ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տնտեսական, հոգեբանական բռնությունն ինձ համար մի քիչ խորթ բաներ են»

11.10.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Տնտեսական, հոգեբանական բռնությունն ինձ համար մի քիչ խորթ բաներ են»

Մատենադարանում տեղի ունեցած Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին եւ հարակից օրենքների նախագծի վերաբերյալ հանրային քննարկումից հետո` կամաց-կամաց ձեւավորվում է այն պատկերը, թե ովքեր են մեր երկրում պատրաստ ընտանիքը փորձության ենթարկել` «ընտանեկան» բառին կցելով «բռնությունը»: Հատկանշական է այն, որ այդպիսի քննարկումներին տղամարդ պատգամավորները չեն մասնակցում, ավելին` նրանցից շատերը, այդ թվում` ընդդիմությունը ներկայացնող, հստակ դիրքորոշում ունեն հարցի վերաբերյալ` զերծ պահել հայ ընտանիքը եվրաաղբից, մինչդեռ դրան բավական ակտիվ հետեւում են կին ընդդիմադիր պատգամավորները, որոնց թվում է նաեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԸ: «Իրավունքը» հենց նրանից էլ հետաքրքրվեց, թե հանրային քննարկման ընթացքում լսած մի շարք հակափաստարկներից հետո, որ այս օրենքի անհրաժեշտությունը չկա, արդյոք կողմ է նախագծին:

– Այսպես ասեմ` խնդիրը կա եւ, իսկապես, ընտանիքներում բռնությունների աճի վիճակագրությունն էլ մտահոգիչ է, բայց այդ հանրային լսումը կարծում եմ` ճիշտ չէր կազմակերպված: Ի սկզբանե պետք էր երկու կողմերին էլ թույլ տրվեր կարծիքներ արտահայտելու, հետո նոր դրանից ինչ-որ դիրքորոշումներ քաղել: Քննարկմանը ներկա մեր բոլոր հավաքվածների համար մեկ խնդիր կա, որպեսզի հայ ընտանիքն ունենա ներդաշնակ, խաղաղ կյանք: Բոլորս այստեղ փաստացի դրա համար ենք հավաքված, ուրեմն` պետք է այնպես անենք, որպեսզի գտնենք այն եզրերը, թե որն է ներկայացված օրենքի բացերը: Օրինակ, ինքս էլ մասամբ ծանոթացել եմ նախագծին, եւ տնտեսական բռնություն, հոգեբանական բռնություն ասվածն ինձ համար մի քիչ խորթ բաներ են, որոնք պետք է ուսումնասիրվի: Կուզենայի, որ դրանք ծնող պատճառների մասին խոսեին նախագծի պատասխանատուները, բայց ես այստեղ անգամ այդ մասին չլսեցի: Դրա համար հուսով եմ, որ մենք այդ բոլոր հարցերը կքննարկենք հոկտեմբերի 17-ին խորհրդարանական նախատեսված լսումների ժամանակ` նույն հասարակական կառույցների հետ միասին: Պետք է հասկանանք, որոնք են նախագծի բացերը, որ պետք է փոխվեն: Շատ մեծ հույս ունեմ, որ կառավարության ներկայացուցիչները, ովքեր ներկա էին հանրային քննարկմանը եւ լսեցին որոշ ընդդիմախոսների կարծիքը` հաշվի առնեն դրանք:

– Այնուամենայնիվ, ինչպիսի՞ տրամադրություններ կան նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցությունում:

– Անկեղծ ասեմ, խմբակցությունում դեռ չի քննարկվել եւ, այսպես ասած, որոշում չկա: Մենք սպասում էինք հանրային, խորհրդարանական լսումներին եւ հոկտեմբերի 17-ից հետո` մենք անպայման մեր դիրքորոշումը կարտահայտենք:

– Չե՞ք կարծում, որ նախագիծը տեղավորվում է Եվրամիության կողմից պարտադրված տնային աշխատանքների համատեքստում: 

– Թույլ տվեք զերծ մնամ այլ կարծիքներից եւ մտավախություններից: Ինձ համար մի շատ կարեւոր բան կա` հայկական ընտանիքներում ներդաշնակ, խաղաղ կյանքը: Բռնությունների աճ կա ընտանիքներում, եւ որպես կին, որպես ապագա մայր, ուզում եմ, որ իմ երեխաները նման խնդիրներից զերծ մնան: Իսկ թե որտեղից է գալիս այդ խնդիրները, ինչպես է առաջանում, լրիվ այլ հարց է, եւ ինքս պատրաստ եմ մինչեւ վերջ ուսումնասիրել ու հասկանալ պատճառահետեւանքային կապերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА