ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անձնական վիրավորանք հասցնել ոչ մեկն իրավունք չունի». Հասմիկ Սարգսյան

13.10.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Անձնական վիրավորանք հասցնել ոչ մեկն իրավունք չունի». Հասմիկ Սարգսյան

Երեւանի ավագանու նիստերին փոխադարձ վիրավորանքներն ու հայհոյանքները կամաց-կամաց դառնում են աշխատանքային գործընթացի անբաժանելի մասը: Եվ եթե նախկինում Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության երեք կանանց սադրանքներին ժպիտով էին վերաբերվում մյուսները, ապա այժմ արդեն համբերության բաժակը կարծես լցվել է, եւ վիրավորանքներն արժանանում են համարժեք հայհոյանքների: Դրա հետեւանքով էլ տպավորությունն այնպիսին է, որ արժանի են միմյանց ե՛ւ վիրավորողը, ե՛ւ հայհոյողը: Այնպես որ, «Երկիր ծիրանիի» նախընտրական խոստումը, թե դժոխքի են վերածելու քաղաքապետարանի կյանքը, որոշ չափով իրականություն է դառնում: Սա չի հերքում նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամոր Արեյանը` ասելով. «Ի սեր Աստծո, եթե որոշել եք ինչ-որ ցնորքով մեր կյանքը դժոխք դարձնել, ես այլեւս համոզված եմ` տհասության բնածին վկայականով Աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք»: Լարված մթնոլորտի եւ Երեւանի ավագանու այս շաբաթվա նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ հնչեցված քննադատությունների մասին էլ «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավանագու ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԴԺՈԽՔ Է ԴԱՐՁԵԼ»

– Տիկին Սարգսյան, հետեւելով Երեւանի ավագանու նիստերին` տպավորություն է, որ «Երկիր ծիրանիին» հաջողվում է դժոխքի վերածել քաղաքապետարանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չեմ կարծում, թե դժոխք է դարձել, չնայած` դժոխքում չեմ եղել: Դրական, շատ լավ աշխատանքային գործընթաց է: Մնացածը, ինձ թվում է, անհատական կարծիքներ են, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի իր տեսակետը հայտնելու: Ամեն դեպքում, համարում եմ, որ ավագանու աշխատանքը շատ արդյունավետ է:

– Այդուհանդերձ, ավագանու նիստերին փոխադարձ վիրավորանքները գերակշռում են բովանդակային քննարկումներին...

– «Երկիր ծիրանիին» խորհուրդ կտամ անձնական վիրավորանքներ ոչ մեկի հասցեին չասեն, որովհետեւ դրա բարոյական իրավունքը նախ նրանք չունեն, եւ բացի դրանից, վիրավորանքները նաեւ իրավական դաշտ են տեղափոխվում: Կարելի է արած աշխատանքը, գործողությունները գնահատել դրական կամ բացասական,  բայց մարդուն անձնական վիրավորանք հասցնել ոչ մեկն իրավունք չունի:

«ԱՅՍ ԵՐԿՈՒ ՀԱՐՑՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԶՈՒԳԱՀԵՌԵԼ ՉԷՐ ԿԱՐԵԼԻ»

– Պարզվեց, որ «Երկիր ծիրանին» դեմ է ե՛ւ ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին ու բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումներ արժանացնելուն, ե՛ւ ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթեւոսյանին, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուդոլֆ Ղեւոնդյանին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Սեւակ Ավետիսյանին բնակարան տալուն: Որքանո՞վ էին հիմնավորված հակափաստարկները:

– Ամեն մեկն իր մասնավոր կարծիքը հայտնեց, կարծում եմ` լուրջ գաղափարական մոտեցումներ «Երկիր ծիրանին» չուներ, եւ ավագանին ճիշտ որոշում կայացրեց: Մարդիկ արժանավոր էին եւ ստացան իրենց արժանի պարգեւները:

– Երեւանի ավագանու «Երկիր ծիրանիի» անդամներն ասում էին, որ տասնյակ զոհված զինծառայողների ընտանիքներ ունենք, որոնք բնակարանի խնդիր ունեն, բայց բնակարաններ այսօր տրվեցին մշակութային հայտնի գործիչներին... 

– Զոհված զինծառայողների ընտանիքների հետ կապված` պարոն քաղաքապետն ասաց, որ սա առանձին ծրագիր է, առանձին հոգածության կարիք ունի եւ գտնվում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում: Տվյալ պարագայում այս երկու հարցն իրար հետ զուգահեռել չէր կարելի:

«ՄՆԱՑԵ՛Ք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՇԽԱՏԵ՛Ք ՀՀ-Ի ՀԱՄԱՐ»

– Ըստ Ձեզ` ամենակարիքավորնե՞րն էին նրանք, ովքեր բնակարաններ  ստացան:

– Կարծում եմ` այո, նրանք ունեին դրա կարիքը:

– «Երկիր ծիրանին» վստահեցնում էր, որ բնակարաններ ստացողների թվում առողջ տղամարդիկ կան, որոնք կկարողանան բնակարան ձեռք բերել...

– Քանի որ ես աշխատում եմ երիտասարդների հետ, պետք է ասեմ, որ ողջունելի է, երբ մեր երիտասարդությանը ցույց ենք տալիս կանաչ ճանապարհ, խոչընդոտներից ազատում ենք եւ ասում` հնարավորինս ձեզ կօգնենք ու կաջակցենք, մնացե՛ք Հայաստանում, աշխատե՛ք Հայաստանի Հանրապետության համար, ներկայացրե՛ք ամբողջ աշխարհին Հայաստանի մշակույթը: Ողջունելի է, որ ունենք այնպիսի երիտասարդներ, որոնք աշխարհին են ներկայացնում հայկական մշակույթը: Ուղղակի, եկեք խրախուսենք նրանց, ասենք` ապրեք` ինչով հնարավոր է` կլինենք աջակից, ինչով հնարավոր է կլինենք ձեր թիկունքին: 

– Ի վերջո, այսօր ունե՞նք ծանրակշիռ ընդդիմություն` Երեւանի ավագանիում:

– Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունն այսօր ծանրակշիռ հակառակորդներ կամ ընդդիմախոսներ ունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА