ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ

20.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ

Իրադարձությունները, որոնք այս վերջին օրերին ծավալվում են Իրաքում, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել այն քաղաքական եւ աշխարհաքաղաքական պատկերի վերաբերյալ, որ կձեւավորվի Մերձավոր Արեւելքում՝ դեռ շարունակվող մասշտաբային պատերազմներից հետո: Այն, որ տարաբնույթ ահաբեկչական խմբավորումներն այս պատերազմը գործնականում տանուլ են տվել, վաղուց էր տեսանելի: Տարածաշրջանի վերջին ինտրիգը, որը թույլ չէր տալիս տեսնել ապագա քաղաքական պատկերը, կապված էր քրդերի հետ: Եվ ահա այս օրերին այստեղ էլ շատ բան արդեն պարզ է:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԵԾ ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎԵՑ
Հիշեցնենք՝ օրերս, մի քանի նախազգուշացումներից հետո, իրաքյան բանակն անցավ հարձակման` անկախության հանրաքվե անցկացրած իրաքյան Քուրդիստանի դեմ: Առաջին թիրախը Քիրքուքի նավթային տարածաշրջանն էր, որը երբեք չէր եղել քրդերի զանգվածային բնակության գոտի, սակայն «Իսլամական պետության» սկսած պատերազմից շատ չանցած անցավ քրդերի վերահսկողության տակ: Ի դեպ, մի փոքր շեղվելով, նկատենք, որ ողջ պատերազմի օրոք ԻՊ-ն այդպես էլ որեւէ էական ակտիվ հարձակողական  գործողություն Իրաքի հյուսիս-արեւելքը զբաղեցնող քրդերի դեմ չձեռնարկեց: Փոխարենը, պարբերաբար քրդերին էին անցնում ԻՊ-ի գրաված տարածքները, եւ «ամենատարօրինակն» այն էր, որ գործնականում գրեթե առանց մարտական գործողությունների: Ավելին, ԻՊ-ն Իրաքում ապօրինաբար արդյունահանած նավթային պաշարներն արտահանում էր հենց քրդերի զբաղեցրած տարածքներով: Կարճ ասած, միշտ էլ կար այն տպավորությունը, որ իրաքյան քրդերն ու ԻՊ-ն, եթե անգամ «տակից» չէին համագործակցում, ապա առնվազն լոյալ էին միմյանց նկատմամբ: Թեեւ այս հանգամանքը չէր խանգանում ԱՄՆ-ին՝ իրաքյան  քրդերին ներկայացնել, որպես ԻՊ-ի դեմ պատերազմի առաջա մարտիկներ եւ առավելագույնս զինել նրանց: Ուստիեւ, նոր չէ, որ առաջ էր եկել այն վարկածը, որ ԻՊ-ի այդ բոլոր տարածքային ձեռքբերումները իրականում հենց քրդերի համար ճանապարհ բացելու վաշինգտոնյան ծրագրերի շրջանակներում էին: Այսինքն, ԻՊ-ի դեմ պատերազմի անվան տակ աստիճանաբար իրաքյան, ասենք՝ նաեւ սիրիական քրդերի տիրապետության տակ անցան այդ երկու երկրներին պատկանող բավականին ծավալուն տարածքներ: Հարուստ էներգետիկ պաշարների հաշվին քրդերը մեծ փողեր ձեռք բերեցին եւ ԻՊ-ի դեմ պատերազմի անվան տակ՝ զինվեցին: Եվ այդ ամենը Քուրդիստանի ստեղծման ծանրակշիռ հիմք  ստեղծեց: Ավելին,  եթե ԱՄՆ-ը կարողանար սիրիական եւ իրաքյան քրդերի վրա հիմնական շեշտը  դնելով՝ «հաղթել» ԻՊ-ին՝ մինչ այդ վերջինիս միջոցով էլ տապալելով Ասադին, ապա միանշանակ է, որ Սիրիայի եւ Իրաքի մեծ մասի վրա կհիմնվեր Քուրդիստանը:
Միայն թե ռուսական զինուժի մուտքը Սիրիա ամեն ինչ փոխեց: Նախ՝ ԻՊ-ն չկարողացավ տապալել Ասադին ու փոխարենը՝ այսօր կանգնած է ոչնչացման շեմին: Երկրորդը. սիրիական բանակի դեմ ծանր մարտերը պարտադրեց ԻՊ-ն իր հիմնական ուժերը կենտրոնացնել հենց Սիրիայում: Իսկ դա հնարավորություն տվեց իրաքյան բանակին՝ շունչ առնել, վերակազմավորվել եւ անցնել հակահարձակման: Իսկ այդ հանգամանքն էլ իր հերթին Վաշինգտոնին բառացիորեն պարտադրեց գոնե ձեւականորեն մնալ` որպես Իրաքի դաշնակից եւ հիմնական ռազմական մատակարար: Նկատի ունենք, որ Դամասկոսը քանիցս սպառնաց, որ կսկսի ռազմական հիմնական գնումներն իրականացնել ՌԴ-ից, եւ դա թույլ չտալու համար ԱՄՆ-ին այլ ելք չէր մնում, քան Իրաքին ռազմատեխնիկական մատակարարումները շարունակելն ու դրանով՝ իրաքյան բանակի վերականգնմանը նպաստելը:
Այս ամենի արդյունքում էլ՝ մոտավորապես  այս տարեսկզբից արդեն ակնհայտ էր, որ Քուրդիստանի ստեղծման ծրագիրը ձախողված է: Բայց ահա տարածաշրջանում իր քաղաքական կշիռը նկատելիորեն կորցրած Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց անկախ պետականության ստեղծմանն այդքան մոտեցած քրդերին հետ պահել հանրաքվեից: Ու դա չնայած այն բանին, երբ նաեւ ակնհայտ էր, թե այդ հանրաքվեն ինչ ծանր աշխարհաքաղաքական հարված է դառնալու ԱՄՆ-ի համար: Այսինքն, անկախանալու այդ գործնական փորձը միանգամից մինչեւ վերջ քրդերի դեմ էր հանում Թուրքիային, Իրանին, էլ չասած՝ Իրաքի եւ Սիրիայի մասին, որոնք այդ դեպքում մասնատվելու էին: Քրդերին օժանդակությունը շարունակելու դեպքում ԱՄՆ-ն ստիպված էր դեմ գնալ այդ բոլոր ուժերին: Բայց անգամ այդ գնով հիշատակված չորս ուժերի կողմից ամբողջականությամբ շրջապատված քրդերի անկախության հասցնելը գործնականում անհնար էր: Իսկ եթե չաջակցեր քրդերին, ապա նրանց կպարտադրեր՝ ելք փնտրել ռուսական աշխարհաքաղաքական վեկտորում: Ու հենց այդ միանգամայն սպասելի հունով էլ իրավիճակը զարգացավ: 
Եվ ահա Քիրքուքի ուղղությամբ մեկնարկած իրաքյան բանակի հարձակումը Վաշինգտոնին պարտադրում էր վերջնական տեսակետ հայտնել քուրդ-իրաքյան հակամարտության առումով: Վաշինգտոնին մնացել էր վերջին տարբերակը՝ փորձել չեզոք դիրքերից ներկայանալ քուրդ-իրաքյան այս հակամարտության մեջ, սակայն դա էլ քիչ բան է փոխում. ինչպես քրդերը, այնպես էլ Իրաքը պարզապես սկսեցին իրենց հաշվարկներից դուրս թողնել ԱՄՆ-ին: 

ՎԵՐՋԻՆ ՄԵԽԸ
Հենց այդ վերջին հանգամանքն է, որ սկսեց նաեւ տարածաշրջանային ապագայի վերաբերյալ պատկերը հստակեցնել: Չնայած Քիրքուքից հետո Վաշինգտոնից նաեւ հորդորներ հնչեցին, թե պետք է փորձել քուրդ-իրաքյան հակամարտությանը բանակցային լուծում տալ, սակայն իրաքյան բանակը շարունակում է հարձակումը: Ընդ որում՝ մեկ առանցքային ուղղությամբ՝ դեպի Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային սահմանը՝ մինչեւ Թուրքիա: Դա այն գոտին էր, որը դեռ 2014թ.ին էր ԻՊ-ն «նվիրել» քրդերին: Այսինքն, հենց այդ հատվածով իրաքյան քրդերը կապված էին սիրիական քրդերի հետ, ինչն այդ երկու պետությունների քրդական հատվածներին ժամանակին միասնական Քուրդիստան ստեղծելու հնարավորություն էր տալիս: Եվ այս պահին, երբ քրդական բանակը փաստացի գրավել է քրդական շփման այդ ողջ հատվածը՝ իրաքյան քրդերին տարանջատելով սիրիական քրդերից, դա դարձավ Քուրդիստանի ստեղծման հեռանկարը գործնականում զրոյացնելու վերջին մեխը: Այսինքն՝ նախ իրաքյան քրդերը աչքի առաջ կորցնում են ողջ պատերազմի իրենց բոլոր ձեռքբերումները: Ճիշտ է, նրանք խոստացան ռազմական պատասխան, սակայն փաստն այն է, որ պատերազմական այս տարիներին իրաքյան քրդերը  բավականաչափ զինվեցին, սակայն միայն հատուկենտ գործողությունների մասնակցելով, նրանց ռազմական պատրաստվածության մակարդակը մնում է իրաքյան բանակի համեմատ շատ ցածր: Այսինքն՝ դիմադրելու պարագայում նրանք պարզապես ծանր պարտություն կկրեն: Արդյունքում, ըստ շատ փորձագետների, քրդերին կմնա կամավոր հրաժարվել այն բոլոր տարածքներից, որը Բաղդադի հետ համաձայնեցված ինքնավարությունից դուրս է, եւ իրաքյան իշխանությունների հետ կփորձեն լեզու գտնել՝ այդ պետության կազմում հետագա գոյատեւման մասին, որի հետ կապված Մոսկվայից են միջնորդություն սպասում: Համենայնդեպս, իրաքյան քրդերն արդեն չեղյալ են համարել  հանրաքվեից հետո նախատեսված խորհրդարանական  ընտրությունները, ինչը հենց այդ վարկածի օգտին է խոսում: Ինչ վերաբերում է սիրիական քրդերին, ապա նրանք առավել եւս իրաքյանից շատ ավելի մարտունակ սիրիական բանակի հետ հակամարտության մեջ մտնելու եւ ոչ մի շանս չունեն: Եվ փորձագետներն էլ վստահ են, որ ԻՊ-ի եւ  Իդլիբի մարզի խնդիրն առաջիկայում լուծելուց եւ պատերազմը գործնականում ավարտելուց հետո Դամասկոսը արագորեն քրդերի հետ պայմանավորվածությունների կհասնի՝ անգամ առանց ռազմական որեւէ քայլի:

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսպիսով, գրեթե միանշանակ է ¥եթե անսպասելի ֆորս-մաժորները բացառենք¤, որ Իրաքի եւ Սիրիայի սահմանները հետպատերազմական շրջանում չեն փոխվի: Այսինքն, աշխարհաքաղաքական առումով միակ փոփոխությունը, որն առաջ է բերում այս երկարամյա պատերազմը, դա այն է, որ ՌԴ-ն Մերձավոր Արեւելքում հաստատում է իր կայուն ռազմաքաղաքական ներկայությունը,  ինչն արդեն իսկ նշանակում է ԱՄՆ-ի տարածաշրջանային դիրքերի էական թուլացում: Առավել եւս, որ տեսանելի է դառնում նաեւ Սիրիա-Իրաք-Իրան շիաական առանցքի ձեւավորման հեռանկարը՝ դեպի Մոսկվա ուղղված աշխարհաքաղաքական վեկտորով: Ընդ որում, Թուրքիան եւս փորձում է բարիդրացիական կապերի մեջ մնալ այդ առանցքի հետ, բայց թերեւս նաեւ լավ հասկանալով, որ այդ կերպ տարածաշրջանային հիմնական ուժի դերը զիջում է Իրանին: Հաշվի առնելով նաեւ, որ նկատելիորեն թուլացել է  նաեւ ահաբեկչական շարժումների հիմնական հովանավորներից մեկի՝ սունի իսլամի դերը տարածաշրջանում, որի առաջնորդ Սաուդյան Արաբիան եւս փորձում է հնարավորինս առաջ  տանել Մոսկվայի հետ հարաբերությունները: Եվ հաշվի առնելով ռուս-հրեական բավականին ակտիվացած բարձր մակարդակներով շփումները, զգացվում է, որ այս ընդհանուր զարգացումներում Մոսկվան փորձում է նաեւ Իսրայելի շահերը օրակարգում պահել:
Ու եթե այս ամենին գումարվի նաեւ Չինաստան-Հնդկաստան-Եվրոպա ցամաքային մեծ առեւտրի ծրագրերը, ապա զարգացումները կարող են տանել մինչեւ իսկ այս ողջ հատվածում ծովային առեւտրի վրա  հիմնված անգլոսաքսոնական մի քանի հարյուրամյա դիրքերի նկատելի թուլացմանը: Բայց չէ, այս ամենին ԱՄՆ-ը հաստատ չի կարող չպատասխանել: Դե, ուրեմն, ֆորս-մաժորային զարգացումները դեռ օրակարգից չհանենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА