ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա այն իրավիճակը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը»

13.10.2017 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
«Սա այն իրավիճակը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը»

Օրերս ԱՄՆ-ն սառեցրել է Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը: Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսարանի աշխատակցին ձերբակալեցին` Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով: Թուրքիան էլ նույն կերպ սառեցրեց ԱՄՆ քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը: Ու թեեւ կողմերը խոսում են իրավիճակը կարգավորելու հեռանկարներից, սակայն ակնհայտ է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են աչքի առաջ վատթարանալ: Դա Հայաստանին ինչ-որ բան կարո՞ղ է տալ: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ.
- Թուրքիա-Ամերիկա հարաբերություններն այս պահին այնպիսի իրավիճակում են, որ մենք պետք է շատ ակտիվ բարձրացնեք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ե՛ւ պաշտոնական մակարդակով` աշխատելով ամերիկյան դիվանագետների հետ, ե՛ւ Սփյուռքի կազմակերպությունների հետ: Երկու երկրների հարաբերություններն իրոք լուրջ վատթարացման փուլում են: Հաշվի առնելով, որ Թուրքիան շատ կողմնակալ քաղաքականություն է վարում, մենք պետք է վերադառնանք տրադիցիոն քաղաքականության, երբ Հայաստանն ու Սփյուռքը տարբեր պետությունների միջոցով փորձում էին ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը: Այո, այս իրավիճակում կարող ենք հասնել նրան, որ Ամերիկան ճանաչի Ցեղասպանությունը: ԱՄՆ-ն դրան շատ մոտ է. եթե չեմ սխալվում 47 նահանգ Ցեղասպանությունը ճանաչել է: Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների պատկերին՝ Թուրքիան մեծ ծրագրեր ունի Ռուսաստանի հետ, նախատեսում է համատեղ ատոմակայանի կառուցում, զենքի վաճառք եւ այլն: Պարզ է, որ այս ամենը Միացյալ Նահանգներում աննկատ չի անցնի: Կարծում եմ` ԱՄՆ-ն կօգտագործի տարբեր լծակներ` Թուրքիային հարվածելու համար: 
«Արեւելք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆ.
- Մի քանի ամիս առաջ, երբ թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն նկատվեց, այդ ժամանակ նույնպես ասացի, որ մենք չպետք է դրանից ոգեւորվենք, քանի որ այս միջադեպերը խորը չեն: Թուրք-ամերիկյան հարաբերություններն իսկապես ռազմավարական են, եւ չպետք է կարծել, որ նման միջադեպերը կարող են հանգեցնել նրան, որ երկու երկրների հարաբերությունները վատթարանան: Այստեղ խնդիրն այն է, որ Էրդողանն իր իշխանությունը բավականին ամրապնդել է, Թուրքիան այսօր տարածաշրջանում ունի մեծ ազդեցություն եւ ապահովում է իր ներկայությունը հատկապես Սիրիայում եւ Իրաքում, ինչը, բնականաբար, դուր չի գալիս ԱՄՆ-ին: ԱՄՆ-ն ամեն կերպ ցանկանում է Սիրիայում եւ Իրաքում կանխել Թուրքիայի ազդեցությունը, բայց ինչպես տեսնում ենք, դա չի ստացվում: Բառացի մի քանի օր առաջ թուրքական բանակը կրկին մտավ Սիրիա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ցավոք, մենք այս խաղում չկանք: Եթե թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պարագայում Հայաստանը փորձի օգուտներ քաղել, ապա կլինի այն, որ ԱՄՆ մեկ նահանգ եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Չնայած պետք է նկատենք, որ այս ստեղծված իրավիճակն ինչ-որ տեղ մեր օգտին է, որովհետեւ Թուրքիայի բանակը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա, որը հնարավորություն է տալիս որոշ ժամանակ շունչ քաշելու եւ հասկանալու հետագա անելիքները: 
Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ.
- Վերջին ընտրություններում, երբ Թուրքիայի նախագահ ընտրվեց Էրդողանը,  երկիրը հասցրեց անկայուն վիճակի: Տեսնում ենք, որ Թուրքիայի հարաբերությունները տարբեր երկրների հետ լավանում ու վատանում են: Թուրքիան լավ հարաբերություններ չունի Ռուսաստանի, Եվրամիության, Մերձավոր Արեւելքի հետ: Գուցե այս ամենով՝ Էրդողանը նոր միֆ է փնտրում, բայց չի գտնում: Այս իրավիճակում Հայաստանի քաղաքականությունը պետք է լինի պասիվ-դիտողական, միայն Վաշինգտոնում հայկական լոբբինգը պետք է շատ լավ աշխատի: Սա այն իրավիճակը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե Ամերիկային ձեռնտու լինի եւ անհրաժեշտ, ապա առանց Թուրքիայի հետ հարաբերությունները հաշվի առնելու՝ Ցեղասպանությունը կճանաչի:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, թե ինչ օգուտ կարող է քաղել Հայաստանը` ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններից:
1. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հազիվ թե այնքան թշնամական դառնան,  որ ԱՄՆ-ն ճանաչի  Հայոց ցեղասպանությունը- 63%:
2. Թուրքիայի ինքնուրույնության ձգտումն արդեն իսկ այնքան է փչացրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որ ԱՄՆ-ն կարող է գնալ Ցեղասպանության ճանաչմանը- 25%:
3. Դժվարանում են պատասխանել- 12%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА