ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի մեկնարկը` հոկտեմբերի 25-ին

13.10.2017 00:35 ՄՇԱԿՈՒՅԹ
Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի մեկնարկը` հոկտեմբերի 25-ին

Երեւանում առաջին անգամ կանցկացվի Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե, որի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 25-ին ՆՓԱԿ-ում: Այն կանցկացվի ‹‹Մշակույթների երկխոսություն›› կազմակերպության նախաձեռնությամբ:

Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է եւ ժամանակատար: Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, որոշ արվեստագետներ շարունակում են հրաժարվել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից եւ նախընտրում են աշխատատար` վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերեւս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատեւ եւ դժվարին գործընթացներում:

Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի նպատակը ավանդական գեղարվեստական տպագրության ոլորտում առկա մերօրյա զարգացումները, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, ինչպես նաեւ դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների եւ արդի գաղափարների միախառնման եւ միահյուսման մշտադիտարկումը:

Բիենալեին կներկայացվի 228 արվեստագետների 449 աշխատանք` 50 երկրներից:  Միջազգային ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Հայաստանից` Ինգա Հեամեգի (Էստոնիա), Ախիմ Կյոնեկե (Գերմանիա), Մաթեուշ Օտրեբա (Լեհաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Սոնա Հարությունյան (Հայաստան):

Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել են գլխավոր մրցանակ, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ: Որոշ աշխատանքներ կարժանանան նաեւ պատվոգրերի:

Երեւանյան բիենալեն վստահաբար տարածաշրջանում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների համար միջազգային նոր հարթակ կդառնա եւ կխթանի ոլորտի մասնագետների, ուսանողների, արվեստասեր հանրության հետաքրքրությունը դեպի արվեստի այս ճյուղը:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА