ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.10.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին, իսկ քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ բոլոր իմացած յոթ երգերը, զարմանալիորեն, ռուսական արջի մասին են: Եվ ինչքան էլ զարմանալի լինի, նույնիսկ ԵՄ-ՀՀ  համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո, նույնիսկ բազում գնահատականներից հետո, որ ԵԱՏՄ-ի հետ դա ոչ մի խնդիր չի առաջացնում, էլի քաղաքագետը վախենում է, որ ռուսները կխանգարեն. «Իրենք չեն ուզում, որ մենք ստորագրենք, ուզում են` իրենց կցորդը մնանք: Դեռ 1.5 ամիս կա` պետք է որ հասցնենք: Այն, որ տեսակետներ են տարածվում` տեխնիկական խնդիրներ կան, դա սողանք են թողնում, որ ասենք` եվրոպացիները չեն հասցնում: Բայց ես ճիշտ չեմ համարում այդ միտքն օգտագործել, որովհետեւ բոլորը կհասկանան, որ դա հնարք է»: Ու հետո շարունակում է իր զարմանալի պատումը, թե ինչ կլինի, եթե չստորագրենք. «Այսպես ասեմ` գլոբուսից դուրս կթռնենք: Կա անձնական խնդիր` Սարգսյանի եւ Նալբանդյանի հետ կապված. եթե չստորագրեն` ոչ միայն քաղաքականությունից պետք է դուրս գան, այլեւ ընդհանրապես` մի տեղ գնան պախկվեն»: Այ քեզ բան, երեւի թե, տվյալ պարագայում հարկ է լավ վախ բռնող գտնել:
Ինչպես հայտնի է, որոշ կառույցներ սովորություն ունեն դրսից տղա կանչելու, հենց տեսնում են, որ իրենց դիրքերը թույլ են: Սակայն մեզանում զարմանալի նախադեպ գրանցվեց` որ հակաընտանեկան օրենքի ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ դրսից ոչ թե տղա, այլ աղջիկ կանչեցին:  Հատուկ սեմինար կազմակերպեցին եւ հրավիրեցին Վրաստանից Թամար Դեկանոսիձեին եւ Ռուսաստանից Ալյոնա Պոպովային, ովքեր համապատասխանաբար իրենց երկրներում այդպիսի օրենքի ջատագով են: Եվ բավականին զվարճալի էր լսել Ալյոնա Պոպովայի հարցազրույցը: Եթե հավատանք այդ տիկնոջը, ապա կստացվի, որ Ռուսաստանում ընտանեկան բռնության ենթարկվածներն ավելի շատ են, քան այդ երկրի բնակչությունն ամբողջովին վերցրած: Ինչեւէ, հուսանք, որ մեր երկրում, այնուամենայնիվ, կհաջողվի թույլ չտալ այդպիսի պիղծ օրենքի ընդունումը: 
Շատ մի սիրիր, ատել կա: Հիմա էլ մեր հռչակավոր հայրենակից ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ աչքի գրողն է դարձել իր երիտասարդ կինը` Վիտալինա Ցիմբալյուկը: Ավելին, նա երիտասարդ կողակցի դեմ դիմում է ներկայացրել ոստիկանություն: Չգիտենք` ինչ է այդտեղ պատահել, բայց կարելի է ենթադրել, որ մեր գրանտասերների եւ նրանց թիկունքին տարօրինակաբար կանգնած արդարադատության նախարարի` բերանի ծամոն դարձրած «ընտանեկան բռնություն» եզրույթը հասել է նաեւ Արմեն Բորիսովիչի ականջին, եւ օր ծերության նրան  թվացել է, որ դառնում է ընտանեկան բռնության զոհ: 
Իսկ այժմ անդրադարձ` առավել քան վրդովեցուցիչ դեպքին: Որ օրերս հենց որ «Դիլիջան» ազգային պարկից նախարար Արծվիկ Մինասյանը ոտքը քաշեց, անցագրային կետերից մեկը հրկիզվեց ամենագնաց մեքենաներով ժամանած շուրջ 40 հոգանոց խմբի կողմից: Զարմանալի է, որ ԾԱՌ ԿՏՐՈՂՆԵՐԸ այնքան են լպիրշացել, որ մարտահրավեր են նետում պետությանը: Բայց զարմանալի է նաեւ քննության տեմպերը` առայժմ այդ մեծ խմբից ընդամենը չորսի ինքնությունն է պարզվել, որոնք եւ ներկայացվել են ճանաչման: Ինչեւէ, եթե անխտիր բոլորը չհայտնաբերվեն եւ պատասխանատվության չենթարկվեն, ուրեմն կստացվի, որ վերադառնում է 1990-ականների սկզբի իրավական բեսպրեդելը: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА