ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա համատարած դավաճանություն է սեփական ազգի նկատմամբ»

13.10.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Սա համատարած դավաճանություն է սեփական ազգի նկատմամբ»

Շաբաթվա գլխավոր եւ վտանգավոր թեման Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին եւ հարակից օրենքների նախագծի շուրջ ստեղծված աղմուկն էր: Չգիտես ինչու, հենց հիմա ՀՀ արդարադատության նախարարությունը սկսեց հապշտապ զբաղվել այս օրինագիծը կյանքի կոչելու գործընթացով, որին յուրաքանչյուր գիտակից քաղաքացի դեմ է` այն համարելով ական` հայ ավանդական ընտանիքները խարխլելու ուղղությամբ: Այս ամենը հաշվի առնելով էլ` նախարարության կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանակ որոշվել էր ընդդիմախոսներին զրկել ձայնի իրավունքից, որից հետո թեման էլ ավելի լարված մթնոլորտում քննարկվեց թե՛ լսումների ժամանակ, թե՛ լսումներից հետո: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց գրող, հրապարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

«ՍԱ ՉՏԵՍՆՎԱԾ, ՉԼՍՎԱԾ ԲԱՆ Է ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ»

– Տիկին Ասատրյան, Դուք ներկա էիք վերոնշյալ օրինագծի հանրային լսումներին: Հետաքրքիր է` ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:

– Անկեղծ ասած, շատ զարմացած եմ, ինձ թվաց` ապրում եմ մի հանցագործ երկրում: Այնպես գրագետ էր ներկայացված, այնքան շատ էին փաստարկները, թե ինչքան հանցագործություններ կան... Բայց նրանցից ոչ ոք չասաց, թե ինչպե՞ս է պատահում, որ երեխաները այդքան շատ դիմում են ինքնասպանության, ինչո՞ւ հոգեկան խախտվածություն կա իրենց մեջ, ինչո՞ւ է տեղի ունենում իրավունքների չարաշահում: Մինչդեռ դրա փոխարեն, պարզապես, ներկայացնում էին  երեւույթները: Նրանցից որեւէ մեկը չասաց, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերն ինչպիսի ազդեցություն են թողնում երեխաների վրա, սա է բռնությունը:   Բռնատիրությունն այն աղանդավորական կազմակերպություններն են, որոնք ստիպում են մտնել աղանդների մեջ եւ երեխաներին դարձնում են հոգեկան հիվանդներ: Չի՛ կարելի այսպես, նման օրինագծեր մշակելու փոխարեն, փրկե՛ք նրանց, ստեղծե՛ք աշխատատեղեր: Գյուղերը մեռնում են մենությունից, մտե՛ք գյուղ, տների 90 տոկոսի դռները փակ են, նրանք էլ, ովքեր կան, տանը տղամարդ չկա, այդ երեխաները ինչպե՞ս են ապրում, որեւէ մեկը մտածե՞լ է: Երբ երեխան գնում է դաշտ, աշխատանք է անում, որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է, թե ինչու է անում, որովհետեւ մայրը կին է, մեծ է, ծեր է, խեղճ ու կրակ այդ կինը պետք է մի օգնող ունենա՞, թե` ոչ, որ գոնե պարկի բերանը բռնեն, որ կարտոֆիլ լցնի: Ոչ ոք չխոսեց այս սոցիալական անարդարության մասին: 

«ՍԱ Է ԿՈՉՎՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ»

– Ովքեր էլ պետք է խոսեին սոցիալական արդարությունից եւ օրինագծի վտանգներից, պարզապես, լսումների ժամանակ նրանց հարցեր ուղղելու եւ ելույթներ ունենալու իրավունք չտրվեց: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ներեցեք, բայց սա է կոչվում բռնություն: Բռնությունն այդտեղ էր, որ ազատ ժողովրդավարական երկրում եվրոպական օրենքներ են ընդունում, բայց թույլ չեն տալիս, որ մարդիկ արտահայտեն իրենց կարծիքը: Այդպես չի՛ կարելի, չէ՞ որ մարդիկ կարծիք ունեն: Ինչպե՞ս կարելի է հայ ընտանիքի երեխային զրկել ծնողների պաշտպանությունից, իրավունքից, սա չտեսնված, չլսված բան է հայերիս համար: Ինչպես յուրաքանչյուր ազգ, այնպես էլ մեր ազգն ունի բնավորություն, Հայաստանը օրենքների երկիր է, մինչեւ այսօր Հնդկաստանը օգտվում է Մխիթար Գոշի «Դատաստանագրքից», բայց այս մարդիկ չեն կարողանում ընկալել ու միանգամից եվրոպական օրենքներով են ուզում շարժվել: 

«ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՁԵՐ ԼՍՈՂ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

– Մասնավորապես` ի՞նչ վտանգներ եք տեսնում այս օրենսդրական փաթեթում:

– Նախեւառաջ Հայաստանում չկա բռնատիրություն, եթե կա էլ, ապա դրա համար Հայաստանում կան իրավական մարմիններ: Տիկին Նելլին (նկատի ունի` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ն. Դուրյանին - հեղինակ) զբաղվում է այդ հզոր համակարգով: Ի՞նչ ապաստարանների մասին է խոսքը, երբ Հայաստանում կան մանկատներ, որտեղ դրսում, փողոցում մնացած երեխաներին վերցնում, տիրություն են անում: Ես ուզում էի հարց տալ` այդ ինչպե՞ս պետք է որոշենք, թե որ ընտանիքում երեխաների հանդեպ բռնություն կա, այդ որտե՞ղ են լինելու ձեր լսող ականջները: Օրինագծում նշվում է, որ իրենք վարձու աշխատողներ են ունենալու, որոնք, բնական է, որքան շատ հայտնաբերեն այդպիսի ընտանիքներ, որտեղ իբրեւ բռնություն կա, նրանց աշխատավարձերը կբարձրացնեն: Դավիթ Հարությունյանը չափազանց գրագետ է, մենք գիտենք նրա իրավաբանի տեսակը, բայց այս օրենսդրական նախագծերը չեն բխում հայերի շահերից: Եթե եվրոպական երկրներից գերշահույթ, դրամաշնորհ ստանալու համար` Հայաստանում այսպիսի օրենքներ են ընդունելու, ուրեմն`  հայ ժողովուրդը դատապարտված է զրկվելու իր ընտանիքներից: Բայց չէ՞ որ Հայաստանի ընտանիքները մեր պետության հիմքն են: Եթե կորցնենք մեր պետությունների ամրությունը, ուրեմն` կորցնելու ենք մեր մի կերպ ձեռք բերված պետականությունը: Ինչո՞ւ այս հարցերի մեջ չեն խորանում, ինչ՞ու չեն վերացնում պատճառները: Կրկնում եմ` ստեղծե՛ք աշխատատեղեր, բավակա՛ն է, այս արտագաղթը սպանեց... Այս բոլոր անբարոյական երեւույթները, սպանությունները, հանցագործությունները գալիս են հենց արտագաղթից: Ինչո՞ւ են մարդիկ լքում երկիրը, փոխանակ սրա դեմն առնելու, հիմա էլ ուզում են հայկական ընտանիքներից երեխաներին վերցնել: Հանցագործություն է հայ ընտանիքներին իրենց երեխաներից զրկելը: Սա համատարած դավաճանություն է սեփական ազգի նկատմամբ: Պետք է մարդկային օրենքներ ստեղծվեն: 

«ՈՏՔԻ ԵՆՔ ՀԱՆԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻՆ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ»

– Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք: Ինչպե՞ս եք տեսնում ելքը...

– Հայն իր ողջ կյանքում երկու բանի համար իրեն չի խնայել` հայրենիքի ու երեխաների: Նա իրեն կզոհի հայրենիքի (անցյալ տարվա ապրիլը ձեզ օրինակ) եւ  իր երեխաների համար: Մեկը սպանում է գենն ու ոչնչացնում ընտանիքների գոյությունն ու ամրությունը, մյուսներս ատամներով պաշտպանում ենք, ինչի համար էլ ստեղծել ենք «Մայրազորը»` հանուն հայրենիքի, հանուն Հայքի, եւ այս  կազմակերպության միջոցով ոտքի ենք հանելու բոլոր մայրերին` ի պաշտպանություն մեր ընտանքիների, մեր երեխաների, մեր պետականության: Մենք շատ դժվարությամբ ենք պետականություն ստեղծել, դեռ իրենք չգիտեն, թե վաղը մյուս օրը այս օրինագիծն ինչ փորձություններ է բերելու իրենց գլխին եւ հայոց մի բուռ պետականության, որը շրջապատված է բազմաթիվ թշնամիներով: Չի՛ կարելի հասարակության անվտանգությունը խախտել, իրավաբանները թող զբաղվեն դրանով, ոչ թե ընտանիքները մտնեն: Թող տիկին Նելլին ապահովի այն երեխաներին, որոնք այսօր փողոցում են մնացել, թող դաստիարակեն եւ վերադարձնեն ծնողներին: Ի վերջո, նայե՛ք թե ընտանիքներում այսօր ինչ խնդիրներ կան, դրանք լուծե՛ք: Հայրը աշխատանք չունի, մայրը ծանր հիվանդ է, երեխան մնացել է փողոցում, մարդասիրություն ունեցե՛ք, հարուստ ընտանիքների հետ խոսեք, միլիարդատերերի հետ խոսեք, որոնք խեղդվում են իրենց միլիարդների մեջ, թող մի քիչ օգնություն կազմակերպեն: Սա պետք է լինի մեր մտահոգությունը, այս հարցերին պետք է ուշադրություն դարձնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА