ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատեհ պատմական առիթ` կրկին քաղաքակրթությունների խաչմերուկ դառնալու

18.10.2017 23:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պատեհ պատմական առիթ` կրկին քաղաքակրթությունների խաչմերուկ դառնալու

Կարծես թե, Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններն ավարտվեցին քաղաքական ապահարզանով, որից հետ չի ուզում մնալ նաեւ Ադրբեջանը: Թուրքիայի նախագահ Էրդողանի ԵՄ-ի հետ հարաբերությունների կասեցման վերաբերյալ դիրքորոշումից հետո` հիմա էլ Ադրբեջանի նախագահ Ալիեւն է սրտնեղած ակնարկում Եվրոպայի խորհրդի կազմից դուրս գալու մասին: Սակայն, դեռ հարց է, թե ով է ումից փորձում ազատվել: Իսկ այս ֆոնին օր օրի ավելի է խորանում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Այս, ինչպես նաեւ երեկ տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ»

Պարոն Մանասյան, կարելի՞ է ասել, որ Եվրամիության եւ Ադրբեջանի հարաբերությունները նույնպիսի վախճան կունենան, ինչպես եղավ Թուրքիայի դեպքում:

– Շատերն ասում են, թե Եվրոպական խորհուրդը կդնի Ադրբեջանի հարցը եւ կհանի նրան, բայց Եվրոպան այդպես չի վարվում: Իմ կարծիքով` ավելի շուտ սկսում է մի երկար գործընթաց, որի ընթացքում փորձում են փոխել երկիրը, ինչպես, օրինակ, կատարվում է Թուրքիայի հետ: Ի վերջո, Եվրոպան հասկացել է, թե ում հետ գործ ունի, եւ վերջին բացահայտումները` կապված ադրբեջանական «լվացքատան», մարդու իրավունքների շարունակական խախտումների հետ, եվրոպացիներին հուշել է, որ այլեւս հին տարբերակով, որպես անդամ, հանդուրժել Ադրբեջանին Եվրոպայի խորհրդի կազմում չի կարող: Ուստի` Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկվում են դաստիարակչական մեթոդներ: Այս պարագայում այլեւս Ադրբեջանը ոչ թե կներկայանա մի երկիր, որը բարձր ձայնով, որպես ժողովրդավարական երկիր, Հայաստանին մեղադրում էր ագրեսիայի մեջ, այլ մի երկիր, որը պետք է դեռ ապացուցի, որ ինքն արժանի է Եվրոպայի խորհրդի անդամ լինելու: Սա բոլորովին ուրիշ իրավիճակ է, եւ այս իմաստով` Ադրբեջանը եւ Թուրքիան դառնում են նույնական պետություն, որոնց քաղաքական վարքը, աշխարհայացքը, մոտեցումները աշխարհն` ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել:

«ԵՎՐՈՊԱՆ ՀԱՄԱԿՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Ի հակադրություն վերոնշյալի, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են սերտանում: Ի՞նչ կարելի է ակնկալել դրանից:

– Եվրամիությունն, ինչպես գիտեք, շուտով, ամենայն հավանականությամբ` Հայաստանի հետ կկնքի համաձայնագիր, որի գլխավոր բովանդակությունն այն է, որ Եվրոպան համակրում է Հայաստանին եւ ընկալում որպես եվրոպական քաղաքակրթական արժեքներին բավարարող պետություն: Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ նույն ուղերձները ստանում ենք նաեւ Միացյալ Նահանգներից, ընդ որում` այն օրերին, երբ Հայաստանում ընթանում էր ՀԱՊԿ զորավարժությունները: Ամերիկացի գեներալն ասում էր, թե մենք խորացնում ենք ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ եւ ռուսական զորքերը այդ հարցում մեզ չեն խանգարում: Մինչդեռ Ադրբեջանի ստացած ուղերձները նույն աղբյուրներից հակառակ բովանդակությունն ունեն: Ավելին` ոչ միայն Եվրոպան եւ ԱՄՆ-ն, այլեւ հենց երեկ Չինաստանի արտգործնախարարության անունից հայտարարություն տարածվեց, որ Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքական առաջնային պետությունների շարքում է: Հետեւաբար, մեր գլխավոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի գիտակցված, հետեւողական,  գիտականորեն մշակված քաղաքականության առաջ տանելը, քանի որ բոլոր օբյեկտիվ պայմանները կան, որպեսզի Հայաստանը դառնա գլոբալ քաղաքական երկխոսության դաշտ: Այդպիսի դաշտ կարող է լինել չեզոք պետությունը, իսկ Հայաստանը ե՛ւ ԵՏՄ-ի անդամ է, ե՛ւ Եվրոպան մեզ ընդունելով` բավականաչափ հետաքրքիր քայլ է կատարում, ինչը թույլ է տալիս ասելու, որ կարող ենք դառնալ այդ գլոբալ քաղաքական երկխոսության հարթակը: Աննախադեպ մի իրավիճակ է ստեղծվել. կան չեզոք պետություններ, որոնք ո՛չ Եվրոպա են, ո՛չ էլ ԵՏՄ անդամ, եւ չեզոք են համարվում, իսկ մերն ակտիվ չեզոքություն է ստացվում: Այնպես որ, պատեհ պատմական առիթ է կրկին դառնալու քաղաքակրթությունների խաչմերուկ Արեւմուտքի եւ Արելքի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ: Համաշխարհային  քաղաքական իրադրությունը պահանջում է այդպիսի մի դաշտ, եւ մենք ամենահարմարն ենք:

«ՉՊԵՏՔ Է ԱՅՆՊԵՍ ԱՆԵՆՔ, ՈՐ ԴԱՌՆԱՆՔ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՏԱՆԴԸ»

Այդուհանդերձ, ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի հրապարակված ոչ պաշտոնական փաստաթղթում կան կետեր, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Օրինակ, ատոմակայանը կորցնելու ռեալ սպառնալիք կա, միջազգային քրեական դատարանին մեր ատյանները ստորադասելու միտում: Դուք ականներ տեսնո՞ւմ եք այս համաձայնագրում:

– Բոլոր այն կառույցները, որոնք Եվրոպան ունի ժողովրդավարության տարածման, ժողովրդավարական ալիք տարածելու առումով` նախատեսված աշխարհագրորեն Եվրոպայի մեջ չմտնող երկրների համար, նաեւ կախման մեջ դնող կառույցներ են` մարդու իրավունքների, դատարանի եւ այլ անվանումների տակ: Մենք այս գիտակցությամբ պետք է կառուցենք մեր համագործակցությունը, դուրս գանք եւ բողոքենք կամ քայլեր ձեռնարկենք: Իսկ ականներ բոլոր պայմանագրերում լինում են, բայց դրանք քաղաքական ընթացիկ հարցեր են: Ամեն դեպքում, երբ այս համաձայնագիրը դնենք քաղաքական նժարներին, ապա պետք է փաստենք,  որ կասկած չկա` մեծ հաշվով այն մեր օգտին է: Բայց, իհարկե, չպետք է այնպես անենք, որ դառնանք այդ համաձայնագրի պատանդը:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՇՏԱՊԵԼ ՊԵՏՔ ՉԷ»

Այս համատեքստում ի՞նչ կարելի է սպասել երեկ Ժնեւում տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից՝ որպես արդյունք:

– Ըստ իս, Իլհամ Ալիեւը, չնայած շատ դժվար հասկացող է, բայց զգում է, որ աջից ու ձախից Ադրբեջանին ուղղված ուղերձները շատ են եւ, իհարկե, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ գիտակցում է այդ ամենը: Եվ թվում է, թե քաղաքական պահը հարմար է օգտագործել եւ բացահայտ գրոհների անցնել Արցախի հիմնախնդրի հարցում: Սակայն, կարծում եմ` շտապել պետք չէ, եւ պետք է վարվենք այնպես, ինչպես Եվրոպան է վարվում այսպիսի դեպքերում: Այսինքն` հետեւողականորեն քայլ առ քայլ, մեր պարագայում` բառ առ բառ ամրապնդելով մեր դիրքերը:

Սովորաբար, նախագահների հանդիպմանը հաջորդում է սահմանային լարվածություն կամ հարաբերական անդորր: Այս անգամ ինչի՞ ականատես կլինենք:

– Շատ բան կախված է հենց Ալիեւից: Այս փոփոխվող, բեկումնային իրավիճակում, թե Ադրբեջանն ինչ քաղաքական վարք կցուցաբերի, դժվար է ասել: Եթե վախեցան եւ հասկացան, որ հետեւանքները լուրջ են, իրենց հանգիստ կպահեն: Բայց կարող է եւ թքած ունեն Եվրոպայի վրա էլ, մի քիչ դժվար է ասել, բայց նաեւ Ռուսաստանի վրա էլ, այդ դեպքում կգնան նոր սադրանքների: Այնպես որ, միանշանակ պատասխան այս հարցը չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА