ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գրքի գիշեր» ծրագիրն այս տարվանից կդառնա ամենամյա

12.10.2017 20:08 ՄՇԱԿՈՒՅԹ
«Գրքի գիշեր» ծրագիրն այս տարվանից կդառնա ամենամյա

ՀՀ մշակույթի նախարարության,  Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Բուկինիստ» ընկերությունը հոկտեմբերի 14-ին, «Բուկինիստ» գրախանութում եւ հարակից՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում կանցկացնի «Գրքի գիշեր-2017» ծրագիրը:

«Գրքի գիշեր-2017» ծրագրի միջոցառումները կեսգիշերից հետո կշարունակվեն առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների ձեւաչափով:

Գրքատոնին ընդառաջ Միսաք Մանուշյանի անվան պուրակում հրավիրված ասուլիսում «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց. «Այստեղ՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում մենք նախաձեռնել ենք 19 միջոցառում, այդ թվում՝ հանդիպումներ գրողների հետ, տիկնիկային ներկայացում, գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, թեյախմություն, հեղինակային երգի համերգ ու տարբեր անակնկալներ: Տոնահանդեսի ողջ ընթացքում «Բուկինիստ» գրախանութի ամբողջ տեսականու համար կգործի 30 տոկոս զեղչ: Կեսգիշերից մինչեւ առավոտ մեր օնլայն գրախանութում եւս գրքերը կվաճառվեն 30 տոկոս զեղչով: Համոզված ենք, որ միջոցառումը մեծ հաջողություն է ունենալու, որովհետեւ մեզ լուրջ աջակցություն են ցուցաբերել մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը»:

«Մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվող այս նախագիծը կդառնա ավանդույթ եւ կներառվի «Էրեբունի-Երեւան» ամենամյա միջոցառումների ցանկում՝ իբրեւ փառատոն»,-հայտարարեց Ռուբեն Հուվհաննիսյանը:

«Այս եւ դեռեւս անցյալ տարի կազմակերպված «Գրքի գիշերն» ու «գրքախառնությունը» ապացուցեցին, որ սին է այն կարծիքը, թե հասարակությունը հեռացել է գրքից: Ավելին՝ այդ միջոցառումներն ապացուցեցին, որ գիրքն է այն ուղիղ, կարճ եւ շիտակ ճանապարհը, որով մեր երեխաներին առաջնորդելու ենք դեպի մեր հայրենիքի ցանկալի տեսլականը»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Իր խոսքում նախարարը նաեւ հույս հայտնեց, որ միջոցառումը ձեւական բնույթ չի կրի, այլ կունենա իր լուրջ ազդեցությունը՝ ընթերցողների աճի, գրավաճառ ցանցի կայացման, գրականության տարածման ու հանրահռչակման առումով: Նախարարը նաեւ հիշեցրեց, որ այս օրերին Ֆրանկֆուրտում ընթանում է Գրքի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է բավականին շքեղ եւ ներկայանալի տաղավարով:

«Նոյեմբերի առաջին ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում կանցկացվի «Գրքի փառատոնը», որտեղ կներայացվի պետական աջակցությամբ հրատարակվող գրքերի մրցութային կարգը: Մրցութային կարգով են ընտրվելու այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք կհրատարակվեն պետական աջակցությամբ եւ հովանավորությամբ: Այնպես որ միջոցառումների այս ցանկը՝ սկսած «Գրքի գիշերից» բավականին լուրջ ազդեցություն կարող են ունենալ գրքի ստեղծման, տարածման ու հանրահռչակման գործում»,-ասաց նախարարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА