ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» դաշինքում հա՛մ նալին են խփում, հա՛մ մեխին

10.10.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ծառուկյան» դաշինքում հա՛մ նալին են խփում, հա՛մ մեխին

Մատենադարանի շենքում երեկ տեղի ունեցավ Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին եւ հարակից օրենքների նախագծի հանրային քննարկումը, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը: Բայց պարզվեց, որ ներկաները միայն պետք է հանդիսատեսի դերում լինեն, իսկ արդարադատ նախարարությունը «լոլոներ» կարդա, թե որքան կարեւոր ու օրհասական խնդիր է այս օրենքի ընդունումը: Այս ձեւաչափն էլ պատճառ դարձավ իրարանցման եւ միայն մի քանի ինտրիգներից հետո` օրենքին կողմ եւ դեմ արտահայտվողները շարունակեցին քննարկումը: Ուշագրավ էր այն, որ ներկա էին նաեւ պատգամավորներ, ընդ որում` միայն «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից եւ «Ելքից»: Նախագծի վերաբերյալ մեզ չհաջողվեց խոսել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ, որը հրթիռային արագությամբ հեռացավ դահլիճից: Իսկ «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախ նշեց, որ հանրային քննարկումը դարձավ հանրային բախում, ինչը ճիշտ չէր:

– Ինձ թվում է` կողմերը մի քիչ պետք է իրենց տիրապետեին, եթե գտնում են, որ սա հանրության համար կարեւոր խնդիր է: Ամեն դեպքում, սա հիստերիա էր, եւ դրա համար խորհրդարանում նույնպես կունենանք լսումներ, եւ հուսով եմ ու վստահ, որ ավելի քաղաքակիրթ իրավիճակում դա կանցնի, որպեսզի կարողանանք լսել բոլոր տեսակի կարծիքները: Դրանից հետո` մենք վերջնական կհայտնենք մեր տեսակետը եւ, իհարկե, կուսակցության դիրքորոշումը նույնպես:

– Տիկին Սարգսյան, անձնական կարծիք ունե՞ք այս նախագծի վերաբերյալ, եւ ընդհանրապես ինչ են մտածում նախագծի մասին «Ծառուկյան» խմբակցությունում:

– Ես ինչ կարող եմ ասել, այստեղ ինքնասպանությունների մասին էլ խոսվեց, ինքս մի քանի օր առաջ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ինքնասպանությունների թեման բարձրաձայնել եմ: Կա հաստատված փաստ, որ այսօր հանրապետությունում ունենք շատ վատ վիճակագրություն` ե՛ւ ինքնասպանությունների, ե՛ւ ընտանեկան բռնությունների: Հիմա ե՛ւ պետությունը, ե՛ւ Ազգային ժողովն իր հերթին, ե՛ւ հանրությունը պետք է մտածեն ինչպես ենք այս հարցը լուծելու: 

– Քննարկման ժամանակ Դուք լսեցիք նաեւ մի շարք մտահոգություններ այս նախագծի վերաբերյալ, այդ թվում, որ այն չի լուծում Ձեր նշած խնդիրները...

– Դրա համար եմ ասում, որ օրենքը պետք է ուսումնասիրվի, հատկապես մտահոգությունները, որոնք հնչեցին, օրինակ, տնտեսական եւ հոգեբանական բռնության հետ կապված: Հարցը սոցիալ-տնտեսական վիճակն է երկրի, որը բերում է մարդու ինքնասպանության եւ միգուցե բռնության: 

– Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ քրեական օրենսգիրքն ամրացնել, ոչ թե ընտանեկան բռնությունների մասին վտանգավոր օրինագիծ մշակել:

– Ես ավելի քաղաքակիրթ պայմաններում, ամսի 17-ից հետո Ձեր հարցերին կպատասխանեմ: Ինձ համար կարեւոր է նաեւ, թե ինչ է եկեղեցին այս մասին կարծում: Հիմա իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, որ հայկական ընտանիքի մոդելն ինձ համար աշխարհում ամենաբարձրն է, ամենաառաքինին եւ լավը, բայց որ երեւույթները, իրադարձությունները եւ մեր կյանքը խեղաթյուրում են այդ մոդելը, եւ այն պահպանելու համար պետք է քրեական օրենսգիրքն ամրացնենք, թե այս օրենքն ընդունենք, քննարկման հարց է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ինչեւէ, այնուամենայնիվ, բավական զարմանալի է, որ հարցի վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքում, որտեղ օրինակելի ընտանիքներ ունեցողների պակաս չկա, շատերը հստակ դիրքորոշում չունեն: Մինդչեռ օրինագծի գոնե հանրային քննարկումը ցույց տվեց, որ կողմ են դրան գենդեռաստ տարրերն ու ընտանեկան արժեքներին դեմ խոսող, Արեւմուտքից սնվող հանրությանը վաղուց հայտնի որոշ կազմակերպություններ, դե իսկ Արդարադատության նախարարությունը կատարում է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից հանձնարարված տնային աշխատանքը, որի մասին եվրադեսպանը մի քանի անգամ ակնարկել է իր տարբեր ելույթներում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА