ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԹՈՒՅԼ ՏԱԼԻ՞Ս Է ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ-2

18.10.2017 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԹՈՒՅԼ ՏԱԼԻ՞Ս Է ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ-2

«Իրավունքն» անդրադարձել էր Եվրամիության հետ նոր համաձայնագրում տեղ գտած դրույթներից մեկին, որը վերաբերում է Մեծամորի ատոմակայանին: Տվյալ կետը ձեւակերպված է այսպես. «Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը` հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»:
Ինչ է իրենից ենթադրում «նոր հզորություն» ասվածը, նոր ատոմակայա՞ն, թե ԵՄ-ն կարող է երկու ոտքը մի մաշիկի մեջ դնել ու հայտարարել, թե Հայաստանը պարտավորվել է ատոմակայանը փակել, իսկ «նոր հզորությունը»գործող բլոկին համարժեք այլընտրանքային էներգառեսուրսն է: Փորձել էինք հարցադրման հետ կապված հստակ պարզաբանում ստանալ Էներգետիկայի նախարարությունից, սակայն ամբողջական բացատրություն չեղավ: Ուստիեւ՝ դիմեցինք օրենսդիրին՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ¥որը նաեւ էներգետիկ հարցերն է համակարգում¤ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ով մեզ հետ զրույցում վերոհիշյալ հարցի հետ կապված այս պարզաբանումը տվեց.
- Կառավարությունը որդեգրել է հետեւյալ քաղաքականությունը` գործող ատոմակայանի անվտանգ շահագործման ռեսուրսը երկարացնել այնքան ժամանակ, որպեսզի մենք տվյալ ժամանակահատվածում հնարավորություն ունենանք նախագծել եւ կառուցել նոր ատոմային ռեակտոր: Տեսե՛ք, չեմ ասում նոր ատոմակայան` դրանք տարբեր բաներ են: Խոսքը գնում է այն մասին, որ գործողի հիման վրա կառուցենք եւ շահագործենք նոր ատոմային ռեակտոր: Ռուսաստանի Դաշնության կառավարության համագործակցությամբ եւ նրանց աջակցությամբ արդեն պայմանավորվածություն ունենք` այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք կապահովեն մինչեւ 2026թ.-ը գործող ատոմակայանի ռեակտորի անվտանգ շահագործումը: Ընդ որում, այս ծրագիրը համաձայնեցված է միջազգային կառույցների հետ, այդ թվում` ՄԱԳԱՏԵ-ի: Վերջինս բազմաթիվ անգամ արձանագրել է հայկական մասնագետների` այս ոլորտում բացառիկ որակյալ գործունեությանը: Այսինքն` միջազգային հարթակում որեւէ տեսակի մտահոգություն անվտանգության տեսանկյունից չի առաջանում: Հետեւաբար, մինչեւ 2026 թվականը ատոմային էներգիայի խնդիրը կարող ենք համարել կարգավորված. սրա վերաբերյալ անհրաժեշտ որոշումները կան, եւ համաձայնագրերը կնքված են: 
Միջազգային հանրությունը ակնհայտորեն ընդունում է մի հանգամանք` Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չի կարելի պատկերացնել առանց ատոմային էներգետիկայի, սա է ամբողջ իմաստը: Որովհետեւ ատոմային էներգիան մեր երկրի համար, որը մեծ մասով ռեսուրսներ ներկրող է, էներգետիկ համակարգի ե՛ւ անվտանգության, ե՛ւ կայունության երաշխիքն է:  Ըստ էության, Հայաստանը ատոմային էներգետիկ կարողություններով հանդերձ, կարող է դառնալ տարածաշրջանային էներգետիկ համակարգի բաղկացուցիչ մաս: Այս իրողությունը ընդունում են նաեւ Եվրամիության մեր գործընկերները:

Նկատենք, որ էլի չկա հարցի հստակ պատասխանը՝ 2026թ.-ից հետո կունենա՞նք ատոմակայան: Ավելին, ըստ պարոն Հարությունյանի, պետք է «գործողի հիման վրա կառուցենք եւ շահագործենք նոր ատոմային ռեակտոր»: Բայց չէ՞ որ ԵՄ-ի հետ պայմանագիրն էլ նախատեսում է, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը պետք է փակել ու անվտանգ ապագործարկել: Ավելին, որ այդ առումով ճանապարհային քարտեզը կամ գործողությունների պլանը պետք է ընդունել վաղաժամկետ, ենթադրաբար՝ մինչեւ 2026թ.-ը: Եվ եթե պետք է ատոմակայանը փակենք, այդ ինչպե՞ս ենք նույն բազայի հիման վրա նոր ռեակտոր կառուցում, ինչպես որ ասում է պարոն Հարությունյանը:
Մի խոսքով, քանի գնում, մտահոգություններն ավելանում են:
Չնայած մյուս կողմից էլ, նայելով ներկայիս եվրոպական գործընթացներին, հարց է, թե 2026թ.-ին ԵՄ-ն կլինի՞, որ մի բան էլ մտածենք նրա առջեւ ստանձնած պարտավորությունների մասին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА