ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է «ՂԱՍԱԲ» ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻՑ

20.10.2017 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է «ՂԱՍԱԲ» ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻՑ

Այն, որ մի շարք առողջապահական հաստատություններ, այդ թվում՝ ատամնաբուժական կլինիկաներ, լաբորատորիաներ եւ այլն, մեղմ ասած՝ անորակ բայց նաեւ՝ թանկարժեք ծառայություններ են մատուցում, նոր բան չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ հենց անբարեխղճությամբ ոչ միայն շատ հաճախ մարդկանցից անտեղի մեծ փողեր են պոկում, այլ նաեւ՝ ուղղակիորեն խաղում են նրանց առողջության հետ: 

Կարելի է բերել թարմ օրինակներից մեկը: Քաղաքացին դիմել է ատամնաբուժարան՝ ատամը հեռացնելու համար: Ատամնաբույժ կոչվածը նրան համոզել, թե սխալ է ատամի հեռացումը, պետք է դրա հիմքի վրա նորը տեղադրել, ինչպես նաեւ խոստանալով բուժել մեկ-երկու այլ ատամ, զգալի գումարներ է ստացել: Բայց հաշված օրեր անց տեղադրված ատամները պոկվել են, իսկ լցոնված ¥պլոմբված¤ ատամների լցոնումները՝ դուրս եկել: Ատամնաբույժը նորից է տեղադրում եւ լցոնում, էլի նույնը, երրորդ անգամ` ոչ մի օգուտ: Միայն քաղաքացու սպառնալիքներից հետո իրեն մասնագետ համարող սույն անձնավորությունը վերադարձնում է ատամների տեղադրման համար վճարված գումարը: Եվ ահա մեկ այլ ատամնաբուժարանում, ուսումնասիրելով քաղաքացուն, հայտնում են, որ այն փչացած ատամի վրա առհասարակ իմաստ չուներ նորը տեղադրել: Իսկ մյուս ատամների լցոնումն արված է կոպիտ սխալներով, լուրջ խնդիրներ են առաջացել, եւ քաղաքացին ստիպված է լինում նորից վճարել՝ «բուժված» ատամները բուժելու համար: Սա ընդհանուր պատկերն է, իսկ այս պատմության էլ ավելի տխուր մանրամասները հարց են առաջ քաշում՝ լավ, այն առաջին «ատամնաբույժին» այդ ո՞վ է նախ՝ դիպլոմ տվել, ապա` գործունեության լիցենզիա: Վերջապես, չունե՞նք որեւէ պետական մարմին, որ նմաններին վերահսկի:


«Լիցենզիայից զրկելու նման մեխանիզմ ՀՀ-ում չի գործում»

Բայց ասել, թե սա եզակի դեպք է, սխալ կլիներ: Ու սրա հետ մեկտեղ քանի՞ նման ոչ պակաս տխուր պատմություններ կան այլ տիպի հաստատությունների, ասենք՝ ախտորոշիչ լաբորատորիաների հետ կապված: Այսպիսով, ինչպե՞ս են նման հաստատությունները լիցենզիաներ ստանում, ովքե՞ր են վերահսկում նրանց աշխատանքը, քանի՞ անբարեխղճի են հայտնաբերել ու զրկել լիցենզիաներից. այս բոլոր հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով նախ դիմեցինք ՀՀ ԱՆ լիցենզիոն գործակալության պետ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.
- Ստոմատոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների եւ ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիաների լիցենզիաները տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալությունը, իսկ հետագա վերահսկողությունը իրականացնում է մեկ այլ մարմին` ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը: Վերահսկողությունը լիցենզավորման գործակալության գործառույթը չէ:
Ինչ վերաբերում է լիցենզիա տրամադրելու ընթացակարգին, ապա տեղեկացնում եմ, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ՀՀ ԱՆ ներկայացնում է լիցենզավորման մասին հայտ,  որն ուսումնասիրվում է, ապա՝ կատարվում ընտրանքային կարգով տեղում ուսումնասիրություն: Արդյունքում՝ կազմվում է դրական կամ բացասական եզրակացություն եւ ներկայացվում է լիցենզավորման հանձնաժողովի նիստին:
- Կարո՞ղ եք ասել, այս տարվա կտրվածքով քանի՞ ստոմատոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ եւ ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիաներ են դիմել լիցենզիա ստանալու, որոնց հայտերը մերժվել են: 
- 2017թ. ընթացքում լիցենզավորվել են 55 ստոմատոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ, մերժվել են 21-ը, գործունեությունը դադարեցրել են 26-ը:
- Ո՞ր դեպքում կլինիկաները կարող են զրկվել լիցենզիաներից:
- Լիցենզիայից զրկելու նման մեխանիզմ Հայաստանի Հանրապետությունում չի գործում, լիցենզիայի գործունեությունը դադարեցվում է կազմակերպության ղեկավարի դիմումի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ: Ընդամենը ստուգում կատարելով` չենք կարող դադարեցնել տվյալ կազմակերպության լիցենզիայի գործունեությունը: Ըստ լիցենզավորման մասին ՀՀ օրենքի` ՀՀ առողջապահության նախարարությունը  լիազորված է միայն կասեցնել լիցենզավորված կազմակերպության լիցենզիայի գործունեությունը՝ մինչեւ խախտման պատճառի վերացումը:
- Իսկ եթե կան կոնկրետ եւ հիմնավոր դժգոհություններ  ստոմատոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների եւ ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիաների ոչ պատշաճ ծառայություն մատուցելու մասին, դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ տվյալ կազմակերպությանը լիցենզիայից զրկելու համար:
- Ինչպես արդեն ասացի՝ վերահսկողությունը տեսչական մարմնի գործառույթն է: Գրավոր բողոքը մակագրվում  է տեսչական մարմին, որտեղ հարուցվում է վարչական վարույթ՝ հասկանալու բողոքի բովանդակության իսկությունը: Որից հետո կազմված նյութերը ներկայացվում է ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալություն՝ տվյալ կազմակերպության լիցենզիայի գործունեությունը կասեցնելու անհրաժեշտության հիմքով:


«Առողջապահության պետական տեսչությունը ստուգումներ չի անցկացնում»

Ք.Աբրահամյանի խոսքից մեկ բան է նկատելի՝ լիցենզիա տրամադրելիս կարծես թե չի էլ ուսումնասիրվում այն բուժանձնակազմի մասնագիտական ունակությունները, որոնք պետք է կոնկրետ հաստատությունում աշխատեն: Այսինքն՝ փողով ընդունված եւ փողով էլ ավարտած ցանկացած «դատարկագլուխ», «մասնագետ» բավական է որ դիպլոմ ունենա, կարող է հանգիստ մարդկանց առողջության հետ խաղա:
Բայց, իհարկե, ատամնաբուժարան կարող է բացել եւ լիցենզիա ստանալ նաեւ ոչ մասնագետը՝ աշխատանքի ընդունելով ¥նաեւ գործունեություն ծավալելու ընթացքում¤ բժիշկների: Այսինքն՝ էականը ԱՆ պետական տեսչության գործունեությունն է, որը պետք է վերահսկի, որ ոչ պատշաճ ծառայություններ մարդկանց չմատուցեն: Եվ ահա նշված գործակալության պետի տեղակալ ԳՈՀԱՐ ՓԱՆԱՋՅԱՆՆ, անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում եւ ինչպե՞ս են ստուգումներ անցկացնում ստոմատոլոգիական կլինիկաներում, նկատեց.
- Առողջապահության պետական տեսչությունը կոնկրետ ստոմատոլոգիական կլինիկաներում ստուգումներ չի անցկացնում: Ստուգումը միայն անցկացվում է ստուգաթերթերի միջոցով՝ համաձայն ստուգումների մասին օրենքի:
- Իսկ եթե քաղաքացին հիմնավոր դժգոհություննե՞ր ունի:
- Եթե եղել է քաղաքացուց բողոք-դիմում, եւ համապատասխան տեղեկատվություն հիմնավորման պարագայում վերահսկողական աշխատանքներ արվել են, բայց ոչ ստուգումների տեսքով: 
- Բողոքների հիման վրա հնարավո՞ր է լիցենզիայից զրկել նմանատիպ կլինիկաների:
- Մենք չունենք նման իրավասություն՝ նման կլինիկաները փակել կամ զրկել լիցենզիայից: Մենք ընդամենը կարող ենք նախարարություն ներկայացնել խախտումների վերաբերյալ վերջնական միջնորդություն, բայց փակող կառույցը մենք չենք:

Այսպիսով՝ ոչ միայն ոլորտն է անվերահսկելի, այլ նաեւ՝ վերահսկողության մեխանիզմներ անգամ չկան: Եվ, ըստ էության՝ այս վիճակն է. քաղաքացին, վստահելով պետության տված լիցենզիային, գնում ու դեմ է  առնում մի «ղասաբի», ով ինչ ասես՝ կարող է մարդուց զրկել: Եվ եթե բողոքես էլ, դժվար է հավատալ, որ արդյունքի կհասնես: Լավ, ասենք ծայրահեղ դեպքում մի երկու շաբաթով կասեցրին այս կամ այն հաստատության գործունեությունը, հետո՞, ի՞նչ կփոխվի քաղաքացու համար. միայն ավելորդ գլխացավանք եւ ծախսեր: Եվ նախարարությունն էլ այս կարգի հարցերին լուծումներ տալու փոխարեն, չգիտես էլ, թե ինչ է մտածում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА