ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ «ԹՈՒՄԱՆՅԱՆ» ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ` 1050-ԱՄՅԱ ՍԱՆԱՀԻՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴ

20.10.2017 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ «ԹՈՒՄԱՆՅԱՆ» ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ` 1050-ԱՄՅԱ ՍԱՆԱՀԻՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴ

Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի զարգացման ընթացքը հատկապես վերջին տարիներին հավատ է ներշնչում, որ այն մոտ ապագայում դառնալու է Հայաստանի Հանրապետության լավագույն կրթօջախներից մեկը: Գուցե ասվածը հավակնոտ թվա, բայց մեր բոլոր ջանքերն ուղղելու ենք այն բանին, որ Ալավերդու «Թումանյան» բաժանմունքը կայանա որպես Սանահինի համալսարանի արժանի հետնորդ: Այդ ուղղությամբ մեր կատարած աշխատանքներն արդեն իսկ խոստումնալից են: Նախ, եթե մինչեւ 2011 թվականը գործող «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն բաժանմունքը գործում էր Երեւանի Հյուսիսային համալսարանի լիցենզիայի շրջանակներում, ապա 2011 թվականից Հյուսիսային համալսարանին տրվել է նաեւ Ալավերդի քաղաքում բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնելու լիցենզիա` «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» մասնագիտությունների գծով` առկա եւ հեռակա ուսուցմամբ եւ «Նախադպրոցական մանկավարժություն եւ մեթոդիկա» մասնագիտության գծով` միայն առկա ուսուցմամբ:

Այսօր արդեն Հայաստանի Լոռու մարզի եւ այլ մարզերի հյուսիսային համայնքների տնտեսական ձեռնարկություններում, դպրոցներում եւ վարչական մարմիններում հիմնական դերակատարները` համայնքապետեր, տեղակալներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, «Թումանյան» բաժանմունքի շրջանավարտներն են: Այդ թվում` Ալավերդու նախավերջին երկու քաղաքապետերը եւ Լոռու մարզպետը:

Մեծ է նաեւ բաժանմունքի դասախոսների եւ ուսանողների հետաքրքրությունը Սանահինի վանական համալիրի նկատմամբ: Նրանց պահանջով վերջին 5 տարիներին բաժանմունքի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը կատարվում է Սանահինի վանական համալիրում:

2016 թվականի նոյեմբերին Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի ուսանողների եւ դասախոսների առաջարկությամբ Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը Երեւանում կազմակերպեց երկօրյա միջազգային գիտաժողով «Հայաստանը` գիտակրթական կենտրոն» խորագրով, որին նախորդել էր համալսարանի դոցենտ Արմեն Հարությունյանի «Թումանյանական աշխարհի բնապատկերները» խորագրով ցուցահանդեսը: Գիտաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցեցին տասնյակ մտավորականներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ եւ հայ մտավորականներ:

Վաղուց արդեն հրատարակվել են միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն եւ Սանահինի համալսարանի 1050-ամյա պատմությունը, վանական համալիրի ցուցապաստառները փակցվել են Հյուսիսային համալսարանի Երեւանի եւ Ալավերդու մասնաշենքերում: Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսվի առաջիկա շնորհանդեսներում: Փաստենք միայն, որ գիտաժողովի ընթացքում բուհի ղեկավարությունը խոստացավ անել ամեն ինչ, Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքը Սանահինի համալսարանի արժանի հետնորդ դարձնելու համար: Հետեւաբար, մենք պարտավորված ենք Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի ուսումնահետազոտական աշխատանքներն այնպես կազմակերպել, որ առաջիկայում այդ ուսումնական հաստատությունը լինի առաջատարը հայաստանյան բուհական համակարգում: Իհարկե, այսօր էլ բաժանմունքի զարգացման տեմպերը զգալի են, սակայն մեծ են մեր հավակնություններն ու ցանկությունները` միջնադարյան վանական համալիրին նոր շունչ ու կենդանություն հաղորդելու, ուստի պետք է համախմբենք տարածաշրջանի համայնքների հայրենասեր ուժերը եւ հասնենք նրան, որ մեր հաջորդ սերունդը հպարտությամբ աշխարհին ներկայացնի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքը` որպես Սանահինի համալսարանի արժանի հետնորդ եւ ապացուցի, որ Հայաստանը հրաշալի համալսարանական երկիր է:

Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի ուսումնահետազոտական գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացման նպատակով բաժանմունքում արդեն ձեւավորվել են բաժանմունքի միացյալ ամբիոններ. տնտեսագիտության, կառավարման, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ամբիոն, մանկավարժության եւ հոգեբանության ամբիոն, լեզուների եւ հասարակագիտական առարկաների ամբիոն: Ամբիոնների վարիչներին բաժանմունքում կփոխարինեն համակարգողները, որոնք կստանան որոշակի լրավճարներ:

Երեւանի Հյուսիսային համալսարանի ամբոնների վարիչների աշխատավարձը զգալիորեն բարձրացել է եւ նրանց առաջարկվել է ամսական առնվազն մեկ անգամ գործուղվել Ալավերդու «Թումանյան» բաժանմունք` դասախոսությունների, դասալսումների եւ խորհրդատվության:

Փաստենք նաեւ, որ տարածաշրջանի երիտասարդությունը ցնծությամբ է ընդունում բաժանմունքի ամեն մի ձեռքբերում` անմիջական մասնակցություն ունենալով մեր բոլոր նախաձեռնություններին: Մասնավորապես, երբ Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում համալսարանի շահած հեռավար ուսուցման դրամաշնորհային ծրագրի համատեքստում Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի հրաշալի շենքի III հարկում 2017 թվականի հունիսի 15-ին, ինչպես նախատեսված էր ծրագրով, բացվեց հեռավար ուսուցման լաբորատորիա, ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին կահավորման աշխատանքներին: Լաբորատորիան կգործի 2018-2019 ուստարվանից եւ աշխարհի տարբեր վայրերից երիտասարդները ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ հեռավար տարբերակով բարձրագույն կրթություն կստանան Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում:

Ամեն ինչ արվելու է Ալավերդու «Թումանյան» բաժանմունքը Հյուսիսային համալսարանի ուժերով Սանահինի նշանավոր կրթահամալիրի արժանի հետնորդը դարձնելու, դրանով իսկ միջնադարյան կրթօջախի երբեմնի փառքն ու դերակատարումը վերականգնելու համար:

Բորիս Մակիչյան

Պետհավատարմագրված հայկական

համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ,

Հյուսիսային համալսարանի ռեկտոր

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА