ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

17.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Եվ այսպես, հրապարակվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը, եւ շուրջ մեկ ամիս անց պետք է տեղի ունենա դրա ստորագրումը: Ընդ որում, ի տարբերություն ԵՄ կայքում հրապարակած համաձայնագրի միայն 350 էջանոց տեքստի, ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակվել է ոչ միայն բուն համաձայնագրի, այլեւ նրա բոլոր հավելվածների ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը, ընդհանուր` գրեթե 1300 էջ: 
ԻՆՉՈ՞Ւ Է ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Հետաքրքրական է, որ տեքստի հրապարակումը բավականին անտարբեր է թողել քաղաքական եւ փորձագիտական դասի այն հատվածին, որն ինքն իրեն համարում է արեւմտյան արժեքների կրող: Թվում է, թե տեղի է ունենում այն, ինչն իրենց սրտով է, առավել եւս, որ նրանց հետ շատերը իրենց պատռում էին, թե անպայման պետք է ստորագրվի, շատ կարեւոր է ստորագրելը եւ այլն: Սակայն եվրաարժեքների ջատագովների մեկնաբանությունները չենք տեսնում: Նրանցից ոչ ոք կարծես թե ցանկություն չունի հանրությանը բացատրելու, թե տեսեք, այսինչ կամ այնինչ կետը այսինչ կամ այնինչ լավ բաներն է ապահովելու Հայաստանի համար, այսինչ կամ այնինչ դրական եվրաարժեքն է բերելու մեր երկիր, եւ այլն: 
Տպավորությունն այնպիսին է, որ բուն տեքստը նրանց, միգուցե, նույնիսկ հիասթափեցրել է: Փոխարենը համաձայնագրի տեքստը բավականին ակտիվ քննադատում են այն փորձագետները, ովքեր ցանկացած եվրաինտեգրմանը բացասաբար են վերաբերվում: 
Բնականաբար, նաեւ հարց է ծագում` թե ինչու հրապարակվեց ամբողջական տեքստը, եթե նախնական ասվում էր, որ հրապարակվելու են առանձին դրույթները: Ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի, սակայն. «Չեմ ուզում ասել, որ անսպասելի էր տեքստի հրապարակումը, որովհետեւ այն գաղտնի փաստաթուղթ չէր, միջազգային փաստաթուղթ է, բանակցվել է բավականին երկար ժամանակ, բանակցվել է անգլերեն լեզվով: Դրանով էլ պայմանավորված` առաջինը ներկայացվեց նաեւ ԵՄ-ի կողմից, իսկ հետո արդեն ոչ պաշտոնական թարգմանությամբ Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրեց ամբողջ տեքստը: Սա Հայաստանի թերեւս ամենախորը եւ խոշոր համագործակցության պայմանագրերից մեկն է, եթե ոչ երկրորդը` ԵԱՏՄ պայմանագրից հետո»: Ըստ քաղաքագետի. «Քանի որ փաստաթուղթը իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք չի ներկայացնում, նշանակում է, որ երբ բանակցային գործընթացն ավարտվեր, ապա պետք է հանձնվեր հանրության դատին: Կարծում եմ` շատ ողջամիտ ժամկետ է ընտրված, որպեսզի այն ներկայացվեր հանրության դատին, որ մեր հասարակությունը իմանար, թե Հայաստանի ԱԳՆ-ի գլխավորությամբ ՀՀ-ն ինչ է բանակցել ԵՄ-ի հետ»: 
Այսինքն` խոսքը բաց խաղի մասին է, առանց ինչ-ինչ գաղտնի պայմանավորվածությունների: Միգուցե, հենց այդ հանգամանքն է հարուցել արեւմտամոլ շրջանակների հիասթափությունը, միգուցե, ինչ-ինչ հույսեր էին փայփայում, որ եվրոպացիների հետ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ, որոնք «սյուրպրիզի» տեսքով` որպես կատարված փաստ, կհնչեն արդեն ստորագրումից հետո: 
Ու, երեւի թե, հենց այդ «սյուրպրիզային» սպասումներով պայմանավորված էին այն բազում պնդումները, իբր թե փաստաթուղթը կյանքի չի կոչվի կամ չի ստորագրվի Ռուսաստանի կողմից ճնշումների պատճառով: Այդ առնչությամբ Սուրեն Սարգսյանը նշում է, որ. «Այս փաստաթուղթը ստորագրում ենք այն ժամանակ, երբ ԵԱՏՄ անդամ ենք, եւ լինելով այդ միության անդամ` այս համաձայնագրով նախատեսված որեւէ դրույթ չի հակասում ԵԱՏՄ-ի հետ մեր համագործակցությանը: Այդ առումով, կարծում եմ, որեւէ խոչընդոտ հայկական կամ ռուսական կողմից չի լինելու: Եվ տեքստի հրապարակումն էլ ինքնին նշանակում է, որ մենք բաց ենք խաղում եւ գաղտնի կերպով որեւէ պայմանավորվածություն որեւէ մեկի հետ չունենք»: Քաղաքագետը հերքում է նաեւ այն տարածված տեսակետը, իբր 2013-ին չստորագրելը ռուսական ճնշման արդյունք էր. «Դա ոչ թե Ռուսաստանի կողմից ճնշման արդյունք էր, ինչպես ընդունված է ասել, այլ ընդհակառակը` ԵՄ-ի կողմից մոտեցում էր, որը նաեւ պայմանավորված էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ»: 
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱ ԲՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ
Որեւէ փաստաթղթի մասին առաջին նախնական կարծիքը կազմելու համար կարելի է օգտվել այնպիսի գործիքից, ինչպիսին տեքստում «բանալի» բառերի փնտրտուքն է: Այսպես, «Ընտանեկան բռնության մասին» օրինագծում հայտնաբերում ենք, որ 48 անգամ կրկնված են «ենթադրաբար» բառերը եւ նույնարմատ բառերը, եւ 40 անգամ` «ապաստարանը», որը նորմալ հայերենով կոչվում է որբանոց: Դրանով միանգամից պարզում ենք, որ նախագծով ինչ-որ անձանց տրվում է ենթադրության հիման վրա որոշում կայացնելը ընտանիքների վերաբերյալ, նպատակն էլ որբանոցները լցնելն է: 
Բայց ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստում վտանգավոր լիցք կրող «բանալի» բառեր գործնականում չեն հայտնաբերվում: Այսպես, «անկախ սեռական կողմնորոշումից» բառակապակցությունը հայտնաբերում ենք միայն 85-րդ հոդվածում, որն էլ, որպես այդպիսին, իմպերատիվ բնույթ կրող չէ: Եվ ընդհանրապես համաձայնագրում քիչ չեն ոչ իմպերատիվ բնույթի հոդվածները, այսինքն` մենք այդ համաձայնագրի գերին կամ պատանդը չենք դառնում: Նույնը վերաբերում է եւ «գենդեր» բառին` երեք անգամ այն հայտնաբերվում է բուն տեքստում, եւ մեկ անգամ` հավելվածներից մեկում, ուր հղում է արվում այնպիսի վաղեմություն ունեցող փաստաթղթերին, ուր «գենդերի» փոխարեն օգտագործված են ավանդական «կանայք եւ տղամարդիկ» բառերը: 
Ի դեպ, քաղաքացիական հասարակությանը վերաբերող բաժնում հայտնաբերում ենք նաեւ, թե ինչից պետք է տխրեն մեր գրանտակերները: Ըստ 102 հոդվածի բ) կետի` քաղհասարակության կարեւոր գործառույթներից է. «Ապահովել Հայաստանի Հանրապետության, այդ թվում` դրա պատմության եւ մշակույթի մասին առավել շատ տեղեկացվածություն եւ Հայաստանի Հանրապետության ընկալումը Եվրոպական միությունում եւ մասնավորապես` անդամ պետություններում գտնվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում` այդպիսով հետագա հարաբերությունների համար ապահովելով հնարավորությունների եւ մարտահրավերների մասին իրազեկության ավելի բարձր մակարդակ»: Ու ոչ մի բառ մեր սաքունցերի կողմից այդքան սիրելի դեգեներատիվ փոքրամասնությունների «իրավունքների» պաշտպանության մասին: 
Բարձր տեխնոլոգիաներին եւ համացանցի ազատությանն ու անվտանգությանը վերաբերող ընդարձակ բաժինները նույնպես դրական լիցք կրող են: Բայց, անշուշտ, մտահոգություն հարուցող կետեր նույնպես առկա են: 
Այսպես, այդ համաձայնագրով մեր երկիրը պարտավորվում է միանալ միջազգային քրեական դատարանին: Իսկ բարձրագույն դատական իշխանության պահը ցանկացած երկրի ինքնիշխանության կարեւորագույն բացադրիչներից է: Եվ միջազգային այդպիսի դատական մարմնին միանալը նշանակում է, որ ՀՀ քաղաքացին կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության` առանց Հայաստանի համաձայնության եւ նույնիսկ Հայաստանի առարկությունն անտեսելով: 
Ինքնիշխանությանն առնչվող մտահոգություն է հարուցում եւ ֆինանսական ոլորտին վերաբերող դրույթների մի մասը, որոնցով սահմանվում է, որ մեր Կենտրոնական բանկը պետք է դառնա կառավարությունից էլ ավելի անկախ: Այսինքն` առանց այն էլ թերի ֆինանսական անկախությունը լրացուցիչ պակասեցվում է: 
Իսկ միանգամից շատերի աչքին զարնողը ատոմակայանին վերաբերող դրույթներն են, որոնցից չենք կարող միանշանակ եզրակացնել, որ չենք զրկվի ատոմային էներգետիկա ունեցող երկրի կարգավիճակից: Բայց դա, անշուշտ, առանձին, ծանրակշիռ, մասնագիտական քննարկման առարկա է: 
Ինչեւէ, իսկ եթե ընդհանուր առումով դիտարկենք համաձայնագիրը, ապա այն ամբողջովին համապատասխանում է Սերժ Սարգսյանի հռչակած «ե՛ւ-ե՛ւ» տարբերակին: Ու ի հիասթափություն ոմանց` տվյալ պարագայում ԵՄ եւ ԵԱՏՄ շահերը ոչ թե հակասության մեջ են մտնում, այլ` համադրվում են: Ի դեպ, այդ պնդումը դեռ սեպտեմբերի սկզբներին արել էր ԵԱՏՄ նախարար Տատյանա Վալովայան, ով համաձայնագրի տեքստին ծանոթացել էր շատ ավելի շուտ, քան` մեր հանրությունը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА