ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուք ինչ-որ բստրած բաներ եք ասում»

18.10.2017 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Դուք ինչ-որ բստրած բաներ եք ասում»

«Ընտանեկան բռնության» օրենքի նախագծի լսումներին ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր խոսքը սկսեց նրանով, որ անգամ մեր երկրի իրավաբանները չեն հասկանում այս օրենքը, էլ ուր մնաց` մնացածը: «Այս օրինագծի համար կան տարբեր գրանտներ` շպրտված եւ կան մարդիկ, ովքեր իբր պաշտպանում են այն: Ես երկար տարիներ է, ինչ գտնվում եմ ԱԺ-ում եւ գիտեմ, թե ինչպես են առհասարակ խաբում դիմացինին»: Այնուհետ դիմելով հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին` ասաց, որ ընտանիքը հայերի համար եղել է առաջնահերթ, եւ արդյո՞ք հնարավոր չէր ընտանեկան օրենսգրքով լուծել վեր հանված խնդիրները, եւ ինչո՞ւ պետք է պարտադիր նոր օրենք լինի, կամ պարտադրանք. «Այստեղ գրված են բաներ, որոնք ես չեմ հասկանում, դուք ինչ-որ բստրած բաներ եք ասում` տնտեսական, հոգեբանական բռնություն, սրանք ի՞նչ բռնություններ են»: Ինչ խոսք, պարոն փոխնախարարը չկարողացավ առավել հստակ պատասխանել եւ միայն խոսում էր չինովնիկական լեզվով` նշելով, որ օրենքում ամեն բան ներկայացված է. «Կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, հրատապ են, որովհետեւ այս գործընթացը 2014 թվականից սկսել է եւ հասել է իր տրամաբանական հանգրվանին»: Այնուհետ փոխնախարարը իր խոսքում հակադրություններ թույլ տվեց. «Ինչ վերաբերում է Հայաստանին ինչ-որ բան պարտադրելուն, ապա գիտեք, որ շատ հեշտ գործ չէ ՀՀ-ին ինչ-որ բան պարտադրելը, սակայն մենք ունենք միջազգային պարտավորություններ, եւ, այո, մենք ՄԱԿ-ի շրջանակներում համապատասխան պարտավորություններ եւ հանձնարարականներ ունենք, որոնք ստանձնել ենք կամովի եւ պետք է կատարենք»: 
Ինչ վերաբերում է դրսից ստացած հերթական գրանտին, ապա պարոն փոխնախարարը բնականաբար չհերքեց. «Այո, դա գաղտնիք չէ, որ համապատասխան այս օրենքի ընդունումը նախատեսված է Եվրամիության հետ բյուջետային աջակցության ծրագրով: Այստեղ պետք է  գիտակցել նմանատիպ ծրագրերի իմաստն ու բովանդակությունը»: Տեսնես փոխնախարարը արդյո՞ք ամբողջ խորությամբ գիտակցում է համապատասխան օրենքի բովանդակությունը, թերեւս կասկածելի է: Եվ ի՞նչ է նշանակում` ունենք պարտավորություններ, մի՞թե չի կարելի այդ միջազգային պարտավորություններից տարանջատել, որն է մեր երկրի, ժողովրդի եւ պետականության ամրապնդմանն անհրաժեշտ, եւ որը` ոչ: 
Հակադարձելով փոխնախարարին` ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ հնարավոր է մեր երկրին պարտադրանքը սկսված լինի հենց 2014 թվականից, հիմա մենք նոր հասել ենք դրա կատարմանը. «Երկիրն ունի բազում խնդիրներ, եւ առաջինը` սոցիալական, դրանք թողած` հայկական ընտանիքներով ենք հուզված: Իսկ ինչո՞ւ նրանք չեն ուզում այդ ֆինանսները բաշխել այնպես, որոնք մեզ համար ավելի խոցելի են` սոցիալական, աղքատության, աշխատատեղերի բացման հարցերը, եւ դրան ի հակառակ` եկել եւ կպնում են ամենաամուր տեղին` ընտանիքին, որի արդյունավետությունը մենք կարող ենք բարձրացնել այլ ինստիտուտների միջոցով»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА