ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽ. ԼՈՒԾՈՒՄՆ ԱՆՀՆԱՐ Է, ԻՍԿ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՑԱՆԿԱԼԻ

17.10.2017 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽ. ԼՈՒԾՈՒՄՆ ԱՆՀՆԱՐ Է, ԻՍԿ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՑԱՆԿԱԼԻ

Եվ այսպես, տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ  հանդիպումը, որի մասին խոսվում եւ տարաբնույթ կանխատեսումներ էին արվում տեւական ժամանակ: Թե ինչ է այն տալու ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, դեռ վաղ է ասել, պարզելու շատ հարցեր կան: Ամեն  դեպքում, Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ հնչած  լավատեսությունը քիչ բան է ասում. «Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»:


ԱԼԻԵՎԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՍԻՋԸ ՍՏԱՑԱՎ

Իհարկե, մինչ հանդիպումը դրա արդյունավետության մասին էական սպասելիքներ չկային, թեեւ որոշ ուշագրավ դրվագներ, այնուամենայնիվ, արձանագրվեցին: Հիշեցնենք՝ հանդիպման հետ կապված Իլհամ Ալիեւը սկսեց կրքեր բորբոքել, երբ հազիվ էին կարգավորման գործընթացը վերսկսելու մասին պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո Մինսկի խմբի համանախագահները հեռացել տարածաշրջանից: Հիշեցնենք Ալիեւի հայտարարությունը, թե Հայաստանը նախագահական մակարդակով հանդիպման է մասնակցում այն դեպքում, երբ սահմանային վերահսկողության մեխանիզմների ներդրման մասին հայկական պայմանները կատարված չեն: Այլ կերպ ասած, թե Ադրբեջանը դիվանագիտական հաղթանակ է տարել: Հասկանալի է, դրան ամենակոշտ տոնայնությամբ արձագանքեց հայկական կողմը, բայց առանց դրան էլ պարզ տեսանելի էր Ալիեւի նյարդային ռեակցիան: Այն առումով, որ եթե Ադրբեջանն իրոք դիվանագիտական հաղթնակ տարած լիներ, հաստատ Ալիեւն այդ մասին չէր խոսի՝ դրանով Հայաստանի պաշտպանական ռեակցիան առաջ բերելու եւ իր հաղթանակը դրանով վտանգի տակ դնելու ռիսկին ենթարկվելով: Եվ երկրորդը. եթե դա դիվանագիտական հաղթանակ էր, ապա կլիներ հաղթանակ ոչ միայն Հայաստանի, այլ՝ նաեւ ՄԽ անդամ երկրների, այն է՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նկատմամբ: Հաշվի առնելով, որ, ի վերջո, հենց նրանց ջանքերով, ավելին՝ պարտադրանքով էին ձեռք բերվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ու դրանք չկատարելն ապտակ էին հենց այդ երկրներին: 
Կարճ ասած, սեփական նախարարների խորհրդի նիստում Ալիեւի աքլորանալը, թե՝ տեսաք, իմ ասածը եղավ, ավելի շատ սեփական կշիռը յուրայինների աչքին բարձրացնելու փորձի էր նմանվում, ինչը դեռ էն գլխից էր հուշում, որ Բաքուն, մեղմ ասած, ամենեւին էլ երջանիկ չէր նախագահների հանդիպման հետ կապված: Առավել եւս, որ հենց հանդիպման նախօրեին Ալիեւը եւս մեկ ծանր մեսիջ ստացավ: Նախ հիշեցնենք նաեւ, որ դեռ մինչ հանդիպման մասին պայմանավորվածությունը Հայաստանում վավերացվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին հայտնի պայմանագիրը, որը Բաքվում բավականին ծանր տարան: Եվ ահա հանդիպմա նախօրեին էլ հրապարակվեց ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք հայտնի փաստաթղթի տեքստը: Միգուցե այդ հրապարակումն ամենեւին էլ կապ չուներ նախագահների հանդիպման հետ, բայց անգամ այդ դեպքում այն բավականին լուրջ դրվագ էր պարունակում, որը չէր կարող իր որոշակի ազդեցությունը չունենալ հանդիպման վրա: Այսպես, փաստաթղթում կա անդրադարձ ղարաբաղյան խնդրին, եւ մատնանշվում է, որ դրա կարգավորումը պետք է հիմվի երեք հայտնի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության: Այն դեպքում, երբ Բաքուն արդեն մոտ 30 տարի կռիվ է տալիս հենց այդ մի սկզբունքի՝ ինքնորոշման իրավունքի հետ: Իհարկե, նոր բան չէ, որ Եվրոպան խոսում է ինքնորոշման իրավունքի մասին: Փոխարենը՝ Ադրբեջանն էլ իր հերթին  է տեւական ժամանակ բանակցում ԵՄ-ի հետ համանման փաստաթղթի կնքման ուղղությամբ ու թեեւ հսկայական գումարներ է ծախսել դրանում ղարաբաղյան հարցը միայն տարածքային ամբողջականության հետ կապելու համար, սակայն ունեցել է միայն ձախողումներ: Եվ այդ տարբերակը Բաքվի առաջ վերջնականապես փակվեց ԵՄ-Հայաստան սպասվող պայմանագրում ինքնորոշման իրավունքի ֆիքսմամբ: Եվ երբ այդ փաստը ֆիքսված է Հայաստանի հետ կնքվող պայմանագրում, դա ապտակի է նման: Առավել եւս, երբ Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերությունները բառացիորեն աչքի առաջ  մինչեւ վերջ փչանալու հուն են մտել:
Եվ արդյունքում, Ալիեւը բանակցային սեղանի մոտ նստեց նախ՝ հայ-ռուսական զորախմբի, ապա՝ ԵՄ-ից եկած այս ազդակները աչքի առաջ ունենալով:


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ


Մյուս կողմից էլ, իհարկե, սրանք այն կարգի ճնշումներ չեն, որ պարտադրեն Ադրբեջանին՝ 180 աստիճանով փոխել իր մոտ երեք տասնամյակի քաղաքականությունն ու ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը: Բայց նաեւ Բաքվի համար էլ ավելի շեշտադրված է դառնում այն փաստը, որ ուժային մեթոդով Ղարաբաղը վերցնելու կամ էլ՝ առկա ստատուս-քվոն մոտակա ժամանակահատվածում քիչ թե շատ էական փոփոխության ենթարկելու հավանականությունը նույնպես չնչին է: Առավել եւս, որ արտաքին գործոններն են լրջորեն դրան դեմ: Այդ թվում՝ չմոռանանք, որ նոյեմբերի 1-ին Թեհրանում տեղի է ունենալու ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը միտված է երեք երկրների միջեւ երկաթուղային բեռնափոխադրումների հայտնի ծրագրի մեկնարկին: Եվ ասել, թե այդ ծավալուն ծրագիրը կսկսի գործել, եթե ղարաբաղյան հակամարտությունը պատերազմի վերաճելու ռիսկեր կան, միամտություն կլիներ: 
Բայց մյուս կողմից, Թուրքիան էլ իր հերթին է խանդով վերաբերում հիշատակված ծրագրերին, որը նկատելիորեն ամրապնդում է Իրանի դիրքերը հարավկովկասյան տարածաշրջանում: Թեեւ, Անկարան ներկայումս ամենեւին էլ այն վիճակում չէ, որ կարողանա այդ  տրանսպորտային գործընթացները տորպեդահարել Բաքվին՝ Արցախում պատերազմի դրդելով. ներքին անկայունությունը, Սիրիան  եւ իրաքյան Քուրդիստանն այն լարվածության մեջ են պահում թուրքական բանակին, որ Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում Ադրբեջանին օժանդակելու համար հազիվ թե անհրաժեշտ չափով ուժեր մնան: Առավել եւս, որ անգամ նման օժանդակության փորձերը տանելու են նաեւ ՌԴ-ի եւ Իրանի հետ բավականին ծանր հակամարտության:
Մյուս կողմից, Բաքուն փորձում է ԱՄՆ-Իսրայել ուղղությամբ խաղերն  առաջ տանել: Թերեւս այն հաշվարկով, որ Մերձավոր Արեւելքում դիրքերի թուլացումը Վաշինգտոնին տանում է Իրանի շուրջ մթնոլորտի թեժացման ուղղությամբ, եւ հնարավոր պատերազմական զարգացումների պարագայում Ադրբեջանը կարող է հարմար հակաիրանյան դիրք դառնալ՝ Ղարաբաղը որպես պարգեւ ստանալու հույսերով: Սակայն սա տեսական երազանք է, հաշվի առնելով, որ չունենալով անգամ Եվրոպայի աջակցությունը, ԱՄՆ-ն հազիվ թե կարողանա Իրանի շուրջ պատերազմական մեծ պայթյուն առաջ բերել, առավել եւս, այն իր համար հաղթական ավարտի հասցնելու հույսեր ունենալ: Եթե նման ռեալ հնարավորություններ լինեին, Վաշինգտոնը նախ սիրիական պատերազմն իր օգտին կավարտեր: Մինչդեռ Սիրիայում պատկերը միանգամայն այլ է:
Մի խոսքով, ինչքան էլ որ բավականին ժամանակ պարբերաբար խոսվում է մեծ պատերազմից, սակայն փաստն այն է, որ շարունակաբար ամրապնդվում է ՌԴ-Իրան առանցքի դիրքերն ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ՝ հարավկովկասյան ուղղությամբ: Եվ այդ փաստը Բաքուն  եւս ոչ մի կերպ չի կարող լրջորեն հաշվի չառնել իր հաշվարկներում: Այսինքն, նաեւ Թեհրանում սպասվող երեք նախագահների  հանդիպման ժամանակ Ալիեւը թերեւս կփորձի էլ ավելի հստակ դիրքեր զբաղեցնել ՌԴ-Իրան առանցքում,  ինչն էլ ավելի մշուշոտ են դարձնում ուժային մեթոդով Ղարաբաղը վերցնելու Բաքվի հույսերը:


ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ


Այս ամենով հանդերձ էլ ասել, թե Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ի զորու էր բուն ղարաբաղյան կարգավորմանը միտված բանակցային գործընթացը մեռյալ կետից առաջ թռցնել, թերեւս սխալ կլիներ. կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են իրարից, որ անգամ ցանկության դեպքում շրջադարձի համար երկար ժամանակ է պետք: Բայց նաեւ ամեն պահ պայթելու պատրաստ ներկայիս իրավիճակն է տարածաշրջանային առանցքային ուժերի համար տնտեսական  առումով լուրջ խնդիր դառնում: Ընդ որում, այդ  խնդիրն էլ  ավելի կմեծանա Սիրիայում ԻՊ-ի պարտության ¥որը սարերի հետեւում չէ¤ դեպքում, հաշվի առնելով, որ այդ դեպքում ՌԴ-ն ռազմաքաղաքականից կանցնի տարածաշրջանում նաեւ տնտեսական դիրքերի ակտիվացմանը, որը պահանջում է հարավկովկասյան միջանցքի կայունություն:
Այսպիսով՝ մի կողմից կա ղարաբաղյան հակամարտության լուծման չնչին հեռանկար, մյուս կողմից՝ դրա առնվազն չշիկացման արտաքին պահանջ: Այսինքն, ավելի տրամաբանական է, որ ներկայիս կուլիսային օրակարգում հենց այս դիլեմայի հաղթահարման հարցն է: Ընդ որում, այստեղ լուծումները սահմանափակ են: Նախ՝ հակամարտության կարգավորման պարտադրանքի տարբերակը, որը քիչ հնարավոր է թվում, սակայն դրա տարբերակներն էլ կարելի է գտնել: Կամ, հնարավոր է նաեւ հասնել հակամարտության վերջնական կարգավորման հետաձգմանը՝ փորձելով գնալ միջանկյալ քայլերի, ասենք՝ ճանապարհների ապաշրջափակում եւ այլն: Իհարկե, միշտ էլ կա նաեւ հակամարտությունը ներկայիս տեսքով պահելու տարբերակը: Բայց ասել, որ այն երկարաժամկետ հեռանկար ունի, սխալ կլիներ:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА