ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խի՞, զապադլոյա՞ իմ հետ խմելը». Դիլիջանում տղամարդը սպանել է իր ծնունդը նշել չցանկացող հարևանին

20.10.2017 15:32 ՔՐԵԱԿԱՆ
«Խի՞, զապադլոյա՞ իմ հետ խմելը». Դիլիջանում տղամարդը սպանել է իր ծնունդը նշել չցանկացող հարևանին

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Վրեժ Հախվերդյանի գործի դատական քննությունը:

1981 թվականին ծնված Վրեժ Հախվերդյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության և ՀՀ պետական պահպանվող սահմանն ապօրինի հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Հաղարծին գյուղի բնակիչ Վրեժ Հախվերդյանը վարձակալությամբ բնակվել է Դիլիջան քաղաքում:

2009 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում նա գնացել է հարևանությամբ ապրող ատամնաբույժ Վալերիի տուն, որտեղ այդ պահին գտնվում էր նաև հարևան Գուրգենը:

Վրեժն ասել է, թե այդ օրն իր ծննդյան օրն է, նա Վալերիին, ապա և Գուրգենին հրավիրել է իր ծնունդը նշելու Դիլիջանի հուշարձանի մոտակայքում գտնվող տաղավարում:

Վալերին ու Գուրգենը մերժել են: Հատկապես նեղվելով Գուրգենի մերժումից՝ Վրեժը վիճել է նրա հետ: Քաշքշուկ է առաջացել, որի ժամանակ Վրեժը վերցրել է սեղանին դրված խոհանոցային դանակը, հարվածել է Գուրգենի կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսին ու դիմել է փախուստի:

Այնուհետև, հոկտեմբերի վերջին օրերին՝ ստույգ օրը հայտնի չէ, Վրեժ Հախվերդյանը ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը ու հեռացել է երկրից:

Նա գտնվել է Ռուսաստանում, որտեղ կատարել է թմրամիջոցների հետ կապված հանցավոր արարք և 2012 թվականի հոկտեմբերի 31-ին դատապարտվել է 3 տարի 8 ամիս ազատազրկման: Պատիժն ամբողջությամբ կրելով՝ Վրեժն ազատվել է 2016 թվականի հունվարի 15-ին, իսկ 2017 թվականի հունվարի 12-ին նա ռուսաստանյան իրավապահների կողմից հանձնվել է Հայաստանին՝ որպես դիտավորյալ սպանության մեղադրանքով հետախուզվող:

Առաջադրված մեղադրանքում Վրեժ Հախվերդյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ 2009 թվականին ինքը վարձակալությամբ ապրում էր Դիլիջանում: Հոկտեմբերի 25-ին՝ իր ծննդյան օրը, գնացել է հարևան ատամնաբույժ Վալերի տուն: Այնտեղ էր Վալերի հարևան Գուրգենը:

Ինքը Վալերին հրավիրել է իր ծնունդը նշելու: Գուրգենը վիրավորվել ու ասել է. «Արա՞, էդ ինձ չես կանչո՞ւմ ծնունդիդ»:

Ինքը նրան ասել է. «Ես քեզ համար «արա» չեմ»:

Գուրգենը բռունցքով խփել է իր դեմքին, ինքն ընկել է հատակին: Իրեն՝ ընկած վիճակում, հարվածներ են հասցրել Գուրգենն ու Վալերը: Ինքը զգացել է, որ մի սուր բան ծակեց ուսը: Այդ ժամանակ ինքը ծնկաչոք վիճակում էր: Գուրգենն իր աջ կողմում էր, Վալերը՝ հետևի կողմում:

Ինքը Վալերին հարցրել է. «Էս դո՞ւ ինձ խփեցիր»: Նա պատասխանել է՝ չէ: Դրանից ինքը ենթադրել է, որ Գուրգենն էր հարվածողը: Տեղից ձեռքը բարձրացրել, սեղանից վերցրել է ինչ-որ առարկա ու ասել է. «Արա՛, հեռու մնացեք»: Նույնիսկ չի կարող ասել՝ ինչ առարկա էր վերցրել՝ դանա՞կ էր, պատառաքա՞ղ, թե՞ ուրիշ բան էր: Այդ առարկայով խփել է Գուրգենին, որ ազատվի նրա հարվածներից: Ազատվել ու անմիջապես հեռացել է: Գնացել է իր վարձակալած բնակարան, մի տասնհինգ րոպեում հավաքել է իրերը, գնացել է Հաղարծին:

Իր ծանոթ Յաշայի տուն է մտել, խնդրել է մշակել ուսի վնասվածքը ու վիրակապել: Դրանից հետո հեռացել է Յաշայի տանից, հեռացել է Հայաստանից: Մոտ մեկ ամիս հետո է իմացել, որ Գուրգենը մահացել է: Ինքը չի պատկերացրել, որ իր հարվածից Գուրգենը կմահանար, չի ցանկացել նրան սպանել, իր կատարածը դիտավորյալ սպանություն չի եղել: Ինքն ընդամենը փորձում էր պաշտպանվել:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գուրգենի կինը, հայտնել է, որ դեպքի օրվա երեկոյան ամուսինը տանից դուրս է եկել՝ ասելով, թե գնում է հարևան ատամնաբույժ Վալերի տուն՝ սուրճ խմելու: Որոշ ժամանակ հետո ամուսինը տուն է եկել ամբողջովին արյունլվա, կուրծքը բռնած: Ինքը շտապօգնություն է կանչել ու փորձել է սավանի օգնությամբ արյունահոսությունը դադարեցնել:

Մինչև շտապօգնության ժամանելը ամուսինն իրեն ասել է, որ դանակահարվել է հարևան բնակարանում վարձով ապրող Վրեժի կողմից: Ամուսինն ասել է, թե Վրեժը Վալերին ու իրեն հրավիրել է ծնունդը նշելու, ինքը մերժել է, նա էլ հայհոյել է իրեն:

Գուրգենը զգուշացրել է, որ Վրեժն ուրիշի օջախում չհայհոյի, ու հարվածել է նրա քթին: Առաջարկել է դուրս գալ, դրսում խոսել: Դուրս գալու ժամանակ Գուրգենը մի պահ շրջվել է, այդ ժամանակ Վրեժը նրա կրծքավանդակին դանակով հարվածել ու փախել է: Գուգենն արյունահոսելով մի կերպ տուն է հասել:

Ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացել է: Գործով ականատես վկա Վալերին դատաքննության ժամանակ արդեն ողջ չէր: Դատարանը հրապարակել ու հետազոտել է Վալերիի նախաքննական ցուցմունքները:

Նա հայտնել է, որ հարևան Գուրգենին ճանաչել է մոտ 15 տարի: Լավ հարաբերությունների մեջ են եղել: Ինքը միայնակ է ապրել, Գուրգենն ընտանիք ուներ՝ կին, երկու անչափահաս երեխա: Նա հաճախ էր գալիս իր տուն, հարևանություն էին անում:

Դեպքի օրը Գուրգենը իր տուն էր եկել երեկոյան: Ժամը 20-ի սահմաններում եկել է նաև հարևան բնակարանում վարձով ապրող Վրեժն ու իրեն հրավիրել է ծնունդը նշելու հուշարձանի մոտի տաղավարում: Ինքն ասել է, թե դիետա է պահում, չի կարող մասնակցել ծնունդի, քանի որ ո՛չ ուտելու է, ո՛չ՝ խմելու:

Վրեժը գնացել ու քիչ անց նորից է եկել իր տուն: Նա խմած էր, բայց անկառավարելի չէր: Ինքն ու Գուրգենը սուրճ էին խմում: Վրեժը դարձյալ իրեն հրավիրել է ծնունդը նշելու, այս անգամ՝ վարձակալած բնակարանում, նա ասել է, թե ցանկություն ունի իր հետ ծնունդը նշելու: Երբ ինքը նորից մերժել է, Վրեժը մտածել է, թե Գուրգենի պատճառով է ինքը մերժում, Գուրգենին էլ է հրավիրել: Գուրգենը պատասխանել է, թե չի ուզում նրա նմանի հետ խմել: Վրեժն ասել է. «Խի՞, զապադլոյա՞ իմ հետ խմելը»: Գուրգենն էլ ասել է՝ հա:

Այս խոսքից հետո նրանք վիճել են, քաշքշել են իրար: Գուրգենը բռունցքով խփել է Վրեժի քթին, արյուն է եկել: Վրեժը ձեռքերով պահել է դեմքը, առաջարկել է դուրս գալ՝ դրսում խոսել, ասել է, թե չի ուզում տունը «հարամել»:

Նրանք հայհոյանքներով գնացել են դեպի մուտք: Ինքը վախեցել, նստել է բազմոցին ու առաջ չի գնացել: Թե ինչ է կատարվել մուտքի դռան մոտ, ինքը չգիտի, չի տեսել հարվածի պահը, բայց դրանից հետո Վրեժը մտել է սենյակ՝ արյունոտ ձեռքերով ու երեսով…

Ինքը նրա վրա զայրացել ու դուրս է հրավիրել իր տանից: Թե ուր էր գնացել Գուրգենը, ինքը չի տեսել, քանի որ նստած տեղից չի շարժվել:

Վրեժի հեռանալուց հետո աղմուկ է լսել, գնացել է Գուրգենի տուն, տեսել է, որ նա, վնասվածք ստացած վիճակում, պառկած է բազմոցին, շտապօգնություն է եկել: Գուրգենին տարել են հիվանդանոց, ինքն էլ հարևանների հետ է գնացել հիվանդանոց, բայց այնտեղ Գուրգենը 

մահացել է: Երբ ինքը տուն է վերադարձել, նկատել է, որ տանից բացակայում է իր խոհանոցային դանակը, որը դրված էր սեղանին: Իր կարծիքով՝ Վրեժն այդ դանակով է խփել Գուրգենին…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Վրեժ Հախվերդյանը դիտավորյալ է սպանել տուժող Գուրգենին: ՀՀ սահմանը ապօրինի հատելու մեղադրանքը դատարանը կարճել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, Վրեժ Հախվերդյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Քանի որ դիլիջանյան հանցագործությունը Վրեժը կատարել էր մինչև Ռուսաստանում դատվելը, դատարանը սպանության համար նշանակված պատժին մասնակիորեն գումարել է ռուսաստանյան պատժից 2 տարի ազատազրկումը և Վրեժ Հախվերդյանին դատապարտել է 9 տարի ազատազրկման: Այս պատժից էլ հանվել է Ռուսաստանում կրած ամբողջ պատժաժամկետը՝ 3 տարի 8 ամիսը, և որպես Վրեժ Հախվերդյանի վերջնական պատիժ սահմանվել է 5 տարի 4 ամիս ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 15-ից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА