ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ե՞ՐԲ ԿԱՎԱՐՏՎԻ ԱԲՍՈՒՐԴԻ ԱՅԴ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

11.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ե՞ՐԲ ԿԱՎԱՐՏՎԻ ԱԲՍՈՒՐԴԻ ԱՅԴ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

Երբ գարնան վերջում մեր երկրում հռչակվեց անողոք պայքար ծխելու դեմ` մոտս կասկած առաջացավ, որ դա  թեթեւ թմրանյութերը օրինականացնելու հետ կարող է ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մաս կազմել: Չէ՞ որ տեսել ենք, օրինակ, Հոլանդիայի եւ Վրաստանի նմանատիպ գործընթացները: Ավաղ, այդ կասկածները, կարծես թե, հաստատվում են: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապայմաններից մեկը մատնանշել է մարիխուանայի օրինականացումը: 
ՈՒՂԵՂԱԲԹԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ
Ինչպես հայտնի է, մեր երկրում չաշխատեցին ամբողջ աշխարհում իրենց արդյունավետությունը ցույց տված «գունավոր» հեղաշրջումների տեխնոլոգիաները: Նախ` մեր «նավապետ Գրանտի զավակները», ի տարբերություն, ասենք, իրենց սերբ կամ վրացի գաղափարակիցների, շատ փողասեր դուրս եկան` գերադասելով հեղափոխական փողերի մեծ մասը դնել գրպանը, իսկ չնչին մասով բեմադրել հեղափոխական գործունեության իմիտացիա: Եվ երկրորդը` մեր քաղաքացիները հեղափոխությունների հակված չեն: 
Նույնիսկ հանրահավաքային թամաշայից են ձանձրացել, քանզի «հանցավոր ռեժիմից» ազատվելու խոստում տվել են շատ-շատերը, բայց բոլոր խոստացողները ստախոս են դուրս եկել: Իսկ մեր ժողովուրդը բավականին լավ հիշողություն ունի, եւ մեկ անգամ խաբողին տարիներ անց էլ չի հավատա: Ինչ վերաբերում է «հանցավոր ռեժիմին», ապա նա պետք է օրհնի Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, քանզի բողոքավոր զանգվածը իր ամբողջ գոլորշին բաց է թողնում համացանցում, ու այլեւս գազազած փողոց դուրս չի գալիս: 
Բայց բացի մայդանային տեխնոլոգիաներից, մեր երկրում չի աշխատում նաեւ ագրեսիվ քարոզչությունը: Ծերուկ Գեբելսը պարզապես կգժվեր հայերի ձեռքը, քանզի հայերին ինչքան ուզում ես անընդհատ կրկնվող ստով կերակրիր, մի ականջից մտնում է, մյուսից դուրս գալիս: Եվ տասնամյակներով արված հսկայական ծախսերը, որոնց նպատակն է ձեւավորել «պուպուշ» Արեւմուտքի եւ «չար» Ռուսաստանի կերպարները, ցույց տվեցին ցածր արդյունավետություն: Պարզվեց, որ մեր քաղաքացիների վերաբերմունքը այս կամ այն գերտերությանը, ինչպես նաեւ այդ վերաբերմունքի փոփոխությունները, բացարձակապես կապ չունեն այն բովանդակության հետ, որով լցված են եթերը, մամուլը, համացանցը: 
Երբ Անկախության 26-ամյակին Սերժ Սարգսյանն իր ելույթում մատնանշում էր, որ Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական հասարակություն, նա շատ լավ գիտեր ինչ էր ասում: Տեղեկատվական դարաշրջանում մեր քաղաքացիները քարոզչության հանդեպ իրենց կայունությամբ փաստորեն ստանում են մրցակցային առավելություն: Անշուշտ, դա կապ ունի այն գործոնի հետ, որը կոչվում է հայի գեն եւ նպաստում ողջամտության բարձր մակարդակին: 
Ուրեմն, էլ ինչո՞ւ է պետք հրապարակ նետել թեթեւ թմրանյութերը օրինականացնելու գաղափարը: Բավականին պարզ նկատառումով` եթե բնակչության զգալի մասը մշտապես «կայֆի տակ» լինի, ապա այդ ողջամտությունը կանհայտանան եւ մեր քաղաքացիները կվերածվեն հեշտ կառավարվող եւ մանիպուլացվող կենսազանգվածի: Եվ փույթ չէ, որ ցանկացած թմրանյութ առողջություն քայքայող է` դեղագործական կորպորացիաների «ջանը սաղ», ավելի շատ դեղ կվաճառվի տեղական շուկայում: Համ էլ, տարատեսակ սվիտալսկիների բերնից դուրս եկած խոսքը` մարիխուանայի մասին, անկասկած, իր շարունակությունը կունենա: Կարող եք վստահ լինել, որ կհայտնվեն գեղեցիկ գիտական տիտղոսներով զարդարված սրիկաներ, ովքեր հանրությանը թվակոխ եւ տերմինակոխ անելով` կջանան ապացուցել, որ, ասենք, մարիխուանան մի հիսուն անգամ պակաս վնասակար է, քան` ծխախոտը: Եվ չզարմանաք, եթե դրան մասնակից դառնան նաեւ առողջապահության ոլորտի չինովնիկները:
Այ, սթափությունը եւ ողջամտությունը կորցրած բնակչության հետ կարելի է անել ինչ ուզում ես, այդ թվում եւ մղելով այնպիսի գործողությունների, որոնք պետք են ոչ թե բնակչությանը, այլ` այդ գործողությունները պատվիրող քեռիներին: 
ՀԱԿԱԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՔԸ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց
Հոկտեմբերի 9-ը դարձավ մի կողմից` տարբեր գենդերների տրիումֆի օր, մյուս կողմից` հայ հանրությունն առաջին անգամ տեսավ գենդերային ֆաշիզմի քմծիծաղը: Մատենադարանում կազմակերպված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկումը նշանավորվեց խոսքի եւ կարծիքի ազատության սկզբունքի կոպտագույն ոտնահարմամբ: Արդարադատության նախարարը քարտ-բլանշ էր տվել քննարկումը վարող Մարինե Մանուչարյանին (ամերիկյան բացահայտ լրտեսի համարում ունեցող Ռիչարդ Գիրագոսյանի կինն է), վերջինս էլ ամեն ինչ անում էր, որպեսզի խոսք ասելու հնարավորություն ունենան բացառապես օրինագծի կողմնակիցները, իսկ հակառակորդները լռեցվեն: Շատ-շատերը վրդովվեցին այն տեսակադրերից, թե ինչպես է այդ հույժ դեմոկրատ տիկինը փորձում խոսափողը կոպտորեն խլել ելույթ ունեցողից: Բայց սոցցանցերում կա նաեւ տեսակետ, որ վրդովվելու որեւէ պատճառ չկա, քանզի իրեն պահում էր լրիվ ադեկվատ` ինչպես պետք է պահի պոլիցայը օկուպացված երկրում: 
Օկուպացվածության տպավորությունը ուժեղացնում են նախագծում առկա բազմաթիվ դրույթները, որոնք ստեղծում են բեսպրեդելի հնարավորություն, առանց բացառության` ցանկացած ընտանիքի նկատմամբ: Ի դեպ, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իրավացիորեն մատնանշում է նաեւ, որ այդ օրենքի կոնցեպտը ամբողջովին հակասում Է ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն. «ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Այս սահմանադրական նորմը հստակ ցույց է տալիս պետության վերաբերմունքը ընտանեկան հարաբերություններին: Ստացվում է, որ պետությունը հանցագործությունների բացահայտման շահը ստորադասել է ընտանեկան շահին: Ընդ որում, որեւէ բացառություն չի սահմանել` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար: Հետեւապես նախագծի հեղինակներն առնվազն պետք է հիմնավորեն, թե ընտանեկան հարաբերությունների շահից առավել ինչ շահ պետք է պաշտպանել` առանց վնաս հասցնելու հասարակության բնական եւ հիմնական բջիջ, ինչպես նաեւ բնակչության պահպանման ու վերարտադրման հիմք հանդիսացող ընտանիք ինստիտուտին»: 
Պարզ է, որ ընտանիքի ինստիտուտին միջամտելու փորձը կարող է լինել այն գործոնը, որի դեմ բուռն կընդվզի հանրությունը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մատնանշում է, թե ինչպիսի արգահատելի զանգված է պաշտպանում այդ հակազգային օրինագիծը. «Այդ «անսխալական մեքենան»` ի դեմս վարդագույն եւ երկնագույն ներկած մազերով երիտասարդների, արդեն «կանգնել է» նախարար Դ. Հարությունյանի մեջքին: Նախօրեին Մատենադարանում անցկացված հասարակական քննարկումն էլ, դրան հետեւած մեկնաբանությունների տարափն էլ ասվածի ապացույցը դարձան»: Քաղաքագետը նաեւ նշում է, որ այդ արգահատելի օրենսդրական նախաձեռնության բուն նպատակը հենց հանրային լարում ստեղծելն է. «Ու նրանք գոռում են այն մասին, թե Հայաստանում բոլոր տղամարդիկ ծեծում են իրենց կանանց, մայրերը` զավակներին, զավակները` տան կատուներին ու այդպես շարունակ: Ստում են, իհարկե: Կեղծ օրակարգ են թելադրում, եւ դա ստացվում է նրանց մոտ: Հաշվարկը պարզ է` հայ մարդը միշտ առանձնահատուկ զգացմունքայնությամբ է արձագանքում ընտանիքին, զավակին, իր արժեքներին սպառնացող կամ թեկուզ եւ չսպառնացող, բայց ոչ լիովին հասկանալի ցանկացած երեւույթի: Ուրեմն պետք է «մտնել» ընտանիք: Որովհետեւ նպատակը ոչ թե բռնությունների բացառումն է, ոչ էլ առավել եւս օրենքը, այլ հասարակության մեջ լարվածության անհրաժեշտ դոզայի մշտական պահպանումը: Ու եթե օրինագծի քննարկումները շարունակեն այսպիսի մթնոլորտում ընթանալ, ուրեմն կարելի կլինի սպասել, որ նախագիծը դեռ մի քանի անգամ ետ կկանչվի ու նորից դաշտ կբերվի, քանի որ այն արդեն ծառայում է իր նպատակին»: 
Թերեւս, հենց այդ օրինագիծը կարող է դառնալ այն միջոցը, որը մեր հանրությանը կհասցնի քաղաքացիական բախումների: Չէ՞ որ հայ տղամարդը հանուն այնպիսի աբստրակցիայի, ինչպիսին է «բռնատիրական ռեժիմը քշելը» կամ «դեմոկրատիա հաստատելը» զենք չի բարձրացնի հայ ոստիկանի վրա, իսկ սեփական ընտանիքը պաշտպանելիս` կբարձրացնի ցանկացածի վրա: Ու, երեւի թե, առավել ճիշտ կլինի մտածել ոչ միայն այդպիսի նախաձեռնություններին հակազդելու մասին, այլեւ` թե ինչպես անել, որպեսզի նման բաներ առհասարակ օրակարգում չհայտնվեն: Միգուցե, պետք է սկսել զրո հանդուրժողականությունի՞ց այդ «վարդագույն եւ երկնագույն ներկած» կոնտինգենտի նկատմամբ: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА