ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՍՏՈՐԱԳՐՎ՞Ի ՀՀ–ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

20.10.2017 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿՍՏՈՐԱԳՐՎ՞Ի ՀՀ–ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Նոյեմբերին նախատեսված է Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Չնայած այն հանգամանքին, որ արդեն կա նաեւ համաձայնագրի տեքստը, այդուհանդերձ, կան նաեւ խոսակցություններ, որ համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի: Հնարավո՞ր է դա. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան վերլուծաբաններից:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.
- Կարծում եմ` Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը այն տեսքով, որ ներկայացված է, հավանաբար կհետաձգվի: Իհարկե, կարող ենք միանշանակ ասել, որ այս համաձայնագրում առկա են մի շարք կարեւոր դրույթներ, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրները եւ այլն, որոնք դրական նշանակություն կարող են ունենալ հայաստանյան իրականությունում նման բարեփոխումների կազմակերպման տեսանկյունից: Սակայն միջազգային կամ տարածաշրջանային նշանակության ցանկացած փաստաթուղթ կարող է ունենալ կիրառման լայն շրջանակներ այն պարագաներում, երբ դրանք ներկայացվում են քաղաքական-հասարակական քննարկումների, եւ արդյունքում կարող են կրել որոշակի փոփոխություններ: Տվյալ պարագայում, եթե հնարավորություն է ստեղծվում Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրում փոփոխություններ կատարել, ապա դա կպայմանավորի փաստաթղթի իրավական վիճահարույց դրույթների վերաձեւակերպումը եւ հարմարեցումը հայաստանյան հասարակական-մշակութային եւ այլ առանձնահատկություններին: Բնականաբար՝ դա առավել ընկալելի տարբերակ կարող է լինել: Հաշվի առնելով, որ համաձայնագրի տեքստի հետ ծանոթանալիս, առաջ են գալիս որոշակի հակասություններ, խնդրահարույց կետեր: Այդ թվում, մեղմ ասած, վիճահարույց է նաեւ այն կետը, որտեղ խոսք է գնում Մեծամորի ատոմակայանի փակման  անհրաժեշտության մասին: Կան նաեւ այլ դրույթներ, որոնք նույնպես խնդրահարույց են եւ կարիք ունեն լուսաբանման: Այդ թվում՝ արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտներում համագործակցության ու երկխոսության զարգացման հարցերին: 
ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ.
- Դժվար է նման պայմաններում կանխատեսումներ անել, բայց ցանկանում եմ առանձնացնել երկու գործոն, որով պայմանավորված՝ հնարավոր է համաձայնագրի ստորագրումը հետաձգվի: Առաջինը` Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, երկրորդ` կարող է հետաձգվել ԵՄ-ի կողմից: Ռուսաստանի քայլերը կանխատեսելը բավականին բարդ է: Սակայն ներկա դրությամբ ռուսական կողմից շատ թույլ ազդակներ եմ տեսնում: Հիմնական հակաքարոզչությունը կապված է Մեծամորի ատոմակայանի փակման հետ, բայց կարծում եմ` սա մանիպուլյացիայի հետեւանք է: Ինչ վերաբերում է երկրորդ գործոնին, ապա, ըստ իս, հնարավոր է որ ԵՄ-ն հետաձգի պայմանագրի ստորագրումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարի ապրիլին Հայաստանում տեղի է ունենալու նախագահական ընտրություններ, եւ ԵՄ-ն պետք է վստահ լինի՝ արդյոք իշխանափոխության դեպքում կկատարվե՞ն այն պարտավորությունները, որոնք նախատեսված են պայմանագրով: Այս առումով պետք է համոզված լինեն, որ իշխանության ով էլ գա, կընդունի համաձայնագիրն այնպես, ինչպես ներկա իշխանությունները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ դժվարացավ ասել՝ համաձայնագիրը կստորագրվի, թե` ոչ. «Բարձր մակարդակով արդեն հայտարարվել է, որ նոյեմբերին համաձայնագիրը կստորագրվի, կարծում եմ` այդպես էլ կլինի»:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը` կհետաձգվի՞ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը:
1. Այս պահին, բացի խոսակցություններից, չստորագրելու որեւէ այլ հիմք տեսանելի չէ- 54%:
2. Հազիվ թե նման ձեւական համաձայնագիր երբեւէ ստորագրվի. այն ո՛չ մեզ է պետք, ո՛չ էլ՝ ԵՄ-ին- 27%:
3. Դժվարանում են պատասխանել- 19%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА