ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն չէ, որ պիտի մեզ հուշի, թե արևմտահայերենը վտանգված լեզուների շարքում է»

12.10.2017 20:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն չէ, որ պիտի մեզ հուշի, թե արևմտահայերենը վտանգված լեզուների շարքում է»

Հոկտեմբերի 9-ին, Ծաղկաձորում գտնվող գրողների միության տանը տեղի ունեցավ սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների վեցերորդ համաժողովը` «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև» խորագրով։ Համաժողովին զեկույցներով հանդես եկան Պետրոս Դեﬕրճյանը, Վարդան Դևրիկյանը, Սուրեն Աբրահամյանը, Սաթենիկ Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Քնարիկ Աբրահամյանը և այլոք: Մասնակցեցին 17 երկրից Հայաստան ժամանած 46 գրողներ: Եկել էին Աﬔրիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Իսրայելից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից և այլ  երկրներից:

   Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով համաժողովի ժամանակ քննարկվում են ժամանակակից հայ գրականության խնդիրները կապված տպագրելու, թարգմանելու, և տարածելու հետ:

   ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով մեր գրականությունը, ինչպես և մեր ազգը սփռված է աշխարհով մեկ: Համաժողովն էլ առիթ է, որ տեսնենք և հնարավորինս ի մի բերենք մեր գրականության բազմազանությունն ու հարստությունը, - «Խոսքս արևլահայերենի ու արևմտահայերենի, դասական և աբեղյանական ուղղագրության մասին է, որոնք առաջին հայացքից, ինչ-որ կերպ իրար հակադրվում են, սակայն այսօրինակ հանդիպումներով պետք է կարողանանք այդ հակադրումը վերածել համադրության: Դրանք մեր ազգային արժեքավոր բաղադրիչներն են և ՅՈՒՆԵՍԿՕ-ն չէ, որ պիտի մեզ հուշի, որ արևմտահայերենը վտանգված լեզուների շարքում է: Մենք ինքնագիտակցության այդ մակարդակը պիտի օգտագործենք, որպեսզի այսպիսի համաժողովներով կարողանանք այդ հակադրությունները հաղթահարել», -ասաց Ներսես Տեր Վարդանյանը:

   Սփյուռքահայ գրող Հակոբ Պալյանի խոսքով՝ համաժողոﬖ ունի ﬔծ դեր և նշանակություն, սակայն, կարծում է, որ համաժողովի այս տարբերակն այդքան էլ արդյունավետ չէ. «Ես կնախընտրեի, որ ի սկզբանե խմբակների բաժանվեինք ու խմբակային քննարկումներ լինեին: Զեկույցի տարբերակը սխալ է, այստեղ լսում ես, այնտեղ՝ մոռանում: Հինգ զեկույց է ներկայացվել, բայց  արդեն դրանց բովանդակությունից ոչինչ չեմ հիշում: Կարծում եմ ճիշտ կլիներ, որ նախորոք տրամադրվեին այդ նյութերը, մենք էլ ծանոթացած գայինք և քննարկեինք», -նշեց Պալյանը:

  Խոսելով օտարագիր գրողներից ու գրականությունից, Պալյանն ասաց, որ հայ գրականության անցագիրը հայոց լեզուն է: «Որքան էլ սիրում եմ Ֆրանց Վերֆելին, որը հայերին վերաբերող խնդիր է բարձրաձայնում իր ստեղծագործությամբ, ﬕևնույն է, դրանով Վերֆելը հայ գրականության ներկայացուցիչ չի դառնում: Գրականությունը, ստեղծագործությունը պատկանում է այն լեզվին, որով արտահայտվում է», -ավելացրեց Հակոբ Պալյանը:

   Բայց փաստ է նաև, որ սփյուռքի շատ գրողներ, գրում են այդ երկրի մայրենի լեզվով: Պոլսահայ գրող Պըչաքչը Լյուսան գրում է թուրքերեն իր երկրորդ գիրքը: Ի տարբերություն առաջին գրքի, որը չափածո ստեղծագործությունների ժողովածու է, երկրորդում նա զետեղել է տատիկից լսած հայկական հեքիաթներն ու պատմությունները: «Իմ ընտանիքի պատմությունն է: Հայ լինելուս մասին խոսքեր կլինեն: Մեզ հետ մեծ մայրիկս էր ապրում և շատ լավ հիշողություն ուներ, նրանից եմ լսել շատ հեքիաթներ: Ուզում եմ տեր կանգնել այդ հեքիաթներին, որպեսզի հետո էլ իմ զավակները տեր կանգնեն այդ հեքիաթներին: Իմ ընտանիքն էլ շատ հայ ընտանիքների պես դժվար օրեր է տեսել: Մենք հայ լինելով այդ հեքիաթը պիտի պահենք, ուրիշ հեքիաթներին էլ պիտի ականջ դնենք, որ ավելի լայնորեն տեսնենք, լսենք ու զգանք աշխարհը», -ասաց գրողը:

  Ամերիկահայ գրող Վահագն Սարգիսի կարծիքով էլ, այսօրինակ համաժողովները  կենսական նշանակություն ունեն, քանի որ դժվար է գլոբալիզացիայի պայմաններում հայոց լեզուն և հայ գրականությունը սփյուռքում պահելն ու տարածելը: «Նոր սերունդը հայերեն չի խոսում և չի կարդում: Այնտեղ գիրք գրելը խենթության է նման, սակայն մենք դրան ասում ենք սրբազան խենթություն: Հաճույքները, ժամանցն ու ճաշկերույթները գերադասում են կարդալուց: Թեքեյանը ժամանկին ասել է, -ոտանավորը կուտվի՞, չի ուտվի, -ուրեմն ժողովուրդը ուտելիք է փնտրում, իսկ հոգեկան ուտելիք չի փնտրում», -մտահոգվում է վահագն Սարգիսը:

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА