ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ «ԵՎՐԱԹԱԿԱՐԴՈՒՄ»

20.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ «ԵՎՐԱԹԱԿԱՐԴՈՒՄ»

Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում, իր ելույթի ընթացքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վերջնականացվել եւ նախաստորագրվել է եւ. «Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը»: Թվում է, թե «Ելք» դաշինքը ու հատկապես Էդմոն Մարուքյանը, պետք է անչափ ոգեւորվեն եւ խանդավառվեն երազանքի մոտալուտ կատարումով, բայց... 
ՎԱ՜Յ ԿԻԿՈՍ ՋԱՆ, ՎԱ՜Յ...
Ինչպես կասեր ցանկացած դիսկ-ժոքեյ ռոք համերգի ժամանակ` չեմ տեսնում ձեր ձեռքերը: Մեր հարգարժան եվրոպասերները գրեթե չնկատելու են տալիս համաձայնագիրը, թեեւ տեքստը հրապարակված է: Թվում էր, թե «Ելքը» պետք է ուշադիր այն զններ եւ հանրությանը բացատրեր, թե որքան երջանկաբեր է համաձայնագրի այս կամ այն կետը եւ ինչպիսի «եվրանորոգված» ապագա է ապահովելու Հայաստանի համար: 
Բայց փոխարենը «ելքիչները» զբաղված են անհեթեթ ու անհասկանալի բաներով: Ձեռքի հետ անհավես ֆորմալ զորակցություն են հայտնում հակաընտանեկան օրենքին (թեեւ այդպիսի օրենսդրություն ունենալու պահանջ համաձայնագրի տեքստում չկա), ԱԺ-ում էլ զբաղված են անհասկանալի է թե ինչով: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, փոխանակ ամաչի զինվորական պարտքը չկատարելու առնչությամբ, դեռ մի բան էլ ջանում է հանրությանը համոզել, որ դա իր համար սկզբունքային հարց էր... Գումարած դրան, զբաղված են ծամծմելով Գեղամյան-Փաշինյան կոնֆլիկտի բոլոր ասպեկտները, ինչ-որ հանձնաժողով են ստեղծում կամ չեն ստեղծում, խոսում են մանդատից զրկելուց եւ ոչ թե խորհրդարանական, այլ ոստիկանական այնպիսի կատեգորիաներից, ինչպիսին առերեսումներն են, ընդ որում, այդ` ղզիկաբույր գործընթացով զբաղված են գրեթե ամբողջ խմբակցությամբ: 
Համաձայնագրի հրապարակված տեքստով խանդավառություն չի երեւում եւ սաքունցազգիների համքարությունում, եւ տպավորություն է ստեղծվում, որ հեռանկարների փոխարեն դեռ մի բան էլ հաց ու կարագից են զրկվում: Փոխարենը որոշ քաղաքագետներ եւ հանրային գործիչներ Կիկոսի մահի վայ-վույն են կապել, թե չար ռուսները վերջին պահին խափանելու են ստորագրումը: Դրանցից ամենածայրահեղը, թերեւս, Ստեփան Գրիգորյանն է, որ ասում է` եթե չստորագրենք, ապա դուրս կթռնենք գլոբուսից: Իսկ, օրինակ, Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, վատաբանելով ԵԱՏՄ-ի շուկան եւ «ավտորիտար ռեժիմները», Թաթայի հայտնի երգի մոտիվներով, ենթադրություն է անում. «Շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով ֆորս-մաժոր կարող է լինել, բայց ոչ` ԵՄ-ի կողմից: Չենք կարող ասել` վերջին վայրկյանին ինչ կլինի, քանի որ ՌԴ-ն նախորդ պայմանագրի բանակցությունների ժամանակ էլ էր հանգիստ, բայց տեսանք` ինչ եղավ»: 
Այսինքն` եվրոպասիրաց ճամբարը կա՛մ չտեսնելու է տալիս համաձայնագրի մոտալուտ ստորագրումը, կա՛մ սարքում Կիկոսի մահվան պատմություն, քաղաքական ողբերգություն: Ի՞նչ է, մտավախություն ունեն, որ քաղաքական բուռն գործունեության իմիտացիայի հնարավորություննե՞րն են պակասելու, էլ չե՞ն կարողանալու հանդես գալ եվրոպական քաղաքակրթության քաջամարտիկների պատմուճանով: Երեւի թե, ինչ-որ բան են նախազգում, առավել եւս, որ բավականին լավատեսորեն թեմայի շուրջ արտահայտվում են իշխանության միանգամայն պաշտոնական ներկայացուցիչները` նախագահը, արտգործնախարարը, վարչապետը... 
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՌԱՀՎԻՐԱՆԵՐԸ
Երբեւէ տեսե՞լ եք, կամ պատկերացրե՞լ եք, որ արդարադատության նախարարը եւ նախարարությունը դառնան ընդդիմության մի հատվածի, ինչպես նաեւ գրանտալափաց դասի աչքի լույսը: Սովորաբար այդ նախարարությունը նրանց աչքի գրողն էր, եւ այդ գերատեսչությանը միշտ մեղադրում էին ժողովրդավարությունը ճնշելու, ազատությունները սահմանափակելու եւ այլ բաների համար: 
Իսկ հիմա գրկախառնվում են հետը, ծափ տալիս, եւ այդ ամենը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի շուրջ: Հակասահմանադրական դրույթներով հագեցած եւ ոստիկանության հատուկ ստեղծվելիք ստորաբաժանմանը ենթադրության հիման վրա ցանկացած ընտանիքի ներքին գործերին պատժիչ միջամտություն կատարելու լիազորությամբ օժտող այդ օրինագիծը, որի համեմատ խամրում են 1920-ական բոլշեւիկյան «հեղափոխական տրիբունալները» եւ 1930-ականների ստալինյան «եռյակները», անչափ ուրախացրել են սրանց: Եվ տեսնում ենք այսպիսի նոնսենս` ընդդիմադիրն ուրախանում է մի օրենքով, որը ոստիկանությանը տալիս է անսահման լծակներ այդ նույն ընդդիմադիրի ընտանիքի հերն անիծելու ցանկացած պահի, երբ այդ ընդդիմադիրը ինչ-որ բանով դուր չգա իշխանությանը: Հիմա ինչ, սադոմազոխիստական հակումներով ընդդիմությո՞ւն ունենք... 
Ո՛չ, այդ տարօրինակ համերաշխության հիմքը փողն է: ԵՄ-ի կողմից հատկացվող 12 միլիոն եվրո դրամաշնորհը, որը կրում է «բյուջետային օժանդակություն» անունը: Հենց խռթխռթան թղթադրամներն են միավորել իշխանավորին, ընդդիմադիրին եւ գրանտակեր ակտիվիստին: Ի՜նչ քաղաքական պայքար, ի՜նչ գաղափարախոսություն, ի՜նչ հանրահավաք կամ բարիկադ... Եթե իրերը կոչենք իրենց անուններով, դա կոռուպցիոն հանցագործություն է: Բա կոռուպցիան հո պոզով-պոչով չի, փողի դիմաց օրենք ստանալը կոռուպցիայի հենց դասական օրինակն է: Եվ դա հենց առանձնահատուկ խոշոր չափերով  կոռուպցիոն հանցագործություն է, ու այժմ իրար հետ գրկախառնվողների իսկական տեղը բանտն է: Եվ քանի որ այս կոնտինգենտը շատ է սիրում խոսել ընտանեկան «լատենտ բռնությունների» մասին, ամենեւին էլ չէր խանգարի, որպեսզի ազգային անվտանգության մարմինները քննեին` արդյո՞ք մեջները չկան հայրենիքի լատենտ դավաճաններ: 
Ի դեպ, որոշ շրջանակներ ենթադրում են, որ այս օրենքի եւ վրադիր էլ մի շարք ուրիշ ազգապիղծ օրենքների ընդունումը նախապայման են ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրմանը: Այդ վարկածը հաստատող կամ հերքող ապացույցներ չունենք, սակայն նման է, որ որոշ վերազգային կառույցներ ստվերային ճնշում գործադրում են` փորձելով պարտադրել, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումն ու վավերացումը: Այդ կոնվենցիան իրենից ներկայացնում է ազգի ու հայրենիքի, ընտանիքի, մշակույթի, կրոնի, սեռական պատկանելության գործնականում ամբողջական ժխտում, եւ հնարավոր է, որ «փող օրենքի դիմաց» կոռուպցիոն հանցագործությունը հենց դրա առաջխաղացման բաղկացուցիչ մասն է: 
Բայց արդյո՞ք ՀՀԿ-ն եւ իշխող կուսակցության առաջնորդ ՀՀ նախագահը մտադիր են երկար հանդուրժել այսպիսի տհաճ ստվերային խաղերը: Դատելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթից` ինչ-որ գործընթացներ ակնհայտորեն արագանալու են. «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն ՖԱՍՏ հապավումով: «Ֆաստ» նշանակում է «արագ», ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել եւ մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում»: Ավելին, երկրի ղեկավարը վստահ է. «Հայաստանն այսօր գտնվում է կարեւոր փոփոխությունների շրջափուլում: Քայլ առ քայլ, հետեւողականորեն մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները եւ արտաքին անբարենպաստ միջավայրի սահմանափակումները: Նույն հետեւողականությամբ բարեփոխում ենք մեր ներքին կյանքը` այն կազմակերպելով փոխադարձ հարգանքի, երկխոսության, հանդուրժողականության, համերաշխության եւ արդար սկզբունքների հիմքի վրա: Այս բոլոր գործընթացները հաջողությամբ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս ողջ երկրում դրական միջավայր ստեղծել եւ նոր հեռանկարներ բացել»: 
Այսինքն` Սերժ Սարգսյանը բոլորին հասկացնում է, որ սառնասրտորեն իրավիճակը պահելու է հսկողության տակ, ու հավատարիմ է մնալու իր` քաղաքական հմուտ շախմատիստի կոչմանը: 
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՄԵՆԱՌԻՍԿԱՅԻՆ ՊԱՀԸ
Իսկ մեր ինքնիշխանությանը սպառնացող ռիսկային 6-րդ հոդվածը, չգիտես ինչու չեն նկատում ոչ «հյուսիսի», ոչ էլ «արեւմուտքի» երկրպագուների մեծ մասը: Իսկ այն ռիսկային է, քանզի դրանով միանում ենք միջազգային քրեական դատարանին: Մեջբերում կատարենք. «Կողմերը համարում են, որ Միջազգային քրեական դատարանի ստեղծումը եւ դրա արդյունավետ գործունեությունը միջազգային խաղաղության եւ արդարադատության համար կարեւոր զարգացում է: Կողմերի նպատակը պետք է լինի խաղաղության եւ միջազգային արդարադատության խթանման հարցում համագործակցության ամրապնդումը` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը եւ դրան հարակից փաստաթղթերը վավերացնելու եւ կիրարկելու միջոցով, ինչպես նաեւ հաշվի առնելով դրանց իրավական եւ սահմանադրական շրջանակները»: 
Իսկ ի՞նչ է դա նշանակում` դա նշանակում է այնպիսի ռիսկ, որ ՀՀ որեւէ քաղաքացու (ամենայն հավանականությամբ, պետական, քաղաքական կամ հանրային գործչի) կարողանալու են քրեական պատասխանատվության ենթարկել` առանց Հայաստանի դատական իշխանության եւ բարձրագույն ղեկավարության համաձայնության: Այ, սա այն պահն է, որը կարող է թակարդի վերածվել, ու այդ ռիսկն արժանի է ամենահանգամանալից քննարկման: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА