշեց բանաստեղծը:

Չնայած,  Խաչիկ Մանուկյանն այժմ  գտնվում  է անելանելի իրավիճակում , ավելին` ոստիկանությունն արդեն նրան զգուշացրել է, որ ազատի բնակարանը, քանի որ դատարանն այն որպես գույք հանձնել է, բայց չի ընկճվում, նույնիսկ կատակում է. «Իմ վիճակը Սիամանթոյի եւ Վարուժանի վիճակից ավելի բարվոք է, նրանց գլուխը ջարդում էին, իմը` դեռ ոչ: Ինձ մոլորակն այնքան հարազատ է, որ ցանկացած հատված  ինձ տուն ու բնակարան է»,-ասաց բանաստեղծը:

Մեր այն հարցին, թե այս բարդ իրավիճակում արդո՞ք կարողանում է ստեղծագործել Խ. Մանուկյանը նշեց. «Ինձ համար տագնապալից էին նախորդ տարվա ապրիլյան օրերը, երբ որդիս ծառայության մեջ էր, մասնակցում էր ապրիլյան պատերազմին եւ սահմանում ամեն օր զոհեր էինք ունենում: Մյուս որդիս էլ Քարվաճառում էր ծառայում, երկուսն էլ վերադարձան մեդալներով»,-ընդգծեց Խաչիկ Մանուկյանը եւ հավելեց, որ ցանկանում է, որպեսզի որդիները հասկանան, թե ում եւ ումից էին պաշտպանում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА