ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նման օրենքը կդառնա մահակ ընտանիքների գլխին»

17.10.2017 20:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նման օրենքը կդառնա մահակ ընտանիքների գլխին»

Վերջին շրջանում ակտիվորեն պրոպագանդվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Թե ինչ հիմնավորումներ են այս գաղափարի տակ փորձում դնել դրա կողմնակիցները, հայտնի է. տարիներով ընտանիքներում կանայք եւ երեխաները դրսից չերեւացող բռնությունների են ենթարկվում, վախենում են բարձրաձայնել, եւ այդ ամենը պետք է կանխել: 
Բայց առաջին հայացքից էլ ակնհայտ է, որ բերվում են առնվազն հորինված հիմնավորումներ: Նախ՝ բռնությունը, անկախ նրանից՝ ընտանիքում է, թե՝ դրսում, մեր գործող օրենսդրությամբ արդեն իսկ պատժելի է: Հաջորդը. ի տարբերություն Արեւմուտքի, որին փորձում են ընդօրինակել, Հայաստանում ընտանիքը, մայրը, կինը, երեխան մինչեւ իսկ սրբացվում են: Եվ եթե, օրինակ, հայրը երեխային մի երկու ապտակ է տալիս, դա բացառապես նրան սխալներից հետ պահելու համար, երբ այլ տարբերակ չի մնում: Ճիշտ է, կան նաեւ այս ընդհանուր կանոններից դուրս ընտանիքներ, որտեղ, իրոք, բռնությունը անգամ ամենօրյա ռեժիմով է: Բայց ո՞վ ասաց, որ նման աննորմալներ նաեւ Արեւմուտքում չկան: Կամ, եթե «Քրեական օրենսգիրքը» նմաններին չի կանգնեցնում, այդ ինչո՞ւ պետք է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը կանգնեցնի:Վերջապես, եթե բռնության ենթարկվողները բռնացողին քրեական պատժի ենթարկելու պարագայում վախենում են բողոքելուց, ինչ է, պիտի միանգամից համարձակությո՞ւն ձեռք բերեն, եթե «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք լինի: Եվ այսպես շարունակ:
Մինչդեռ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի հակառակորդներն այն հիմնավորումն են բերում, որ սույն նախագծով փորձ է արվում ներխուժել ընտանիքներ եւ քայքայել այն: Այդ թվում, Հայաստան ներմուծել եվրոպական այն տխուր փորձը, համաձայն որի, ամեն մի առիթով ինչ-որ չինովնիկներ երեխային ծնողներից վերցնելու հնարավորություն ունեն, ինչն արդեն եվրոպաներում հասցրել են աբսուրդի աստիճանի:
«Օրենքը հաշվի չի առնում հոգեբանական մի շարք օրինաչափություններ»

«Թեթեւ ընտանեկան վեճը կարող է վերածվել բաժանման»

Ինչեւէ, այս շարունակական վեճի պարագայում ինչպե՞ս են հարցին մոտենում հոգեբանները, հոգեբանական առումով ի՞նչ է մեզ խոստանում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը: Մեզ հետ զրույցում այդ նախագիծը  շատ վտանգավոր եւ ընտանիք քանդող համարեց նաեւ հայտնի հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ: Նրա խոսքով՝ նման օրենքը ամուսիններին, կանանց, երեխաներին իրար դեմ կարող է հանել եւ, ի վերջո, հասցնել ընտանիքի քայքայման.
- Մենք տարբեր արժեհամակարգ ունենք, եւ եթե այլ տեղ ծնված արժեքները մեխանիկորեն տարածվում են, դա կարող է ավերիչ լինել մեզ համար: Այս օրենքի դրույթները կարող են հանգեցնել այն բանին, որ ավելի շուտ ամուսիններին իրար դեմ կհանեն, քան խնդիրը կլուծեն: Օրենքը նաեւ երեխաներին ու ծնողներին կլարի իրար դեմ: Ցանկացած ընտանիքում էլ փոքր կամ մեծ մասշտաբի բռնություններ լինում են ե՛ւ տղամարդու, ե՛ւ կնոջ կողմից: Եթե ամեն անգամ այդ կարգի բան լինելու դեպքում սոցաշխատողին կամ իրավապահներին ահազանգեն, դա ավելի մեծ բռնություններ եւ անհանդուրժողականություն կծնի: 
- Կմանրամասնե՞ք, ի՞նչ վտանգներ եք տեսնում:
- Նախ, այս օրենքը հաշվի չի առնում հոգեբանական մի շարք օրինաչափություններ: Հաշվի չեն առնում, որ ցանկացած ընտանիքում լինում են կոնֆլիկտներ ամենատարբեր հարցերով` երեխայի դաստիարակությունից սկած մինչեւ կենցաղային հարցեր եւ այլն: Նման կոնֆլիկտների ժամանակ ստացվում է, որ ընտանիքի անդամներից մեկը մյուսին ճնշում է, մեկուսացնում, կշտամբում, որոշ ժամանակով զրկում ինչ-որ բաներից: Իսկ այս օրենքը ընդունելու պարագայում ամեն մի նմանատիպ մանր վեճ կարող է օգտագործվել եւ դառնալ ընտանիքի քանդման պատճառ: Հատկապես՝ մանիպուլյացիայի կենթարկվեն ոչ սթափ գիտակցություն ունեցող մարդիկ: Ստացվում է, որ պետությունը օրենքի տեսքով միջամտում է մարդկանց ընտանեկան կյանքին: Նման օրենքը ամենակարճ ճանապարհն է ստեղծում ընտանիքներ քանդելու համար: Այլ խոսքով, նման օրենքը կդառնա մահակ ընտանիքների գլխին, ինչը բացարձակ ընդունելի չէ: 
Եթե հիմա, ասենք, ամուսինները վիճում են եւ նրանք վեճի արդյունքում կարող է եւ իրար հետ չխոսեն` ասենք մի քանի օր, վատագույն դեպքում՝ մի քանի ամիս, բայց, ի վերջո, կհաշտվեն: Մինչդեռ նման օրենքից հետո այլեւս պրակտիկորեն անհնար կլինի փրկել նմանատիպ ընտանիքները բաժանումից, եւ կստացվի, որ թեթեւ կամ ծանր ընտանեկան վեճն օրենքի պատճառով վերածվեց բաժանման: Ու դա իրոք անխուսափելի կլինի, որովհետեւ ո՞ր մի տղամարդը կամ թեկուզ կինը կհանդուրժի, որ իրենց ընտանեկան վեճի իբր հարթմանը միջամտեն սոցաշխատողներ կամ իրավապահներ:

«Այդ գործում շահագրգռվածնեը ամեն բան անելու են, որ ֆինանսավորում ունենան»

- Այսինքն, ընտանեկան բռնության դեմ պայքարի գաղափարը կարող է լրիվ հակառակ էֆե՞կտը տալ:
- Այո, նման օրենքի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ահռելի քանակությամբ ծախսեր են արվելու, եւ այդ ահռելի քանակությամբ ծախսերը պետք է չէ՞ ծառայեն իրենց նպատակին: Այսինքն, որպեսզի օրենքը գործի, այդ գործում շահագրգռվածնեը ամեն բան անելու են, որ աշխատանք՝ ֆինանսավորում ունենան: Մարդիկ ապաստարանները, այսպես ասած, լցնելու խնդիր են ունենալու, ինչի համար ջանք չեն խնայելու: Հզոր պրոպագանդա է գնալու միտված նրան, որ ընտանիքներում կռիվներ գցեն: Անգամ հնարավոր է կանանց գումար տան, կաշառեն, որ նրանք բողոքեն իրենց ամուսինների դեմ: Եվ այս տեսակետից ես շատ մեծ վտանգ եմ տեսնում: Ավելին, ես այն կարծիքին եմ, որ նման օրենքը ոչ միայն հայկական ընտանիքների քանդման, այլեւ պետության ամրության հետ խաղաղացող մի գործիք է դառնալու:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА