ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԸ ՄԵԾ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՈՒԶՈՒՄ ՍԿՍԵԼ

11.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՐԱՄՓԸ ՄԵԾ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՈՒԶՈՒՄ ՍԿՍԵԼ

Այն, որ վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթներն արդեն սովորական դարձած կոշտությունից անցել են ռազմատենչության, դժվար չէ նկատել: Եվ ավելին, բացի խոսքերից, Թրամփի մոտ նաեւ գործնական ռազմատենչության պակաս չկա:

ԿՈՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅԱՆ
Բնականաբար՝ հիմնականում ԱՄՆ նախագահի ռազմատենչությունն ունի երկու առանցքային ուղղություն՝ Իրանը եւ Հյուսիսային Կորեան: Իսկ խորքային առումով դժվար չէ կռահել, որ գլխավոր թիրախները մնում են Ռուսաստանն ու Չինաստանը:
Ընդ որում, սպասելի էր, որ Վաշինգտոնը, վերջին ամիսներին ստեղծված գլոբալ իրավիճակից ելնելով, պետք է կտրուկ քայլերի դիմեր: Նկատի  ունենք, որ բուն ԱՄՆ-ում ստեղծված ներքին լարվածությունը, ապա՝ արտաքին հարթակում շարունակական պարտությունները գնալով ահագնացող տեմպերով է սկսել հարվածել Նահանգների գլոբալ հեղինակությանը եւ վերջնարդյունքում՝ դոլարին: Եվ բոլորն են հասկանում, որ արտակարգ քայլերի բացակայության դեպքում հեռու չէ այն պահը, երբ դոլարը կսկսի արագորեն կորցնել համաշխարհային առեւտրում իր արդեն իսկ երերուն ծավալները: Միաժամանակ կան նաեւ այն մասնագիտական անհերքելի գնահատականները, որ համաշխարհային առեւտրում անգամ 10-20 տոկոսով դիրքերի կորուստը դոլարին կսպառնա չկառավարվող հիպերինֆլյացիոն հարվածով, ինչի  առաջ ժամանակին կանգնել էր խորհրդային ռուբլին:
Եվ, վերջապես, 2 տրիլիոն դոլարի շեմն անցած ամերիկյան պետպարտքը եկավ հուշելու, որ արդեն ժամանակ քիչ է մնում. Վաշինգտոնը կա՛մ պետք է կարողանա բոլորին ցույց տալ, որ մնում է համաշխարհային հեգեմոնը եւ կարող է ուժային լծակներով ¥այդ թվում՝ Չինաստանի եւ ՌԴ-ի նկատմամբ¤ պահել դոլարի դիրքերը: Կա՛մ պետք է գնա մյուս առանցքային ուժերի հետ գլոբալ պայմանավորվածությունների, այսինքն՝ դիրքերի ինքնակամ, բայց արդեն նաեւ համեմատաբար անցավ զիջման: Միգուցե հենց այս երկրորդ տարբերակն էր Թրամփի համար առավել ձեռնտու. համենայնդեպս, նման նախընտրական հայտարարություններով նա հասավ Սպիտակ տուն: Բայց մեկ բան էլ դժվար չէ նկատել՝ Սպիտակ տունը գործնականում չունի դոլարի նկատմամբ վերահսկողություն, առանց որի գլոբալ պայմանավորվածությունները բացառվում են: Արդյունքում, գոնե այս պահին մնում է ռազմատենչության տարբերակը, որին Թրամփը միգուցե գնում  է ստիպված: Չնայած, դա արդեն էական չէ. անկախ Վաշինգտոնի շարժառիթներից, գործնական քայլերին մյուս ուժերը արձագանքում են համարժեքորեն: Այլ հարց է, թե այս շարունակական կոշտացումը մինչեւ ո՞ր ծայրահեղությանը կարող է հասնել:
ԱՆԳԱՄ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ
Վերջին հարցադրումը հռետորական չէ: Բանն այն է, որ արդեն անգամ ամերիկյան սենատորները, ավելի կոնկրետ՝ Թրամփի կուսակցական ընկեր  եւ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, այսինքն՝ միանգամայն կոմպետենտ անձնավորություն հանդիսացող Բոբ Քորքերը նախագահին ուղղակիորեն մեղադրում է, թե նրա քաղաքական գիծն ԱՄՆ-ին տանում է դեպի «Երրորդ աշխարհամարտ»: Ընդ որում, Սպիտակ տան վերջին օրերի քայլերից իրոք նման տպավորություն առաջանում է: Մի կողմից, Թրամփը սկսում է գործնական հարթություն տեղափոխել Իրանի հետ հայտնի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը՝ Թեհրանին մեղադրելով Փհենյանի  հետ գաղտնի համագործակցության մեջ: Ու այս իրավիճակը միանգամայն անկանխատեսելի հետեւանքներով է հղի: 
Էլ ավելի սուր է Հս.Կորեայի ուղղությամբ զարգացումները: Նկատի ունենք  ոչ միայն Թրամփի` նախօրեին արված հերթական «Twitter»-յան գրառումը, թե կորեական ճգնաժամը հաղթահարելու դիվանագիտական բոլոր փորձերը ձախողվել են: Երեկ ԱՄՆ պետքարտուղարի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, թեեւ Սերգեյ Լավրովի` Մոսկվայի սպառնալից անհանգստությանը, թե Վաշինգտոնը կարող է «անընդունելի սրացումներ» առաջ բերել Հս.Կորեայի շուրջ, սակայն այն տպավորությունն է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ինքն է արդեն հայտնվել «խաղից դուրս» վիճակում: Հաշվի  առնելով ոչ միայն պետքարտուղարի անձի շուրջ ծավալվող  հերթական սկանդալը, այլ նաեւ Թրամփի մեկ այլ գրառում, թե Թիլերսոնը. «Իզուր է ժամանակ վատնում բանակցությունների վրա», եւ որ հյուսիսկորեական հարցով՝ «Միայն մեկ մեթոդ կաշխատի»: Այսինքն, որ դիվանագիտությունը մի կողմ է թողնված, ինչն արդեն ավելին է, քան ռազմական հարվածի մասին բացահայտ սպառնալիքը:
Ընդ որում, բացի Թրամփից, նման սպառնալիք հնչեցրեց նաեւ Պենտագոնը՝ ամենաբարձր ղեկավարի՝ Ջեյմս Մետիսի մակարդակով. «ԱՄՆ-ի բանակը պետք է պատրաստ լինի ռազմական տարբերակի, որից կարող է օգտվել մեր նախագահը, եթե դա անհրաժեշտ լինի»: Հայտարարություններից  զատ, կան նաեւ գործնական քայլեր: Այդ թվում, այս շաբաթվա վերջերին կորեական ափերին կհասնի ամերիկյան հերթական «ծանր սպառնալիքը»՝ 154 հրթիռ կրող «Միչիգան» ատոմային սուզանավը: Գրեթե նրա հետ կժամանի նաեւ միջուկային զենք կրող «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի գլխավորած նավախումբը: Նաեւ նախատեսված է այդ ուժերի մասնակցությամբ հերթական չպլանավորված զորավարժանքներն անցկացնել կորեական ափերի հարեւանությամբ, որին հազիվ թե Կիմ Չեն Ինը չպատասխանի հերթական հրթիռային արձակումներով:
ԹՐԱՄՓԸ ՆՈՐԻՑ ԻՐ ՓՈՐԱԾ ՓՈՍԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԿՆԵԼ
Թրամփն իրոք պատրաստվում է միջուկային պատերա՞զմ սկսել: Իհարկե, դժվար է դրան հավատալ: Նախ հասկանալի է, որ չի կարող լինել միայն ԱՄՆ-ի եւ Հս.Կորեայի միջեւ միջուկային բախում, այն արագորեն կվերածվի Բոբ Քորքերի ասած «Երրորդ աշխարհամարտին»: Եվ ասել, թե Թրամփն այնքան է զզվել ամեն ինչից,որ պատրաստ է գնալ աշխարհի ոչնչացման, սխալ կլիներ: Ի դեպ, երեկ ռուսական որոշ լրատվամիջոցներ ներկայացրին խաղաղօվկիանոսյան նավատորմի կողմից ավիակիրների կործանիչի համարում ունեցող «Բազալտ» գերձայնային եւ գործնականում՝ անխոցելի հրթիռների փորձնական արձակումը, եւ եթե անգամ դա մեսիջ չէր, մեկ է՝ Պենտագոնում եւս մեկ անգամ կհիշեն, որ ռուսական ափերից ոչ հեռու զորավարժանքներ անցկացնող ամերիկյան նավախմբերն ամենեւին էլ բացարձակ ուժ չեն: Չնայած, մինչ ռուսներին հասնելը, նաեւ չինացիները կան,նրանցից առաջ էլ՝ հյուսիսկորեական բանակը: Այսինքն, եթե անգամ Թրամփը շեշտը ոչ թե միջուկային, այլ՝ սովորական սպառազինության վրա է դրել, էլի հարձակման հրաման տալը կարող է ճակատագրական լինել: Առավել եւս, որ այս ուղղությամբ ԱՄՆ-ի կողքին չեն նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցները: Ճիշտ է, կոնկրետ դեպքում կա Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ դաշինքը, սակայն այս երկրները, ինչպես նաեւ ցույց տվեց ՌԴ նախագահի հետ նրանց առաջնորդների վերջերս կայացած հանդիպումը, ոչ մի դեպքում Հս.Կորեայի հետ պատերազմի չեն գնա, քանի որ առաջին թիրախը հենց իրենք են լինելու:
Այսպիսով, չնայած Վաշինգտոնի հերթական, ավելին՝ նոր ծայրահեղությունների հասած սպառնալիքներին, Կորեայի ափերին  հասցրած մեծ ուժերին, քիչ հավանական է մնում ուժային զարգացման տարբերակը: Թեեւ ֆորս-մաժորն էլ պետք չէ բացառել. նման ուժային կուտակումների դեպքում միշտ էլ կարող է ինչ-որ  մեկը թեկուզեւ՝ պատահաբար մի անցանկալի կոճակ սեղմել: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ Թրամփը պարզապես այս անգամ ավելի կատաղորեն է ճոճում ռազմական մկանները, հուսալով, գոնե այս կերպ վախեցնել Կիմ Չեն Ինին ու հեղինակությունը փրկել: Կհաջողվի՞, կասկածելի է: Այն տպավորությունն է, որ Փհենյանը կարձակի հերթական հրթիռը, եւ եթե անգամ դրան Վաշինգտոնը չտա ռազմական պատասխան, Թրամփը միգուցե վերջնականապես կորցնի հեղինակությունը դաշնակիցների աչքերում: Էլ չասած,  որ դրանից հետո թրամփյան սպառնալիքները աշխարհով մեկ միայն ժպիտ կառաջացնեն: Իսկ ռազմական պատասխան տալը բերում է նույն բարդություններին, որոնց մասին խոսեցինք:
Նկատենք, որ  մեկ անգամ չէ, որ Թրամփն այս վիճակում է հայտնվում՝ ծայրահեղ ռազմատենչ սպառնալիքներ, ապա՝ նահանջ, նորից սպառնալիքներ, նորից նահանջ... Միգուցե այս անգամ ինչ-որ նոր ստրատեգիա՞ են մշակել: Այս անգամ մեկ առանձնահատկություն կա. վերջին ժամանակներս կտրուկ սրացման միտում է ցուցաբերում նաեւ ուկրաինական ճգնաժամը: Բանը հասավ նրան, որ Կիեւը օրենսդրորեն ՌԴ-ին հռչակեց որպես «ագրեսոր երկիր», ինչը ակնարկ է, որ շատ մեծ է նաեւ մոտ ժամանակներս Դոնբասում պատերազմի վերսկսումը: Այն, որ Կիեւն առանց վաշինգտոնյան «դաբրոյի» նման սրացումների չէր գնա, հասկանալի է: Այսինքն, չբացառենք, որ ԱՄՆ-ը փորձում է ՌԴ-ի համար թերեւս ամենաէական՝ ուկրաինական հակամարտության սրացման միջոցով Մոսկվային հեռու պահել այլ ուղղություններով ակտիվ քայլերից: Սակայն այս ստրատեգիան էլ նոր չէ, ժամանակին նույն ուղղությամբ նաեւ Օբաման էր գնում եւ բանի չհասավ: Իսկ Թրամփը կհասնի՞, եթե շատ ավելի վատ դիրքերից է գործում, քան՝ Օբաման: Դա դեռ կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА