ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարմիր Քրդստանը միֆ էր, որը մի քանի տարվա կյանք ունեցավ». Կարեն Խաչատրյան

20.10.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կարմիր Քրդստանը միֆ էր, որը մի քանի տարվա կյանք ունեցավ». Կարեն Խաչատրյան

Դեռեւս սեպտեմբեր ամսին «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ն դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ, որի կազմում են շուրջ 57 երկիր, այդ թվում` Վրաստանը եւ Թուրքիան: Ի՞նչ կտա Հայաստանին այս անդամակցությունը, եւ ի՞նչ մարտահրավերներ կան այսօր ծառացած հայ պատմագետների առաջ` «Իրավունքը» պարզեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն պ.գ.դ. պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ:

«ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

– Նախ ասեմ, որ միաձայն քվեարկությամբ` դարձանք այս ընկերակցության անդամ եւ այսուհետ մեր միջազգային համագործակցությունը տարբեր երկրների պատմաբանների, պատմագիտական հաստատությունների հետ առավել ծանրակշիռ է լինելու: Մեր հետագա քայլերն այստեղ ուղղված են լինելու, որպեսզի բարձրաձայնենք եւ առաջադրենք այնպիսի թեմաներ, որոնք կընդգրկվեն հինգ տարին մեկ հրավիրվող ապագա կոնգրեսներում: Փորձելու ենք այս մարմնի ղեկավար կառույցներում, խորհուրդներում ունենալ մեր ներկայացուցիչը, որպեսզի առավել ակտիվ կարողանանք իրականացնել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դրված են: Չմոռանանք, որ պատմագիտությունն այսօր նաեւ քաղաքագիտական գիտություն է, եւ մեր երկիրը տարբեր մարտահրավերներ ունի, այդ թվում` մեր հարեւանները փորձում են սեփականաշնորհել մեր պատմությունը: Ուստի` պետք է պայքարենք պատմության կեղծարարության դեմ: Եվ այս առումով` արդեն իսկ «Հայաստանի պատմագետների միության» ստեղծումը շատ կարեւոր դրական քայլ էր: 

«ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՍ ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ ՄԻ ՓՈՔՐ ՊԱՍԻՎ ԵՆՔ ԵՂԵԼ»

– Պարոն Խաչատրյան, չե՞ք կարծում, որ պատմության կեղծարարության դեմ պայքարը պետք է սկսել հենց Հայաստանից` նկատի ունենալով այն, որ ժամանակ առ ժամանակ մեր պատմական դեպքերն ու անհատները ներկայացվում են` ըստ այս կամ այն քաղաքական նպատակահարմարության:

– Իսկապես, այսօր հրապարակում կան այդպիսի որոշ «գիտական» աշխատություններ եւ նաեւ հեռուստատեսությամբ, մամուլով հանդես են գալիս մարդիկ, որոնք լավ չգիտեն պատմությունը: Ցավոք, պատմաբաններս այս առումով մի փոքր պասիվ ենք եղել, որի հետեւանքով այսօր շատերն են խոսում պատմությունից` չունենալով համապատասխան գիտելիքներ: Նաեւ հայոց պատմության որոշ դրվագներ ներկայացվում են միակողմանի: Այսինքն` եթե մարդը խնդիր է դրել իր առջեւ միայն սեւ գույներով ներկայացնել, նա այդպես էլ անում է: Մեր կոչը պետք է լինի այն, որ ընթերցեն այն հրատարակությունները, որոնք լույս են տեսել իրական, գիտական տարբեր խորհուրդների երաշխավորությամբ: Այդտեղ կգտնեք ակադեմիական ճշմարտություններ, որտեղ նշված է մեր պատմության ե՛ւ  դրականը, ե՛ւ բացասականը: Եվ եթե հարկ լինի, կարելի է մի դասախոսություն նվիրել միայն մեր պատմության բացասականին, մեկ դասախոսություն` միայն դրականին, հետեւաբար այստեղ դրանք կշեռքի վրա դնելը, կարծում եմ, ճիշտ չէ: Վերջիվերջո, որեւէ պատմական անհատ կամ դեպք չի կարող ներկայացվել միայն դրական գծերով: Սակայն պետք է սովորել պատմությունը, լավ իմանալ այն ու նոր արտահայտվել:

«ՉԵՆՔ ՄՏՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

– Ի դեպ, հայ պատմաբանները պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ դառնալով` հնարավո՞ր է, որ այս կոմիտեի անդամ թուրք պատմաբանների հետ գնան Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկխոսության, ինչի մասին ժամանակին ցանկություն էր հայտնում պաշտոնական Անկարան:

– Պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի շրջանակներում, որտեղ Ադրբեջանը նույնպես անդամ է, բազմաթիվ շփումներ ենք ունեցել նաեւ թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի պատմաբանների հետ: Այդ հավաքների ժամանակ, երբ անցկացվում էին կոնֆերանսներ, երիտասարդների ամառային դպրոցներ բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ էին հասունանում կամ եթե անգամ նորմալ էին ընթանում, նրանք վերադառնում էին Բաքու եւ այնտեղից հերոսաբար ցույց տալիս, թե իբրեւ իրենք հաղթեցին հայ պատմաբաններին, այսինչ հարցերում սխալ տեղեկատվություն էին տալիս եւ այլն: Այս առումով` մենք որեւէ խնդիր չունենք, իրենց էլ բազմիցս ասել ենք, որ ձեզ հասկանում ենք` ձեր պետությունը ամենաբարձր մակարդակով ձեր առջեւ որոշակի խնդիր է հրահանգել ու ասել է` ինչքան ուզում եք փող կտանք, դուք այդ խնդիրը լուծեք` հօգուտ ադրբեջանական կողմի: Մինչդեռ մենք մշտապես փորձում ենք օբյեկտիվ, ճշմարիտ պատմությունը ներկայացնել, ինչը մեզ համար հեշտ է, եւ մեր պատմությունը դա թույլ է տալիս, իսկ որոշ մեր հարեւանների պատմություն, իրենց դա թույլ չի տալիս: Ինչ վերաբերում է հայ եւ թուրք պատմաբանների հնարավոր հանդիպումներին, ինչու ոչ, պատրաստ ենք, բայց երբեք չենք մտնի Ցեղասպանության լինել-չլինելու հետ կապված խոսակցության մեջ: Միայն կարող ենք թուրք գործընկերների հետ խոսել նրանց կողմից Հայոց ցեղասպանության ընդունման փաստի եւ փոխհատուցման ինչ-ինչ խնդիրների մասին: Նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ կարելի է նստել սեղանի շուրջ, ինչը կողջունի միջազգային հանրությունը: Այնպես որ, թուրք պատմաբանների հետ որեւիցե խնդիր չունենք բանակցելու, քննարկումներ կազմակերպելու` Ցեղասպանության ճանաչման, ընդունման եւ փոխհատուցման խնդիրների շուրջ, եթե այդպիսի առաջարկ լինի: Բայց այսօր նման խնդիր մեր պատմաբանների առջեւ դրված չէ:

«ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆԱՍԻԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԵՆ»

– Իսկ կա՞ նպատակ միջազգային պատմագիտական հարթակ բարձրացնել պատմական փոշոտված փաստաթղթերը, ինչպես օրինակ, Կարսի պայմանագիրը, որով բոլշեւիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն` Արարատ լեռով հանդերձ:

– Ռուսական եւ նաեւ միջինասիական երկրների արխիվները մեզ համար բաց են: Մեր վերջին գործուղման ընթացքում Մոսկվայում նաեւ համաձայնագիր ստորագրեցինք Ռուսաստանի, Տաջիկստանի պատմագիտության ինստիտուտի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուստի հետ եւ այնտեղ հատուկ կետ է նշված` փաստաթղթերի հայտնաբերման եւ փոխանակման: Իսկ Կարսի պայմանագրի հետ կապված, ուղղակի, կարող եմ ասել, որ շատ է գրվել եւ ինքս էլ հեղինակ եմ մի աշխատության: Այո, Կարսի պայմանագրի մասին երբեմն բարձրաձայնվում է, բայց սա քաղաքական խնդիր է: Իսկ պատմաբաններս նշում ենք, որ Կարսի պայմանագիրը պարտադրվել է հայկական կողմին, այն բխում է Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ոչ օրինական պայմանագրից, եւ Հայաստանն այդ պայմանագրի նկատմամբ որեւիցե իրավական պարտավորություն չունի: 

«ԿԱՐՄԻՐ ՔՐԴՍՏԱՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱՎ» 

– Այդ տարիներին Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր (Լաչին) քաղաքում ձեւավորվում էր Կարմիր Քրդստան: Հետաքրքիր է` ի՞նչ եղան տեղի քրդերն ու այս գաղափարի կողմնակիցները:

– Կարմիր Քրդստանն արհեստակցական կազմավորում էր, որը ստեղծվել էր կոնկրետ նպատակով` անջատել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանից: Այն ստեղծվեց 20-ական թվականներին եւ մի քանի տարվա կյանք ունեցավ: Այսպես ասած, ավելի շատ թղթի վրա էր եւ գործնականում որեւիցե նշանակություն չունեցավ: Բայց նաեւ որոշակի դեր կատարեց` ստեղծելով արհեստական միջանցք` Խորհրդային Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի միջեւ: Այնուհետեւ այդ տարածքները, ինչպես եւ նախատեսվում էր, մի մասը մտավ ԼՂԻՄ-ի տարածքի մեջ, իսկ մեծ մասը ձուլվեց Խորհրդային Ադրբեջանի վարչական կենտրոններում: Այսինքն` սա միֆ էր, որը ընդամենը մի քանի տարվա կյանք ունեցավ: Ասեմ, որ տարածքային կորուստների մասին աշխատություն ենք հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչպես է այդ սեպը առաջացել ԼՂԻՄ-ի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА