ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամբողջ գործունեության միակ նպատակը

10.10.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Որն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամբողջ գործունեության միակ նպատակը

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հերթական հանդիպումն ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնուհետեւ նույնօրինակ ու լղոզված հերթապահ հայտարարությունն արեցին` էլի հավասարի նշաններ դնելով կողմերի միջեւ: Այդուհանդերձ, թե որքանով էր այս անգամ ուշագրավ համանախագահների այցը տարածաշրջան, «Իրավունքը» հետաքրքրվեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ:

ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԻՆՉԻ՞Ն Է ՀԱՄԱՁԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ

– Պարոն Մինասյան, համանախագահների Երեւան-Ստեփանակերտ-Բաքու կատարած այցից հետո` որեւէ առաջընթաց կարելի՞ է ակնկալել ԼՂ բանակցային գործընթացում:

– Չեմ կարծում, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո` վերջին մի քանի ամիսներին մենք կարող ենք իրական, լուրջ ինչ-որ ակնկալիքներ  ունենալ, բացի այն խնդրից, որը կարող է վերաբերել, այսպես կոչված, վստահության մեխանիզմների ստեղծմանը: Այլ խոսքով ասած` Մինսկի խմբի համանախագահների մոտակա ամբողջ գործունեության միակ նպատակը կարող է լինել այն, որ փորձեն  որեւէ ձեւով Ադրբեջանին ստիպել համաձայնվել դրան: Եթե լինի այդպես, ուրեմն` կարելի է համարել, որ առաջխաղացում կա, ընդ որում` դրական: Իսկ այլ պարագայում որեւէ դրական ակնկալիքներ չկան:

– ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի արտագործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Մամեդյարովը հավանության է արժանացրել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկների որոշ կետերին: Հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմն այս փուլում պատրաստ է որոշակի փոխզիջումների:

– Կարծում եմ` այստեղ խոսքը կարող է լինել միայն այն, որ Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնվել է այն առաջարկներին, որ, միգուցե, նախագահների հանդիպում տեղի ունենա, որտեղ էլ նույն այդ վստահության մեխանիզմների շուրջ ինչ-որ խոսակցություն կարող է տեղի ունենալ: Այնպես որ, համոզված չեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են քաղաքական որոշակիորեն փոխզիջումների գնալ` ոչ միայն զուտ բանակցությունների հետ կապված, այլ նաեւ այն առումով, որ նպաստավոր պայմաններ ստեղծեն` բանակցություններն ընդհանրապես աշխատանքային դաշտ տեղափոխելու: 

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

– Այս դեպքում, երբ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարել եւ, ըստ էության, չի էլ պատրաստվում կատարել Ադրբեջանը, ինչի՞ շուրջ կարող են այսօր զրուցել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները: 

– Չեմ գտնում, թե այսօր քաղաքական պայմանավորվածությունների հասնելու հույս կա, բայց եթե լինի ինչ-որ տեխնիկական մակարդակով այդ վստահության մեխանիզմների կիրառումը, օրինակ, եթե ոչ սահմանագծում, այլ քայլեր կատարվեն` հասարակությունների մեջ եղած լարվածությունը մեղմելու առումով, սա կարելի է միայն ողջունել:

– Ի դեպ, այս համատեքստում ի՞նչ կասեք այս օրերին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանում իրականացվող Ռուսաստան-Հայաստան-Ղազախստան համատեղ զորավարժությունների մասին, հատկապես, որ շատ փորձագետներ նշում են, թե յուրաքանչյուր զորավարժություն նոր պատերազմի մասին է հուշում:

– Համամիտ չեմ այդ կարծիքի հետ: Ըստ իս, դրանք պլանային զորավարժություններ են: Ե՛վ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ե՛ւ հայ-ռուսական երկկողմ ձեւաչափով նման զորավարժություններ միշտ էլ տեղի են ունեցել, այդ թվում` նաեւ Հայաստանի տարածքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА