ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ՀԱՐՑ Է, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԹՈՒՅԼ ՏԱԼԻ՞Ս Է ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ

17.10.2017 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾ ՀԱՐՑ Է, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԹՈՒՅԼ ՏԱԼԻ՞Ս Է ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ

Եվրամիության հետ նոր համաձայնագրում տեղ գտած դրույթներից մեկն էլ վերաբերում է Մեծամորի ատոմակայանին: Տվյալ կետը ձեւակերպված է այսպես. «Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը` հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»:
Չնայած թվացյալ պարզությանը, երկիմաստություն կարելի է նկատել: Առաջին հայացքից «նոր հզորություն» ասվածի տակ ընկալվում է նոր ատոմակայան: Առավել եւս, որ նման պլաններ կան՝ գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի ավարտից եւ կյանքի տեւողությունը ռուսական միջոցներով 10 տարով հետաձգելու ընթացքում կառուցել նորը: Բայց նաեւ՝ «նոր հզորություն» ասվածն ամենեւին էլ չի նշանակում նոր ատոմակայան: «Նոր հզորություն» կարող է լինել նաեւ ներկայիս ատոմակայանի հզորությամբ ցանկացած այլ տիպի էլեկտրոկայան՝ ՋԷԿ, ՀԷԿ, վերականգնվող միջոցները: Այսինքն՝ կարող է մի գեղեցիկ օր, երբ Հայաստանը մտածի նոր ատոմակայանի մասին, ԵՄ-ում սկսեն աղմկել, թե մեր երկիրը ատոմակայանը փակելու պարտավորություն ունի եւ չի կարող նորը կառուցել: Ուրեմն, թող այլ տիպի «նոր հզորություն» կառուցի:
Այսպիսով, ինչպե՞ս հասկանանք հիշատակված դրույթը, ի՞նչ են մտածում այդ մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Նախարարի մամուլի խոսնակ ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻ մեկնաբանմամբ. «Ինչպես տեսնում եք` վերոհիշյալում ժամկետների մասին խոսք չկա, թե երբ պետք է այն դուրս գա շահագործումից: Բայց բնական է, որ ատոմակայանի շահագործումը անժամկետ չէ: Երբ ժամկետը ավարտվի, բնականաբար, այն դուրս կբերվի շահագործումից: Սակայն, միաժամանակ, երեւի տեղյակ եք, որ այս պահին իրականացվում է նաեւ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Ատոմակայանը կշահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իր ռեսուրսը սպառված չէ: Երկարաձգման ավարտից հետո կորոշվի՝ ատոմակայանը իր ռեսուրսը սպառե՞լ է, թե դեռ կարող անվտանգ շահագործվել: Ըստ այդմ, կընդունվի համապատասխան որոշում` շահագործումից հանե՞լ, թե այլ որոշում կայացնել: Այսինքն` խնդիրը վերաբերում է գործընթացի անվտանգ իրականացմանը: Նորից եմ կրկնում` միայն ժամկետի երկարաձգումից հետո պարզ կլինի, թե երբ կոնկրետ անհրաժեշտություն կառաջանա ատոմակայանը հանել շահագործումից: Կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ, որից հետո պարզ կլինի, թե երբ Մեծամորի ատոմակայանը ամբողջությամբ դուրս կբերվի շահագործումից»:
Այսպիսով, հարցի հստակ պատասխանը չկա: Նկատի ունենք հետեւյալը: Ինչպես միանգամայն տեղին նկատեց մեր զրուցակիցը՝ «Ատոմակայանի շահագործումը անժամկետ չէ»: Իսկ մեր գործող էներգաբլոկն արդեն իսկ սպառել է իր նախագծային ժամկետը եւ լավագույն դեպքում հազիվ մեկ տասնամյակ շարունակի գործել: Ընդ որում, նոր ատոմակայանի կառուցումը, անգամ եղածի բազայի վրա, իր հերթին է տարիներ պահանջում: Այսինքն՝ արդեն մոտակա տարիներին պետք է վերջնականապես հստակեցնել՝ ի՞նչ «նոր հզորություն» է գործող էներգաբլոկին փոխարինելու գալիս: Եվ վերադառնում ենք նույն հարցին՝ իսկ ԵՄ-ի հետ կնքվող պայմանագրով ի՞նչ ասել է «նոր հզորությունը»,  այն ենթադրո՞ւմ է նաեւ ատոմակայան: Մի խոսքով, այստեղ պարզելու լրջագույն հարց կա, հաշվի առնելով, թե ի՞նչ աստղաբաշխական գների կհասնի մեզ մոտ էլեկտրաէներգիան, եթե ատոմակայան չունենանք:
ՔԵՐՈԲ  ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА