ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են եկել «փրկելու» մեր բազմադարյա քրիստոնեական ազգը (Բացահայտում)

11.10.2017 22:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ովքեր են եկել «փրկելու» մեր բազմադարյա քրիստոնեական ազգը (Բացահայտում)

Բարեգործությունը հայ իրականության մեջ վաղ ավանդույթներ ունի։ Հայ Առաքելական Եկեղեցին դեռեւս սկզբնավորման ակունքներից՝ IV-V դարերում, բարեգործական ծրագրեր է նախաձեռնել՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը, դպրության եւ առհասարակ հայ մշակույթի տարատեսակ բնագավառների կայացմանը։ Հետագա դարերում եւ մինչ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին շարունակել եւ շարունակում է մարդասիրական եւ բարեսիրական գործունեությունը՝ հատուկ հոգատարություն ցուցաբերելով աղքատներին, կույրերին, անդամալույծներին։ Այս մասին նշում է «Դիալոգ» հկ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ եւ զգուշացնում, որ  որտեղ գործում է Աստծո շնորհը, այնտեղ միշտ գործում են նաեւ սատանայի լծակները. «Հավատքից հեռու մարդիկ շատ անգամ դիտարկում են կրոնական կազմակերպությունները՝ որպես Եկեղեցուն նման միավորումներ, որոնք իրարից տարբերվում են ընդամենը որոշակի դավանական հիմքերով։ Դրա մեջ կա ճշմարտություն, սակայն հոգեւոր տեսանկյունից աղանդները շատ ավելի լուրջ խնդիր են հետապնդում. այն է՝ թուլացնել Քրիստոսի Եկեղեցին եւ հեռացնել մարդուն քրիստոնեական հավատքից։ Եկեղեցուց հեռու մարդիկ կարծում են, թե աղանդներն ավելի առաջադեմ մոտեցումներով են գործում, սակայն Եկեղեցու գործունեությանը եւ դավանանքին ծանոթ մարդիկ հստակ պատկերացնում են, որ աղանդներն իրականում ընդօրինակում են եւ փորձում են խեղկատակել Քրիստոսի եւ Եկեղեցու կողմից հիմք դրված այն բոլոր նախաձեռնությունները, որոնք իրականում ուղղված են մարդու փրկությանը, կյանքի որակի բարելավմանը, հոգեւոր եւ անձնային արժեքների բարձրացմանը»։

Ա. Մուրադյանը ընդգծում է, որ աղանդը կամ հերետիկոսությունն իր սկբնավորման ակունքներում հետապնդել է Քրիստոսի Եկեղեցուն` փորձելով նմանակել Եկեղեցու գործունեությունը եւ միաժամանակ սեփական համակարգը միշտ ներկայացրել է որպես ավելի լավ կրոն կամ դավանանք, քան ավանդական Եկեղեցունը. «Միաժամանակ իրենց համակարգի մեջ ներդրել են սեփական նպատակները՝ ոչ առանց շահի, փառասիրության, մարդկանց կամքին բռնանալու փորձերով ու մարդկանց իրենց ազդեցության տակ պահելով։ Այդպիսի խեղաթյուրումների շարքում են նաեւ աղանդների կողմից կատարվող բարեգործական տարատեսակ ծրագրերը՝ անգլերենի ուսուցման դասընթացներով, հաշմանդամների բժշկություններով, թմրամոլների բուժմամբ, անվճար մերսումներով եւ այլն: Դրանց իսկության ուսումնասիրություններ գրեթե չկան՝ շատ կցկտուր ու սակավաթիվ են, սակայն կիրառվող խարդախության մեխանիզմները նախկինում բացատրվել են Եկեղեցու հոգեւոր հայրերի, վերջին տարիներում՝ նաեւ սոցիալական հոգեբանների կողմից»։

Վերոհիշյալ խեղկատակությունների շարքին են պատկանում վերջերս Երեւանի շենքերում հայտնված թերթոնները, որոնցով առաջարկվում են Հորդանանի ջրով բուժումներ կատարել կամ Երուսաղեմից օրհնված յուղ են բաժանում՝ նրանց համար, ովքեր իրենց կյանքում ունեն դժվարություններ, դժբախտություններ, անբուժելի հիվանդություններ, անհաջողություններ, եւ նույնիսկ ներկայացվում են որպես ամոքիչ միջոց անեծքների դեմ, ինչին անդրադառնալով՝ «Դիալոգ» հկ նախագահը ուշագրավ բացահայտումներ է արել եւ ուսումնասիրել, թե ովքեր են եկել «փրկելու» մեր բազմադարյա քրիստոնեական ազգը. «Գաղտնիք չէ, որ շատ աղանդներ Հայաստանում գրանցվել են որպես բարեգործական կազմակերպություններ։ Այսպիսի՝ իրեն բարեգործական ներկայացնող կազմակերպություններից է նաեւ պետական գրանցում ստացած «Օգնության կենտրոն» բարեգործական ՀՄԴ-ն, որը գրանցված է բրազիլացի ոմն Դիեգո Սիլվայի անունով։ Այս պահին կազմակերպությունն իր ակտիվ գործունեությունն է ծավալում ք. Երեւան Ազատության պողոտա 13/1 հասցեում վարձակալած տարածքում՝ թերթոններ բաժանելով Հորդանանի ջրի եւ օրհնված յուղի մասին: Ի դեպ, նրանք որպես տեղանքի ուղեցույց օգտագործել են շենքի վրա փակցված «Մերի Քեյ» կազմակերպության ցուցանակը (բազմաթիվ մարդիկ կարծել են, թե հենց «Մերի Քեյ»-ի գրասենյակն է դրանով զբաղվում):  Սակայն կազմակերպության նպատակը բնավ բարեգործությունը չէ: Դիեգո Սիլվան` իր կնոջ Արիանա դա Սիլվայի հետ, հանդիսանում են «Աստծո թագավորություն» աղանդի քարոզիչներ»:

Ըստ Ա. Մուրադյանի տեղեկությունների, «Աստծո թագավորություն» աղանդը հիմնադրվել է 1977-ին նախկին կաթոլիկ հոգեւորական Էդիր Մասեդոյի կողմից: Մինչ այդ նա մեղադրվել էր խարդախությունների, թմրանյութերի անօրինական վաճառքի, իսկ հետագայում՝ որպես այդ աղանդի հոգեւոր հովիվ՝ նաեւ անդամավճարների գողության եւ յուրացման մեջ. «Այս աղանդը ներթափանցել է Ռուսաստան աղանդների գործունեության «վերելքի» շրջան հանդիսացող 90-ականներին եւ կենտրոններ հիմնել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: Մասեդոն մի քանի տարի է, ինչ ընդգրկված է «Ֆորբս» ամսագրի ամենահարուստ մարդկանց ցանկում, ընդ որում՝ հենց ինքն է նշում, որ այս պահին նա ոչ միայն Բրազիլիայի ամենահարուստ քարոզիչն է, այլ նաեւ ողջ աշխարհի, որը հարստանում է իր հետեւորդների անդամավճարների հաշվին։ Աղանդը շատ երկրներում հիմնում է այսպիսի «Օգնության կենտրոն» բարեգործական կազմակերպություններ, որոնք առաջին հայացքից հիշեցնում են հոգեբանական կենտրոններ, սակայն մանրամասն ուսումնասիրության արդյունքում հայտնի է դառնում, որ դրանք օգնության կենտրոնների տակ գործող աղանդ են, որոնք քարոզչություն են իրականացնում եւ իբր աղոթքների միջոցով փորձում ազատել մարդկանց իրենց կյանքի հոգսերից եւ դժվարություններից` դրա դիմաց վճարներ հավաքագրելով»:

«Դիալոգ» հկ նախագահին հաջողվել է պարզել, որ այդ կենտրոններում ակտիվ օգտագործվում են ներշնչման լուրջ հոգեբանական մեխանիզմներ. «Նոր ընդգրկվող անդամները ծրագրավորվում են նաեւ ժամկետներով`  «52 օրում դուք կհարստանաք, կամ կազատվեք ձեր խնդիրներից եւ կսկսեք աշխատել 160 հազար դոլար» եւ այլն։ Անդամներ ներգրավելու համար «բարեգործական» կենտրոնը օգտագործում է սուրբ գրային բառապաշար` «Յուղ Երուսաղեմից», «Հորդանանի ջուր», աղոթքներ, եկեղեցի եւ այլն։ Աղանդն իր դավանությամբ նեոխարիզմատական է, քարոզում է «հաջողության ավետարան» եւ «հաջողության հավատք», համաձայն որի, քրիստոնյան պետք է անպայման աշխարհիկ չափանիշներով հաջողակ լինի եւ Քրիստոսի խոստումները ստանա նյութական տեսքով։ Իսկ որ «Օգնության կենտրոնը» կապ ունի «Աստծո թագավորություն» կրոնական կազմակերպության հետ, փաստում են նաեւ նրանց կողմից տարածված թերթոնները (տես նկարները)։  Եվ ահա ստացվում է «Աստծո թագավորություն» կրոնական կազմակերպությունը Հայաստանում ոչ միայն ակնհայտ խարդախությամբ է զբաղված, այլ նաեւ կրոնական անօրինական գործունեություն է ծավալում։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների բացերը եւ այն փաստը, որ այս պահին կրոնական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող մարմիններ չկան եւ կամ չեն գործում՝ այսպիսի կազմակերպությունները կարողանում են գրանցվել որպես բարեգործական, բայց իրականում ծավալում են կրոնական գործունեություն` փաստացի չունենալով կրոնական կազմակերպության գրանցում։ Իսկ այն, որ Դիեգո Սիլվան եւ իր կինը կրոնական գործունեություն են իրականացնում, փաստում են նկարները, որոնցով ակնհայտ երեւում է, որ նրանք ներգրավված են քարոզիչների ծառայության մեջ, ստացել են հատուկ ձեռնադրություն եւ ուղեւորվել են Հայաստան հենց քարոզչության համար (տես նկարները)»։

Իսկ ո՞րն է այս կազմակերպության իրական նպատակը հարցին ի պատասխան Ա. Մուրադյանը շեշտում է. «Իհարկե` խարդախությունը։ Նկարներում կտեսնեք մի ծրար, որի վրա մեջբերված է աստվածաշնչյան համար։ Յուրաքանչյուր այցելուին առաջարկվում է իր խնդիրների լուծման համար գումարային ներդրում կատարել իբր «Աստծո գործի» համար, որը միամիտ քաղաքացիները կարծում են, թե ծառայելու է բարի նպատակների համար։ Եվ Հորդանանի ջուրն ու օրհնված յուղն էլ կարելի է ստանալ միայն համապատասխան գումարային ներդրում ծրարի մեջ կատարելուց հետո։ Իսկ որտե՞ղ է բարեգործությունը։ Բարեգործություն չկա եւ չի էլ կարող լինել անգամ տեսականորեն։ Բարեգործական բոլոր ծրագրերը ներկայացված են ծառայությունների տեսքով։ Բարեգործությունը միայն խոսքերով է եւ սին խոստումներով։ Համոզված ենք, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս կազմակերպության գործունեությունը պարզելով եւ ստուգման ենթարկելով նախ՝ թե ինչո՞ւ է բարեգործական կազմակերպության անվան տակ գործում կրոնական կազմակերպություն եւ ի՞նչ բարեգործական ծրագրեր են մինչ այժմ իրականացվել։ Կարծում ենք, բոլորիս համար պարզ է, որ Հորդանանի ջուրը բարեգործության ոչ մի կատեգորիայով չի կարող դիտարկվել»։

Իսկ վերջում «Դիալոգ» հկ նախագահն անդրադարձել է այն մարդկանց մասին, որոնք գնում են այս թերթոնների հետեւից. «1990-ական թվականները հայտնի էին իրենց պսեվդո-քրիստոնեական ուսմունքներով, բժշկություններով, պսեվդո-հոգեբանական «գիտությունների» զարգացմամբ, որոնց մասին բազմիցս խոսվել է։ Սրանց արդյունքները մենք հիմա տեսնում ենք` հոգեկան հիվանդությունների, ինքնասպանությունների, բռնությունների թվի, սեռական տարաբնույթ շեղումների ավելացմամբ։ Տեսնում ենք երեւույթներ, որոնք օտար են հայ ազգին, հայի էթնոհոգեբանությանը, հայ քրիստոնյային։ Երբ հայը չի տիրապետում իր պատմությանը, իր հայրերի թողած ժառանգությանը, նա հեշտ է դառնում տարատեսակ խաբկանքների զոհ։ Եվ չնայած Եկեղեցու կողմից իրականացվող ահռելի աշխատանքին, շատերը դեռ լսել չեն ուզում Աստծո մասին, եւ հեշտասիրությամբ դիմում են այսպիսի կեղծ «բուժումների»։ Այնինչ հնարավոր չէ հասնել հաջողության` սատանայի պոչը բռնած»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА