ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարողացանք լուծել այնպիսի հիմնախնդիրներ, որոնց լուծումը անհնարին էր թվում»

13.10.2017 17:02 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կարողացանք լուծել այնպիսի հիմնախնդիրներ, որոնց լուծումը անհնարին էր թվում»

«Իրավունքի» զրուցակիցն է Ստեփանավանի քաղաքապետ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքապետի ջանքերով կյանքի կոչված ծրագրերի,  ներկա խնդիրների, ինչպես նաեւ առաջիկա համայնքների խոշարցմանն ուղղված ընտրություններից ակնկալիքների եւ մի շարք այլ հարցերի շուրջ: 
Պարո՞ն Ղարաքեշիշյան, նախ անդրադառնանք Ստեփանավանում տեղի ունեցած փոփոխություններին. վերջին հինգ տարվա ընթացքում ի՞նչ ծրագրեր են հաջողվել կյանքի կոչվել:
Վերջին հինգ տարիները մեր քաղաքի համար առանցքային նշանակություն ունեցան. կարողացանք լուծել այնպիսի հիմնախնդիրներ, որոնց լուծումը անհնարին էր թվում: Բայց այդ ամենի մասին շատ է խոսվել. նախընտրում եմ անդրադառնալ վերջին մի քանի ամիսների ձեռքբերումներին: Ամենակարեւորը` Ձախափնյակ թաղամասում բոլորովին նոր, գերժամանակակից մանկապարտեզի շահագործումն էր, որը կառուցեց եւ մեր քաղաքին նվիրեց Կարապետյանների ընտանիքը`  ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ: Այսօր կառավարության միջոցներով վերակառուցվում է Ստեփանավանի միակ համաբուժարանը, որի շենքային պայմանները, մեղմ ասած, վատ վիճակում էին: Ոչ պակաս կարեւոր է ճանապարհաշինությունը. քաղաքի բյուջեով եւ կառավարության հրատապ ծրագրով մի շարք փողոցներում այսօր էլ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:

«ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԵՍ ԵՒ ԻՄ ԹԻՄԸ ՈՒՆԵՆՔ»

 Այս տարիների ընթացքում Ստեփանավանում սեփական եկամուտները մշտապես հավաքագրվել են հարյուր տոկոսով, քաղաքն ամբողջությամբ ապահովվել է գիշերային լուսավորությամբ, բոլորովին վերջերս իմ նախաձեռնությամբ Աշոտաբերդ թաղամասում կառուցվեց եւ շահագործման հանձնվեց խաղահրապարակ: Լուրջ ձեռքբերումներ ունենք նաեւ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներում, որը չնկատել հնարավոր չէ: Մշտապես ուշադրության կենտրոնում են քաղաքի կանաչապատման աշխատանքները. մի քանի փուլով իրականացվել է լայնածավալ ծառատունկ, քաղաքային տնտեսությունն աշխատում է ժամացույցի պես, եւ ոչ մի խնդիր չի վրիպում մեր աչքից: Եթե դրանք լուծելու հնարավորությունը չունենք, հանդիպում ենք բնակիչների հետ, խելք խելքի տալիս ու փորձում համատեղ ջանքերով գտնել լուծումներ: Սա բոլորիս քաղաքն է, եւ հպարտ եմ, որ ստեփանավանցիները մշտապես աջակցում են քաղաքապետարանին եւ մեր բոլոր նախաձեռնություններում սատար են կանգնում. հենց սա էլ մեր հաջողության գրավականն է: Երկար կարող եմ թվել ձեռքբերումները, բայց ամենակարեւորը ավելին անելու պատրաստակամությունն է, որը ես եւ իմ թիմն ունենք:

«ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՑՈՒ ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՌԱՎԵԼ ԱՆՀՈԳ ԵՒ ԱՊԱՀՈՎ»

Ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ հիմնախնդիրներ, որոնք ուզում եք` օր առաջ լուծում ստանան:
Շատ կարեւոր հարց է: Առաջին հերթին մենք ցանկանում ենք Ստեփանավանը դարձնել տուրիստական կենտրոն: Որպեսզի հասնենք ցանկալի հաջողության, իհարկե, մեծ ներդրումներ են հարկավոր: Մենք` որպես համայնքապետարան, պատրաստ ենք համագործակցել ներդրողների հետ եւ փնտրում ենք մեծ ներդրողների, մինչ այդ մեր փոքր հնարավորություններով, ինչպես նաեւ կառավարության, Լոռու մարզպետարանի հետ համագործակցելով եւ ունենալով նրանց բարձր աջակցությունը, փորձում ենք տեղում չմնալ եւ տուրիզմի զարգացած կենտրոն դառնալու նախնական աշխատանքներ իրականացնել:
Օրակարգային խնդիրները շատ են` քաղաքում ենթակառուցվածքների զարգացում, Աշոտաբերդ թաղամասի 290 ընտանիքների բնակապահովում եւ այլն: Բայց պետք է նշել, որ մենք գնալով մոտենում ենք այս խնդիրների լուծմանը: Ես հավատում եմ, որ համատեղ ուժերով կկարողանանք ստեփանավանցու կյանքը դարձնել առավել անհոգ եւ ապահով:

«ՄԵՐ ԵՐԵՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԴՌՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ, ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԲԵՐԵԼՈՒ ԵՒ ԱՎԵԼԻԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Ստեփանավանում կրկին ընտրություններ են սպասվում` այս անգամ համայնքների խոշորացման: Ի՞նչ ակնկալիքներ կան համայնքների խոշորացումից, եւ ո՞ր համայնքները կմիանան Ստեփանավանին:
Այս ընտրություններն իրենց տեսակով, իհարկե, խիստ կտարբերվեն: Մենք կանգնած ենք անչափ կարեւոր որոշման առջեւ: Բնակիչների համաձայնության դեպքում Ստեփանավան, Կաթնաղբյուր եւ Ուրասար համայնքները պետք է դառնան մեկ համայնք: Հասկանալի է, որ այս իրավիճակում պետք է որոշակիորեն փոխվեն առաջնահերթությունները, մշակվեն գործելակերպի նոր ուղիներ: Միավորվելու գաղափարն ինքնին խորհրդանշում է ավելին անելու, ավելի ուժեղ դառնալու ուղին: Մի քանի առիթով ասել եմ եւ կրկնում եմ. այսօր մեր առջեւ խնդիր ունենք հասարակությանը հնարավորինս շատ ներկայացնել միավորման բոլոր առավելությունները, որպեսզի որոշումը լինի գիտակցված, եւ յուրաքանչյուրը դառնա մասնակից ու շահագրգիռ: Սա մեր երեք համայնքների համար նոր դռներ բացելու, նոր ներդրումներ բերելու եւ ավելիին հասնելու հնարավորություն է:
Այսօր մեր մարզում ունենք խոշորացված համայնքների լավագույն օրինակներ, որոնք, անշուշտ, չափանիշ կդառնան մեզ համար, բայց եւ մեր համայնքների առանձնահատկություններին եւ խնդիրներին համահունչ` մշակել ենք հստակ ծրագրեր եւ պատրաստ ենք լծվել առավել շոշափելի առաջընթաց ունենալու գործին: Բոլոր դեպքերում բոլորիս նպատակը նույնն է` ունենալ ձեռքբերումներ, ստեղծել աշխատատեղեր, դառնալ ավելի մեծ եւ առավել ուժեղ: Համայնքների խոշորացման կամ համայնքային այս ընտրությունները հասարակությանը հնարավորություն են տալիս "այո" ասել դրական տեղաշարժին: Ստեփանավանի համայնքապետարանն իր թիմով քանիցս ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը եւ մշտապես իր վերաբերմունքն է արտահայտել խնդիրների եւ դրանց լուծման ուղիների նկատմամբ: Այսօր մեր թիմի վերաբերմունքը հետեւյալն է. մենք ցանկանում ենք
միավորվել եւ պարարտ հող ստեղծել առավել արդյունավետ կառավարման եւ նոր ներդրումների համար, որից բխում են համայնքների հիմնական շահերը:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА