ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ կտա արտգործնախարարների հերթական հանդիպումը

20.10.2017 17:28 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ կտա արտգործնախարարների հերթական հանդիպումը

Հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երկու օր անց Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ առաջիկայում կրկին հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի հետ: Այս անգամ եւս Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել էր, իբրեւ թե բանակցային գործընթացը «ինտենսիվ» եւ «գործնական» դարձնելու քայլերից:
Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ: Ըստ նրա,բանակցային գործընթացի շարունակման հարցն էլ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել հատկապես նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողություններից հետո. «Խնդիրը այն է, որ ռազմական գործողությունները զգալի բացասական ազդեցություն ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի ոչ միայն իշխանությունների միջեւ փոխվստահության մթնոլորտի վրա, այլեւ դրանք մեծապես պայմանավորեցին երկու երկրների հասարակություններում միմյանցից օտարման նոր փուլը, հասարակություններում բացասական լիցքերի կուտակման, ընկալումների հակադրման գործընթացի ողջ տրամաբանությունը: Այս առումով, ամենաբարձր` նախագահների  մակարդակով նման հանդիպումները հնարավորություն են տալիս նպաստելու իշխանությունների միջեւ վստահության վերականգնման, հասարակություններում առկա բարդույթների հնարավորինս հաղթահարման համար»,-նշեց Կ. Վերանյանը եւ նկատեց, որ Ժնեւում նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպումը թերեւս չէր կարող որակական առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում, այնուհանդերձ, դրա կազմակերպումն ինքնին կարեւորագույն նշանակություն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով առհասարակ. «Արդեն քննարկվում է արտգործնախարարների մակարդակով հանդիպման կազմակերպման հարցը: Այո, ներկայում կարող ենք արձանագրել բանակցային գործընթացի ակտիվացման միտում, ինչն անկախ նրանից` բանակցությունները ինչ արդյունք ու ազդեցություն կունենան հիմնախնդրի կարգավորման վրա, ողջունելի է եւ դրական: Կարծում եմ` բանակցությունների ակտիվացման այս փուլում հակամարտող կողմերի համար լավ հնարավորություն է ստեղծվում երկխոսության վերականգնման համար: Այլ հարց է, թե որքանով դա կհաջողվի իրագործել, որքանով ադրբեջանական կողմը կդրսեւորի պատրաստակամություն այս խնդրում: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ չհիմնավորված սպասելիքներ ունենալ բանակցություններում բեկում արձանագրելու գործում: Դրա պատճառներից մեկը ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման շարունակությունն է, Ադրբեջանի իշխանությունների մոտ քաղաքական կամքի բացակայությունը` բանակցություններում որակական առաջընթաց ունենալու հարցում»,-շեշտեց փորձագետը: Այդուհանդերձ Կարեն Վերանյանի կարծիքով` ադրբեջանական կողմի նման վարքագիծը հետեւանք է հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրությունում կոնսենսուսի բացակայության, հատկապես վերջին տարիներին հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջազգային հանրության դերակատարման նվազեցման: Ըստ նրա, հայկական կողմը պետք է առավել կիրառական քայլեր ձեռնարկի բանակցություններում միջազգային հանրության դերի մեծացման, իսկ հետագայում նաեւ հնարավորություն ստեղծելով միջազգային  իրավաքական պատժամիջոցների կիրառման ինստիտուտի ձեւավորման ուղղությամբ: Հակառակ դեպքում, անպատժելիության մթնոլորտը ծնում է նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ. «Կարեւոր հարցերից մեկն էլ վերաբերում է նրան, թե ժնեւյան հանդիպմանը ինչ դիրքերով էին ներկայանում նախագահները: Հանդիպմանը Ալիեւի դիրքերը որոշակիորեն թուլացել էին: Շարունակում են լարված մնալ Ադրբեջանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, խնդիրները խորանում են ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում: Բավական է հիշատակել այսպես կոչված ադրբեջանական «լվացքատան» հետ կապված միջազգային մեծ աղմուկ բարձրացրած  սկանդալը,  ԵԽԽՎ-ում ընդունվեցին հակաադրբեջանական բնույթի երկու զեկույցներ: Այս ամենի համատեքստում խորանում են հակասությունները Թուրքիա-Արեւմուտք հարաբերություններում, խոսվում է տարածաշրջանում Անկարայի դիրքերի թուլացման և արդյունքում նրա մեկուսացման միտումների մասին. Բնականաբար այս ամենը նպաստում է նաև Ադրբեջանի տարածաշրջանային նշանակության նվազեցմանը: Այլ է իրավիճակը Հայաստանի պարագայում. Հայկական կողմը հանդիպմանը ներկայանում էր բավական ամուր դիրքերից: Հանդիպման նախաշեմին հրապարակվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը, որը ըստ էության քաղաքական մեսիջ էր:  Հայաստանը ակտիվացրել է իր ներգրավվածությունը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում` առեւտրա-տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելով այս ուղղությամբ այլ երկրների` առաջին հերթին Իրանի մասնակցության ապահովման համար»,-ասաց Կարեն Վերանյանը, ընդգծելով, որ  արտգործնախարարների հանդիպմանը հայկական կողմի դիրքերը, ըստ էության, նույնպես կլինեն համեմատաբար ամուր. «Չեմ կարծում, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է որակապես վերափոխել բանակցային գործընթացի ներկայիս տրամաբանությունը, այնուհանդերձ, այս եւ այլ հանդիպումների հաճախակիացումը հնարավորություն է ստեղծում ադրբեջանական կողմին հնարավորինս  կառուցողական դիրքերում տեսնելու առումով»:
Հ
իշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարաները վերջին անգամ հանդիպել են այս տարվա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА