ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵԽԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԹՈՒԹՅՈՒՆԻՑ

20.10.2017 22:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԵՐԵԽԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԹՈՒԹՅՈՒՆԻՑ

- Որդիս 4 տարեկան է: Նա վախենում է մթությունից եւ արձաններից: Ի՞նչ անել այս դեպքում:

Հարցին պատասխանում է հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ.

- Սա բարդ շրջան է, երբ երեխան առաջին անգամ իրեն հարց է տալիս «որտեղի՞ց եմ ես առաջացել» եւ հաճախ լինում է, որ դա զուգակցվում է առաջին մահվան փորձով՝ տատիկ, պապիկ, տան կենդանի... Այս թեման ակտուալ է դառնում եւ համընկնում է նրա ֆանտազիայի սֆերայի ակտիվ զարգացման փուլի հետ:
Երեխան վախենում է տեսնել այն, ինչ նրա փակ աչքերից այն կողմ է, իսկ այնտեղ՝ մթություն է: Փաստորեն` ստացվում է այնպես, որ երբ նա փակում է աչքերը, նա մնում է ինքն իր հետ: Ինքն իր հետ մնալու էքզիստենցիալ փորձը հեշտ չի նույնիսկ շատ մեծերի համար, էլ ինչ ասենք երեխաների մասին:
Այսքանը մթության վախի մասին: Ինչ վերաբերում է արձաններից վախին, ապա սա նույնպես կայուն ֆոբիա է, որն առաջանում է մանկությունում: Երեխան սկսում է զգալ իր անպաշտպանությունը, նրան վախեցնում է արձանի մեծությունն ու անբնականությունը, որի հետեւանքով մեծանում է նրա ներքին տագնապը: Այստեղ նույնպես դա համընկնում է երեխայի ֆանտազիայի սֆերայի ակտիվ զարգացման փուլի հետ, եւ այդ տարիքին բնորոշ մեծ ֆանտազիային գումարվում է ենթագիտակցությունից պրոեկտված նեգատիվ պատկերների հետ ստեղծելով անկառավարելի վախի կայուն պատկեր:
Մթությունից վախի առաջացումը մոտ 4 տարեկան հասակում նորմալ երեւույթ է: Մթության, բարձրության, փակ տարածությունների, միայնության եւ խորության վախերը դրանք նույն վախի տարբեր պրոեկցիաներն են, որոնք կապված են ծննդյան սթրեսի հետ: Մեծանալու տարբեր փուլերում, խթանիչների առկայության դեպքում այդ վախը դուրս է գալիս մակերեւույթ: Այսինքն` լիֆտում մնալու վախը դա նույն վախն է, ինչ մութ սենյակում մնալու վախը: Ընդհանուր առմամբ, այս վախը կապված է հենց ծննդի ընթացքի տարբեր փուլերի հետ: Սակայն մենք հնարավորություն ունենք օգնել երեխային տրանսֆորմացնել իր վախը:
Կարեւոր է իմանալ, որ երբ երեխան ասում է «ես վախենում եմ մթությունից» կամ «իմ անկողնու տակ մոնստր է ապրում» անարդյունք է պնդել, թե այնտեղ ոչինչ էլ չկա: Եթե երեխան արդեն բարձրաձայնել է այս փաստը, ապա դա նշանակում է, որ այն գոյություն ունի նրա իրականության մեջ, եւ իր համար այդ փաստը իրական եւ ճիշտ փաստ է: Հետեւաբար, մենք այս փաստին պետք է վերաբերվենք որպես իրական, գոյություն ունեցող: Չի կարելի կասկածի մեջ դնել երեխայի բառերը: Կամայական երեխայի ամենամեծ վախը այն է, որ կպատմի իր վախերի մասին եւ ծիծաղի կենթարկվի: Չի կարելի փորձել հաղթահարել երեխայի վախը` երեխային լիովին ընկղմելով վախի պարագայի, մանավանդ մթության մեջ:
Հիշեք՝ մթության մեջ սրանում են բոլոր ռեցեպտորների ընկալումը: Հենց դա է պատճառը, որ վախեցած երեխան, գտնվելով մութ սենյակում, կարող է հանկարծ նաեւ տարօրինակ ձայն լսել, որը ոչ միայն նոր ու ավելի հզոր սթրես կդառնա, այլեւ բավականին տրավմատիկ կլինի նրա համար: Չի կարելի վախը վերածել երկրորդային օգուտի: Կամայական վախն ունի իր երկրորդային օգուտը: Օրինակ՝ եթե ես վախենում եմ, ապա կքնեմ ծնողներիս անկողնում: Ինչքա՞ն: Մինչեւ չանցնի՞: Կարծում եմ, դա սխալ է:
Երբեմն, վախի շնորհիվ երեխային հնարավոր է լինում երկար ինչ-որ բանից խուսափել: Հենց այդ պատճառով էլ մի ինչ-որ ժամանակ մենք երեխային պետք է ուղեկցենք իր վախի մեջ, հետո սովորեցնենք վարվել իր վախի հետ, իսկ հետո կրկին ուղեկցենք, բայց հնարավորություն տալով դիմակայել այդ վախին: Դիմակայելու համար կարող ենք հորինել խաղեր՝ վախը վերածելով խաղի: Այս դեպքում մեր նպատակն է երեխային ծանոթացնել իր վախի մթության հետ եւ դարձնել նրա համար մթությունը անվնաս: Օրինակ՝ «գանձեր որոնողները», երբ մենք մութ սենյակում ինչ-որ առարկա ենք պահում, եւ երեխան լուսարձակ է փնտրում ու գտնում է այն: Կարելի է խաղի ձեւով ուղղակի 2 վայրկյանով ներս վազել մութ սենյակ եւ դուրս վազել՝ սա կնմանվի կոնտրաստ ցնցուղի: Կարող ենք կազմակերպել անակնկալ-խաղեր: Սակայն այդ դեպքում մութ վայրում պետք է առկա լինեն կամ լուսատուներ կամ իր ճակատին եղած լուսարձակ:
Կարելի է երեխայի հետ խաղալով` պատմել նրան, որ մենք նույնպես ունեցել ենք նման վախ, այսինքն՝ կառուցենք մետաֆոր, օրինակ՝ բույսի մասին, որի արմատները ապրում են հողի տակ մթության մեջ... Կարելի է խաղալ «ճանապարհորդներ», ովքեր անցնում են թունելի միջով եւ հետո դուրս են գալիս լույս աշխարհ: Այստեղ շատ կարեւոր է, որ վերջում լույսը միշտ լինի:
Կարելի է պատկերացնել, որ վեր ածվում ենք լուսնի, երբ մութ է կամ էլ ուղղակի միասին ստեղծել մի գիշերային բարի կենդանի՝ ասենք բու, որը կդառնա մթության մեջ մեր երեխայի պահապանը: Այս դեպքում անհրաժեշտ է անվանել այդ կենդանուն:
Վերջում ուզում եմ շեշտադրում դնել «անձնական պահապանների» վրա: Իրականում դա շատ կարեւոր է: Քանի երեխան չի ամրացել, չի կարելի նրան մենակ թողնել հասուն կյանքի հետ: Լավ կլինի, որ նա ունենա մի միջնորդ- ուղեկցորդ: Դա կարող է լինել ինչ-որ հորինած հերոս կամ փափուկ խաղալիք, որը կդառնա նրա համար այդպիսի հերոս: Սրա վառ օրինակն է «Փոքրիկը եւ Կառլսոնը» հեքիաթը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА