ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱԼԼԱԴ ԱՊՏԱԿԻ ՄԱՍԻՆ

18.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱԼԼԱԴ ԱՊՏԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջե՛ք, հասել ենք: Բարձրաստիճան հոգեւորականը ոչ միայն ընդունելի է համարում ընտանիքի ներքին գործերին անսահմանափակ միջամտություն ապահովող «Ընտանեկան բռնության մասին» օրենսդրական փաթեթը, ինչն ինքնին դեմ է քրիստոնեական դոկտրինին, այլեւ նորմալ է համարում, որպեսզի աշխարհիկ իշխանությունն ընդունի «քրիստոնեական ընտանիքի հետ կապ չունեցող» օրենսդրական ակտեր: 

ԵՐԲ ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲՈՒՆՔ Է

Խոսքը, ինչպես արդեն ընթերցողը կռահեց, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մասին է: Եթե Մատենադարանում տեղի ունեցած լսումներից իր «կողմ եմ, բայց» դիրքորոշմամբ հարգարժան հոգեւորականը ստանձնել էր գործնականում Արդարադատության նախարարության ոչ պաշտոնական խոսնակի դերը, ապա ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին նա գնաց ավելի հեռուն` վկայակոչելով, որ վաղուց ընդունված են քրիստոնեական ընտանիքին անհարիր այնպիսի կատեգորիաներ, ինչպիսին են ապահարզանը, աբորտները, եւ այդ նույն «ինչու ոչ» մոտեցումով արտահայտվեց եւ հակաընտանեկան օրենքի մասին: 
Ինչ վերաբերում է ապահարզաններին, ապա եպիսկոպոսը մոռանում է, որ ապահարզանը նախատեսված էր որպես բացառիկ միջոց դեռ Մխիթար Գոշի «Դատաստանագրքում», որը ոչ այլ ինչ էր, քան հազարամյակներ գոյություն ունեցող Միհր Արտավազդի օրենքի` քրիստոնեական դավանանքին հարմարեցված տարբերակը: Ինչ վերաբերում է աբորտներին եւ այլ երեւույթներին, ապա բարձրաստիճան հոգեւորականը թերեւս մոռանում է, որ անկախ աշխարհիկ իշխանության ունեցած դրդապատճառներից, հոգեւոր դասի պարտականության մեջ է մտնում այդպիսի երեւույթների դեմ ընդվզելը: Եթե իհարկե, դա Կարլ Մարքսի վկայակոչած այն տարբերակը չէ, որ ուսմունքի տասը տոկոսից կհրաժարվեն, բայց հասույթների տասը տոկոսից` երբեք... 
Ինչեւէ, առավել արտառոց էին դատողությունները` եվրաինտեգրման մասին, ինչը բացարձակապես քաղաքական հարթության հարց է, ուր հոգեւոր դասը պետք է, որ իր առաքելությունից ելնելով` ընդհանրապես չմտներ: Սակայն ունկնդրեցինք դատողություններ, որ եթե եվրաինտեգրումը որպես այդպիսին ընդունում ենք, ապա ուրեմն` համապատասխան օրենքները նույնպես պետք է ընդունենք: Ու ճիշտն ասած, չենք էլ ուզում պատկերացնել, թե այդ քաղաքականացված դատողություններով ինչքանով հեռու կարող է գնալ հոգեւոր դասի ներկայացուցիչը: 
Բայց նաեւ հռետորական մի հարց` այդպիսի բարձրաստիճան հոգեւորականի նմանօրինակ կարծիքը առաջին անգամ չէ, որ հնչել է, այն հնչել է նաեւ օրեր առաջ, բայց մինչ օրս հանրությանը չեն տեղեկացրել` դա անձնակա՞ն կարծիք է, թե՞ արտահայտում է Մայր Աթոռի դիրքորոշումը: Իսկ այդ հարցի պատասխանը կարեւորագույն նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների շուրջ 90 տոկոսի համար:

«ԱՊՏԱԿՈՎ ՍՆՎԵԼԸ» ՕՐԻՆԱԿԱ՞Ն, ԹԵ` ԱՊՕՐԻՆԻ

Հայրական ապտակների թեմայով նոր չէ, որ մտահոգություն հայտնողներ են եղել, թե դա կարող է դիտարկվել որպես ընտանեկան բռնություն ու հանգեցնել հետեւանքների: Սակայն հարցով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը քանիցս գրեթե երդումնախառը հավաստիացրեց, որ դա ընտանեկան բռնություն չի դիտարկվում ու չի կարող դիտարկվել: Բայց եթե հետեւում ենք օրենսդրական փաթեթի չոր տեքստին, ապա, ըստ ձեւակերպումների, դա միանշանակ համարվում է ընտանեկան բռնություն: Այսինքն` սույն պետական պաշտոնյան, ըստ էության, փափուկ բարձ դնելով է զբաղված, միայն թե նախաձեռնության նկատմամբ հանրային դիմադրությունը պակասի: Ի դեպ, հարգարժան եպիսկոպոսն էլ հայրական ապտակների, ծեծի եւ խրատի վերաբերյալ սուրբգրյան հիշատակումներ կատարեց` վկայակոչելով, որ գրաբարում «խրատել» նշանակում է հենց ծեծելը, բայց դրանից ի՞նչ փույթ: Չէ՞ որ նախագծի ձեւակերպումներով դա միանշանակ համարվում է միջամտության պատճառ: 
Հիմա քննարկումների արդյունքում ով ում «ապտակեց» կամ «խրատեց»` չգիտենք, բայց չենք կարող չարձանագրել Արդարադատության նախարարության ձգտումը` դիմել ցանկացած մանիպուլյացիայի, միայն թե անցկացնել նախագիծն այն տեսքով, որը կա: Եվ փույթ չէ, որ նախագիծը հակասահմանադրական դրույթների իսկական հավաքածու է, որոնց օրինակներ ներկայացրին լսումների մասնակից ինչպես պատգամավորները, այնպես էլ հանրության ներկայացուցիչները: Այդտեղ հատկանշական է, որ գործնականում անսահման կամայականություն արտոնող ենթադրության կատեգորիան, որը նախագծում առկա է 48 անգամ, փոխնախարարի կողմից մեկնաբանվում է որպես «անմեղության կանխավարկածի» պաշտպանության ձեւ, թեեւ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողն էլ կասի, որ դա վերաբերում է քրեական հանցանքներին, որոնցից, իբր թե, շատ հեռու է սույն նախագիծը: Բայց երեւում է ինչ-որ առանձնահատուկ շահ կա, որ իրավագիտության լավագույն դասախոսներից մեկը համարվող փոխնախարարը այդ աստիճանի խոցելի բաներ է հնչեցնում: 
Դե, գրանտային շահը կա: Կա նաեւ ոչնչով չսահմանափակ լիազորություններով օժտված նոր օղակների ստեղծման պահը, որ ցանկացած ընտանիքի հետ կարող են անել, ինչ ուզում են, հետեւաբար սեփական դուռը դրանց չգալու համար «փող ֆռացողների» պակաս հաստատ չի դիտվի: Բայց նաեւ հարց է ծագում` հանուն ինչի՞ էր պետք այժմ ասպարեզ բերել մի նախագիծ, որը հղի է ինչպես հսկայական կոռուպցիոն ռիսկերով եւ հանրային մեծ լարվածությամբ, այնպես էլ պարունակում է արյունոտ հանցագործությունների աճի հսկայական ներուժ... 

ՉԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թեեւ փոխնախարար Վիգեն Քոչարյանը ծաղրանքով էր արտահայտվում արտաքին ուժերի ցանկացած դավադիր նպատակների հիշատակմանը` ասելով, որ դավադրության դեպքում բաց քննարկում չէր լինի, այնուամենայնիվ, այս ամենում ստվերային մեծ շերտ կա: Եվ ոչ միայն կոնկրետ խմբավորումների կոնկրետ նյութական շահի տեսքով: 
Հաճախ է ընդունված ասել, որ դա ԵՄ առջեւ պարտավորությունների բաղկացուցիչ մաս է, բայց տեղին էր Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցադրումը` արդյո՞ք ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստն ուղղակի ձեւով պարունակում է այդպիսի պարտավորություն: Բնականաբար, այդպիսի բան չկա ոչ անգլերեն բնագրում, ոչ էլ հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունում: Այդ դեպքում հարց է ծագում, իսկ արդյո՞ք ստվերային նպատակը հենց հանրությանը լարվածության մեջ պահելը չէ (նպատակ-մինիմում), իսկ եթե հաջողվի` այդպիսի զգայուն թեմայի շուրջ արդեն «ամբոխները խելագարված» փողոց հանելը: Իսկ մեր զանգվածների օգնությամբ միանգամայն լուծելի խնդիր է` ուղղորդել այնպիսի գործընթացը, ինչպիսին է 2018-ի ապրիլյան սահմանադրական անցումից հետո վերնախավի նոր կոնֆիգուրացիայի ձեւավորումը: 
Ինչեւէ, Սոչիում Սերժ Սարգսյանի կողմից` ընտանեկան արժեքների մասին ռուսների առաջարկած բանաձեւին զորակցելու մասին հայտարարությունը ինչ-որ բան հուշում է: Հուշում է, որ որոշակի պահի կարող է հնչել «սիրուն չի» հռչակավոր բանաձեւը: Իսկ մինչ այդ դեռ քանի-քանի չինովնիկ սեփական վարկանիշը հողին կհավասարեցնի այդ անհեթեթ ու ակնհայտորեն ազգավնաս փաթեթի պաշտպանության գործում: Բայց ոմանք, թերեւս, դա հասկանում են, բայց գործընթացից դուրս գալ չեն կարող, ոմանք էլ սեփական քթից այն կողմ չեն տեսնում: Ոմանց էլ թվում է, որ  «ճիշտ ժամանակին» այդ զազրելի նախաձեռնությունը ողջունելով` սեփական կարիերիայի աստեղային ժամն են ապահովում: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА