ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ–ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից 17 մլն դոլար ֆինանսավորում կստանա

12.10.2017 19:55 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ–ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից 17 մլն դոլար ֆինանսավորում կստանա

Այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ն նշում են Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության 25-ամյակը։ Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեզերն ասաց, որ ընթացիկ տարվա համար Հայաստանը ԱՄՆ կողմից ստանալու է 17 միլիոն դոլար ֆինանսավորում՝ երկրում իրենց ծրագրերի իրականացման համար։ 
 

 

 

«Այդ միջոցները կուղղվեն տուրիզմի զարգացմանը, էներգետիկ ոլորտին, ժողովրդավարական բլոկի ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» տվյալների Հայաստանը կոռուպցիոն առումով ռիսկային երկիր է, լավ դիրքերում չի գտնվում, այդչափ օգնություն տրամադրելով Հայաստանին՝ մտավախություն չունեն, որ դրանք մսխվելու են, այլ ոչ թե ծառայելու են նպատակին, Դեբորա Գրեզերն այսպես արձագանքեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանը կատարում է քայլեր, որոնք միգուցե փոքր քայլեր են, բայց, մեր գնահատմամբ, դրանք ճիշտ ուղղությամբ տարվող քայլեր են»:

Նա նաև նշեց, որ մոտ օրերս ինքն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախատեսում են հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետի հետ, որպեսզի քննարկեն Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն գործողությունները։

«Մենք՝ որպես միջազգային զարգացման գործակալություն չենք ցանկանում առաջատար դիրք գրավել այդ աշխատանքների կատարման հարցում, այլ ցանկանում ենք օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Մենք այժմ գտնվում ենք քննարկման փուլում, թե ինչ նպատակների կարող ենք ուղղել մեր կողմից հատկացվելիք 800 հազար դոլարը»,- շեշտեց նա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА