ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարտոֆիլը կվաճառվի 3-4 հարյուր դրամով, միսը` 5 հազարով».Հրաչ Բերբերյան. (Տեսանյութ)

11.10.2017 13:06 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Կարտոֆիլը կվաճառվի 3-4 հարյուր դրամով, միսը` 5 հազարով».Հրաչ Բերբերյան. (Տեսանյութ)

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԵԲԵՐՅԱՆԻ խոսքով` երկար ու ցուրտ ձմռան պատճառով այս տարի գրանցվել է խաղողի բերքի անկում եւ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե ռեկորդային բերք էր սպասվում: Նրա բնորոշմամբ, այստեղ որեւէ մեկը մեղք չունի, միակ «մեղավորը» երկարտեւ ու ցուրտ ձմեռն է: Ինչ վերաբերում է բանջարաբուծությանը, ապա Հրաչ Բերբերյանը հիշեցնում է, որ դեռեւս հուլիս ամսին զգուշացրել էին սպասվող երաշտի մասին. «Երաշտը, որը տեւեց մինչեւ սեպտեմբերի վերջ, իր սեւ գործն արեց բանջարաբուծության եւ տեխնիկական կուլտուրաների մեջ: Երաշտը մեծ վնաս է հասցրել նաեւ անասնակերին, ունեցանք չորացած արոտավայրեր, որի արդյունքում գյուղացին չկարողացավ անասնակեր կուտակել»,-նշեց Հ. Բերբերյանը եւ նկատեց, որ այստեղ կա մեծ բացթողում եւ հնարավոր էր անասնակերի պակասի հետ կապված խնդիրը մեղմացնել. «Պետք էր մասնագետ լինել հասկանալու համար, թե երկիրն ուր է գնում: Ընդհանրապես մեզ մոտ անասնապահությունը բացիթողի վիճակում է, կարծես թե այն գյուղատնտեսության հզոր շոգեքարշը չլինի: Շատերը նույնիսկ չեն հասկանում անասնապահությունը գյուղատնտեսության մեջ է, թե` դուրս»,-փաստեց Հրաչ Բերբերյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի կառավարությունը  դիմի միջազգային կազմակերպություններին եւ ԵԱՏՄ անդամ  երկրներին, որպեսզի անասնակերով օգնեն Հայաստանին, հակառակ դեպքում երկրում 30-40 տոկոսով կկրճատվի անասնագլխաքանակը, իսկ մսի գինն էլ կհասնի 5 հազար դրամի:


Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե նախորդ տարվա համեմատ, այս տարի կարտոֆիլի բերքատվությունը քանի՞ տոկոսով է կրճատվել, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Կարտոֆիլի բերքը կրճատվել է 20 տոկոսով, գարնանը կարտոֆիլը կվաճառվի 3-4 հարյուր դրամով: Ասում են, որ կարտոֆիլի բերքն այնքան շատ է, որ 50 դրամով չի վաճառվում, բայց խեղկատակությունն էլ չափ ու սահման ունի, ստույգ տեղեկություն եմ տալիս, որ Վրաստանը հերթ է կանգնած 130 դրամով արտահանել  Հայաստանի կարտոֆիլը: Գարնանն այդ կարտոֆիլը մեզ չի բավարարելու: Վերջին շրջանում հետաքրքիր միտումներ ենք տեսնում` հակակարկտային կայաններն աշխատում են գյուղացու համար, բայց նա այդ աշխատանքը չի տեսում, վարկերը հատկացնում են գյուղացիներին, բայց ստանում են գործարանները, անասնաբուժական ծառայություն են մատուցում, որը կրկին գյուղացին չի տեսնում: Պետությունն ամեն ինչ անում է գյուղացու համար, բայց վերջինս այդ ծրագրերից փաստացի հեռու է»,-եզրափակեց Հրաչ Բերբերյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА