ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այդ կառույց մեզ ընդունեցին, ոչ թե բարի աչքի կամ լավ վերաբերմունքի համար». «Հայաստանի պատմագետների միություն»

16.10.2017 18:33 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Այդ կառույց մեզ ընդունեցին, ոչ թե բարի աչքի կամ լավ վերաբերմունքի համար». «Հայաստանի պատմագետների միություն»

Այս տարվա սեպտեմբերից «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը դարձել է Պատմագետների միջազգային կոմիտեի անդամ: Կոմիտեում ընդգրկված են 57 երկիր, այդ թվում`Վրաստանն ու Թուրքիան:
«Իրավունքը» «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ նախագահ, պատմական գիտությունների թեկնածու ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց, արդյո՞ք կոմիտեին անդամակցությունը հնարավորություն կտա խուսափել պատմական կեղծարարությունններից եւ վեր հանել դրա հետ կապված խնդիրները. «Հայաստանի պատմագետների միություն հկ-ի ստեղծման նպատակը հենց այն է եղել, որ մի հարթակում համախմբենք հնարավորինս բոլոր կամ գոնե պատմաբանների մեծ մասին, որպեսզի վերացնենք այն հարցերը, որոնք մասնագիտական դաշտում միշտ առկա են: Իմն ու քոնը մի կողմ պետք է դնենք եւ հասկանանք, որ սա մի հարթակ է, որտեղ բոլորը կարող են ստեղծագործել, բայց միաժամանակ ունենալով իրենց տեսակետները,  մասնագիտական կարծիքները, սակայն պահպանել այդ ամենը ակադեմիական մակարդակի վրա: Կառույցն օժտված չէ գրաքննություն իրականացնելու,  սեւացնելու, կամ արգելելու ինչ-որ բան, մենք ստեղծել ենք այս միասնական կառույցը, որպեսզի երկխոսության, քննարկման հնարավորություն ընձեռենք բոլորին, անկախ նրանից, անձնական մակարդակներով մարդիկ ինչ ձեւաչափով են շփվում: Այս իմաստով լուրջ դեր ենք խաղալու երիտասարդ պատմագետների միավորման հարցով, մեր փորձը հնարավորություն է տալու գոնե ինչ-որ չափով խուսափել այն խնդիրներից, որ այսօր ներքին դաշտում մենք ունենք»,-նշեց Մ. Հովհաննիսյանը:


Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է հայ եւ թուրք պատմաբանների երկխոսության հարթակ ստեղծվի, ինչի մասին ժամանակին թուրքական կողմը երազում էր, Մհեր Հովհաննիսյանը նկատեց. «Թուրքիան այս կառույցի առավել վաղ անդամ է եղել, քան մենք, բայց բնավ չենք մտել կառույց, որպեսզի նրա հետ ինչ-որ երկխոսության գնանք, հակառակը` այս կառույցի մեջ մտած բոլոր հիմնական դերակատարում ունեցող երկրների ազգային միությունները, որոնց հետ մենք առիթ ունեցանք այդ քանի օրերին Մոսկվայում շփվել, որեւէ մեկը կարիք չուներ համոզվելու, որ եղել է Հայոց ցեղասպանություն կամ Հայոց պատմության մեջ ինչ-ինչ խնդիրներ կան, թե` ոչ , որովհետեւ այդ կառույց մեզ ընդունեցին, ոչ թե իմ կամ իմ գործընկերների բարի աչքի կամ լավ վերաբերմունքի համար, այլ առաջին հերթին մեր պատմությունն իմանալու նպատակով: Կարծում եմ` Թուրքիան ինքը պետք է հասկանա կամ փորձի, ոչ միայն մեզ, այլեւ համաշխարհային պատմագիտության ընտանիքում բարձրաձայնելու եւ տեր կանգնելու այն մտքին, որոնք իրենք մեկընդմեջ իրականացնում են ազատ, անկախ տարբերակով»,-եզրափակեց մեր զրուցակիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА