ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էդ ի՞նչ արեցիր, ա՛յ անասուն».ուսանողների վիճաբանությունը ավարտվել է սպանությամբ

11.10.2017 17:26 ԻՐԱՎՈՒՆՔ
«Էդ ի՞նչ արեցիր, ա՛յ անասուն».ուսանողների վիճաբանությունը ավարտվել է սպանությամբ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:

Նկատենք, որ ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից: Գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև Դավիթը, Հասմիկը, Լիլիթը, Վահեն ու գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Ընկերություն են արել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:Դասընկերները համալսարան ընդունվելուց հետո էլ շարունակել են հանդիպել ու ընկերություն անել:Միաժամանակ նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:Այս մրցանակի ստացումից հետո, երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները նորից հանդիպել են պետհամալսարանում, սկսել են կատակել Մարտիրոսյանի ստացած մրցանակի վերաբերյալ, նա էլ ասել է մոտավորապես հետևյալը՝ ձեր կուրսեցի դոդիկները թող առնեն քարտը, իրենք գրքերը վերցնեն, ինձ գումարը տան:

Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորողներից ինչ-որ մեկը հասցրել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անող տղայից:

Կարեն Չատիկյանը նախ համակուրսեցի Հասմիկից փորձել է ճշտել Ռաֆիի հեռախոսահամարը, իսկ երբ աղջիկը համարը չի տվել, Չատիկյանն ու համակուրսեցի մի քանի տղաներ ցանկություն են հայտնել անձամբ հանդիպելու Ռաֆի Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ում հասցեին է նա ասել «դոդիկներ»:

Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:

Ռաֆի Մարտիրոսյանին զանգել ու հանդիպման մասին տեղեկացրել են Դավիթն ու Վահե Մուրադյանը:

Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:

Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:
Դատարանը հարցաքննեց վկաների:

Լիլիթ Կ.-ն տուժողների հետ սովորել է ֆիզմաթ դպրոցում, ապա ընդունվել է պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Ամբաստանյալ Կարեն Չատիկյանը վկա Լիլիթի համակուրսեցին է եղել:

Լիլիթն ասաց, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին իրենք՝ համադասարանցիներով հանդիպել են համալսարանում, ամեն մեկն իր ֆակուլտետում քննության էր, հանդիպել են քննություններից հետո: Ինքն իմացել է, որ Ռաֆին օլիմպիադայի է մասնակցել ու «Բուկինիստի» նվեր-քարտ է ստացել: Ռաֆին հարցրել է՝ համադասարանցիները կամ նրանց ծանոթներից ո՞վ կցանկանա ձեռք բերել, գնել նվեր-քարտը: «Ես ընկերներիս շոկոլադ էի հյուրասիրում ու չեմ լսել՝ երբ և ում կողմից է ասվել «դոդիկ» բառը»,- ասաց Լիլիթը:

2017 թվականի հունվարի 11-ին Լիլիթը գնացել էր համալսարան՝ քննության արդյունքներն իմանալու: Երբ նա կանգնած էր Հասմիկի հետ, նրանց է մոտեցել Կարեն Չատիկյանն ու հարցրել է իրենց կուրսեցիներին «դոդիկ» ասողի հեռախոսի համարը: Նա աղջիկներին ասել է, թե նրանց համադասարանցիներից մեկը իրենց կուրսի «էրեխեքին» «դոդիկ» է անվանել, ինքը ցանկանում է պարզել, թե ով և ինչու է ասել:

Երբ աղջիկները հեռախոսի համար չեն տվել, Կարենը նույն պահին հիշել է, որ ինքն ունի Վահե Մուրադյանի հեռախոսահամարը: Նա առանձնացել ու զանգել է Վահեին: Դա կլիներ ժամը 14-ի սահմաններում: Երեկոյան Լիլիթը լուրերից է իմացել, որ Վահե Մուրադյանը սպանվել է Կարենի կողմից, իսկ Ռաֆին վնասվածքներ է ստացել…

Վկա Լևոն Մ.-ն նույնպես Կարեն Չատիկյանի կուրսից էր: Նա տուժողներ Վահեին ու Ռաֆիին չի ճանաչել, բայց «դոդիկ» արտահայտությունն անելու պահին ներկա է գտնվել:

2016 թվականի դեկտեմբերի 28-ին Լևոնը իր կուրսեցիներ Լիլիթի ու Հասմիկի հետ դուրս էր եկել քննությունից: Համալսարանում հանդիպել են աղջիկների համադասարանցիներին, ովքեր սովորում էին այլ ֆակուլտետներում:

Լևոնը լսել է, որ աղջիկների համադասրանցի Ռաֆին մասնակցել է օլիմպիադայի ու շահել է «Բուկինիստի» նվեր-քարտ: Վկան լսել է, որ Ռաֆին ցանկանում է կես գնով՝ 5 հազար կանխիկ դրամով վաճառել 10 հազար դրամանոց նվեր-քարտը: Ռաֆին սկզբում քարտն առաջարկել է Հասմիկին ու Լիլիթին, աղջիկները չեն ցանկացել այն գնել: Ռաֆին Հասմիկին ասել է՝ ձեր խմբի դոդիկներին առաջարկի, տես՝ ով կուզի: Հասմիկն էլ «կես-կատակ, կես-լուրջ» Լևոնին ասել է. «Քաջիկին առաջարկի»:

Լևոնին դուր չի եկել Հասմիկի ասածը Քաջիկի վերաբերյալ: Այդ պահին, սակայն, Լևոնը չի ընդվզել, ոչինչ չի ասել, պարզապես թողել-այդ ընկերախմբի մոտից հեռացել է. «Ես էդ հարցին լուրջ չեմ վերաբերվել»,- ասաց Լևոնը:

Այնուհետև Լևոնի կուրսից ոմանք «Ֆեյսբուքով» սկսել են քննարկել 2017 թվականի հունվարի 12-ին խնջույք կազմակերպելու հարցը: Տղաներից մեկն առաջարկել է, որ տղաները վճարեն նաև աղջիկների համար: Լևոնը այդ ֆեյսբուքյան խոսակցության ժամանակ հրաժարվել է Հասմիկի համար վճարելուց՝ ընկերներին ներկայացնելով օրեր առաջ տեղի ունեցած խոսակցությունը, Ռաֆիի ասածը՝ դոդիկների ու Հասմիկի ասածը՝ Քաջիկի մասին:

Որոշ ժամանակ անց Կարենը «Ֆեյսբուքով» Լևոնին խնդրել է ավելի կոնկրետ պատմել՝ ո՞ւմ են ասել «դոդիկ»: Լևոնը Կարենին պատմել է մանրամասները:

Հունվարի 11-ին, երբ գնացել են համալսարան՝ քննության արդյունքներն իմանալու, Կարենն ասել է, թե պետք է տեսնեն իրենց կուրսի տղաներին «դոդիկ» անվանած տղային: Կարենն ասել է, թե արդեն զանգել ու պայմանավորվել է, պիտի գնան Գնունի փողոց:

Լևոնը, Էդուարդը, Կարենը, Գևորգն ու Քաջիկը գնացել են Գնունի փողոց: Պայմանավորված վայրին դեռ չմոտեցած՝ Կարենը պահանջել է, որ տղաներից երկուսը՝ Լևոնն ու Էդուարդը, մնան «Արևիկ» խանութի մոտ. «Շատով պետք չի որ գնանք»,- ասել է Կարենը:

Պայմանավորված վայր գնացել են Կարենը, Քաջիկն ու Գևորգը:

Լևոնն ու Էդուարդը մոտ կես ժամ սպասել, ապա սկսել են զանգել Կարենին ու Քաջիկին, բայց նրանք չեն պատասխանել:

Տղաները մի քիչ առաջ են գնացել՝ մինչև բակի կամարամուտքը: Հանկարծ տեսել են, որ Կարենը, Քաջիկն ու Գևորգը վազելով մոտենում են: Նրանք տղաների մոտ չեն կանգնել, շարունակել են փախչել: Լևոնը վազել է նրանց հետևից, որ իմանա, թե ինչ է եղել: Վազելու ընթացքում Լևոնը տեսել է, որ Գևորգը մի պահ կանգ առավ ու Կարենին հարցրեց. «Ի՞նչ ես արել, արա՛»: Կարենը պատասխանել է. «Դանակով եմ խփել»: Գևորգը զայրացել ու վիրավորել է Կարենին. «Էդ ի՞նչ արեցիր, ա՛յ անասուն»:

«Դոդիկ» բառի պարզաբանումը պահանջող Կարենը «անասուն» բառի համար պարզաբանում չի պահանջել համակուրսեցուց, տղաները փախել են…

Վկա Լևոնն ասաց նաև, որ մինչև Գնունի՝ պարզաբանման գնալը Կարենն իրեն ասել է, որ մոտը դանակ կա: Ըստ Լևոնի՝ ինքը Կարենին առաջարկել է դանակն իրեն տալ, բայց Կարենը չի տվել, ասել է՝ լուրջ խոսակցություն չի լինելու…

«Ես չէի սպասում, որ սենց բան կլինի»,- ասաց Լևոնը:

Վկա Քաջիկ Հ.-ն Կարենի հետ պարզաբանման վայրում է եղել: Նա հայտնեց, որ երբ Գնունի փողոցում՝ «Արևիկ» խանութի մոտ թողել են իրենց երկու ընկերներին ու մի քիչ առաջ են գնացել, իրենց մոտեցել են Վահե Մուրադյանն ու ևս մի տղա՝ Անրի անունով: Նրանք իրենց ուղեկցել են բակի տաղավար: Նրանք նստել են մի կողմում, իրենք՝ մյուս կողմում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА