ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում

17.10.2017 17:02 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում

Ղրիմի Սեւաստոպոլ քաղաքում հոկտեմբերի 5-8-ն անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաեւ հայ արտիստները: Միջազգային ստուգատեսին երգչուհի, կոմպոզիտոր ՄԱՅԱ ԱՖՐԻԿՅԱՆՆ արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաեւ ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: Նշենք, որ ներկայացված երգերի տեքստերի հեղինակներն էին Սվետլանա Հովսեփյանը եւ Կորյուն Առաքելյանը:

Հայրենիք հաղթական դափնի է բերել նաեւ դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը: Նա «Գործիքային երաժշտություն» անվանակարգում որպես կոնցերտմայստեր ստացել է դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ: Նշենք, որ դաշնակահարուհին ամբողջ մրցույթի ընթացքում նվագակցել է Մայա Աֆրիկյանին, իսկ երգչուհին իր հերթին հանդես է եկել Լիլիանա Դարբինյանի մրցութային կատարման ընթացքում:

Ի դեպ, մրցույթի գրան-պրին ստացել է երգիչ Հայկ Թոնգուրյանը: Վերջինս Մայա Աֆրիկյանին տեղեկացրել է մրցույթի մասին:

«Երբ ես նկատեցի, որ մրցույթում առկա է հեղինակային երգի անվանակարգ, շատ ոգեւորվեցի, եւ որպես հեղինակային երգերի հեղինակ՝ որոշեցի տանել երգերս և այնտեղ ներկայացնել»,- մեզ հետ զրույցում նշեց Մայա Աֆրիկյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մրցույթ-փառատոնին մասնակցել են տարբեր երկրների արտիստներ: Ժյուրիի կազմում եղել են բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ, պրոֆեսորներ, ոլորտի առաջատարներ:

«Ես քաղաքին նվիրված երգ էի գրել՝ կոչվում է «Ода Севастополю», եւ այդ երգն ընդգրկվել է գալա համերգին՝ ես այն կատարել եմ: Նշեմ, որ երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Հովսեփյանն է: Շատ մեծ արձագանք ստացավ, շատ ջերմ ընդունվեց: Կազմակերպիչներին եմ նվիրել նաեւ երգի նոտաները»,-հավելեց Մայա Աֆրիկյանը:

Ի դեպ, փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018 թ. մարտի 25-ին դափնեկիրները, այդ թվում՝ հայ արտիստները համերգով հանդես կգան Մոսկվայում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА