ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԽ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԸ

10.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԽ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԸ

Անցած շաբաթվա վերջին օրերին տարածաշրջանում էին Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա): Հայտարարությունը, որ տարածեցին այցից հետո, սպասելի էր: Այն է, տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ ԵՆ
Մինչ այդ էլ հայտնի էր, որ համանախագահների այցի հիմնական նպատակը հենց նախագահների հանդիպման կազմակերպումն էր: Միաժամանակ պետք է հստակեցվեր նաեւ հանդիպման օրակարգը, եւ եթե հանդիպման պայմանավորվածությունը կա, նշանակում է, որ քննարկվելիք հարցերն էլ են հստակեցվել: Այսինքն, համանախագահների այցը կարելի է հաջողված համարել: Առավել եւս, որ նրանք տեղեկացնում են, որ նախագահները չեն հանդիպելու հենց այնպես՝ ընդամենը հանդիպելու համար: Այսպես, համանախագահների հայտարարության համաձայն. «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»:
Այսպիսով՝ խոսքն ապրիլյան պատերազմով ընդհատված բանակցային գործընթացի մասին է: Նկատի ունենք, որ պատերազմից հետո նախագահները, ճիշտ է եւս երկու հանդիպում են ունեցել՝ Վիեննայում  եւ Սանկտ Պետերբուրգում, սակայն այնտեղ օրակարգում ոչ թե բուն հակամարտության կարգավորումն էր, այլ ուրիշ թեմա՝ սահմանային բախումների կանխումը: Բայց եթե հիմա վերականգնվում է բուն կարգավորման գործընթացը, հարց է, թե ի՞նչ ուղղվածությամբ: Դրան դեռ կհասնենք, սակայն նախ որոշ հանգամանքներ նկատենք:
Այն, որ ապրիլյան պատերազմից առաջ ընթացող բանակցությունների օրակարգը, մեղմ ասած, Բաքվի սրտովը չէր, դժվար չէ կռահել. հակառակ դեպքում, եթե բանակցություններն Ադրբեջանին ձեռնտու հունով ընթանային, էլ ինչո՞ւ էր հարձակում սկսում՝ դրանով մի շարք լուրջ խնդիրների առաջ հայտնվելու վտանգն աչքի առաջ: Հաջորդը. պատերազմից հետո Հայաստանը քանիցս հայտարարեց, որ կհամաձայնվի կարգավորման բանակցությունները վերսկսել միայն Վիեննայի  եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները կյանքի կոչելու պարագայում: Դրանք թեեւ կյանքի կոչված չեն, սակայն Հայաստանը գնում է բանակցությունների: Իհարկե` ասել, որ Հայաստանի ուղղությամբ, առանց հիշատակված նախապայմանների լիարժեք կատարման, բանակցությունները վերսկսելու հարցով որոշ, այսպես ասենք՝ հորդորներ կամ ճնշումներ չեն եղել, միամտություն կլիներ: Բայց նաեւ դժվար չէ կռահել, որ եթե Երեւանը երկու ոտքը դներ մի կոշիկի մեջ, թե ոչ մի դեպքում չեմ բանակցի, քանի դեռ համանախագահ երկրների ամենաբարձր ղեկավարների ուղղակի միջնորդությամբ, այսինքն՝ նրանց երաշխիքով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերած պայմանավորվածությունները չեն կատարվել, հազիվ թե այնպիսի բուռն ճնշումներ լինեին, որ Հայաստանին այլեւս ելք չմնար: Այսինքն, ավելի շուտ այն տպավորությունն է, որ բանակցային սեղանի շուրջ վերադարձը հայկական կողմը նախ գրանցում է որպես համանախագահներին  արված լավություն: Երկրորդը, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների փաստացի կատարման որոշակի բանավոր երաշխիքներ են տրված: Համենայնդեպս, նման տպավորություն է առաջ բերում նաեւ այն փաստը, որ եթե նախկինում համանախագահների այցերին եւ հնարավոր թեկուզեւ փոքրիկ պայմանավորվածություններին ընդառաջ Ադրբեջանը, գրեթե առանց բացառությունների, միանգամից սրում էր սահմանային լարվածությունը, ապա այս անգամ իրավիճակը մնում է չափավոր նորմայի մեջ: Եվ, վերջապես, կարելի է նաեւ ենթադրել, որ բուն կարգավորման բանակցային օրակարգի հետ կապված եւս Հայաստանը պետք է որ որոշակիորեն կոշտացրած լինի իր մոտեցումները՝ մինչ քառօրյա պատերազմը եղած օրակարգի համեմատ: Համենայնդեպս, նման ակնարկներ Երեւանից պարբերաբար լսվել են:

ԻՆՉ Է ԴՐՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ
Այսքանով հանդերձ, ի՞նչ բանակցային օրակարգի պետք է սպասել: Այն, որ վերջին տասնամյակում բանակցությունների հիմնական «մայր» փաստաթուղթը «Մադրիդյան սկզբունքներն» են, հայտնի փաստ է: Այլ փաստաթղթի մասին նաեւ քառօրյա պատերազմից հետո որեւէ խոսակցություն չի եղել: Դրանից զատ, վերջին ժամանակներս Հայաստանից լսվել են ակնարկներ, որ գործընթացը մնում է նույն շրջանակներում: Օրինակ՝ հիշեցնենք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին ակնարկը, որն այնքան աղմուկ բարձրացրեց: Ու չնայած աղմուկին, մեկ է՝ ՀՀ ԱԳ նախարարի խոսքի ենթատեքստերում պարզ զգացվում էր «Մադրիդյան սկզբունքների» երեք առանցքային կետերը՝ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունն ու ուժի կիրառման բացառումը: Դետալացված տեսքով այդ երեք սկզբունքների համատեղ օգտագործումը արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչ խոսք, «Մադրիդյան սկզբունքների» մասին առաջին հիշատակումներից ի վեր քանիցս փոփոխվել են, ու թե հիմա ինչ տարատեսակով է այն դրված բանակցային սեղանին, դժվար է անգամ կռահելը: Բայց  մեկ հանգամանք կարելի է նկատել. եթե քառօրյա պատերազմից առաջ եղած տարբերակը ձեռնտու չէր Բաքվին, ապա հիմա նա բանակցությունների մեջ է մտնելու եթե ոչ իր համար էլ ավելի վատ, այլ առնվազն՝ քառօրյայից առաջ եղած վատ տարբերակի շուրջ: Թե որն է այդ վատը, երբեք էլ գաղտնիք չի եղել. «Մադրիդյան սկզբունքներում» Արցախի ինքնորոշման իրավունքի գաղափարն է, որն ընդունելու դեպքում Բաքուն կտրուկ կհակասի 1988թ.-ից ի վեր իր քաղաքականությանը: Թեեւ այն, որ Ադրբեջանում՝ պատմության դպրոցական դասագրքում հայտնվում է Հայաստանի պատմական տարածքներով քարտեզ, միգուցեեւ պատահական չէ: Այն դեպքում, երբ Հայաստանից քանիցս լսվել է այն միտքը, որ Արցախի կարգավիճակի դիմաց կարող է գնալ որոշ շրջանների միաժամանակյա զիջմանը,  այսինքն՝ գլոբալ քաղաքական հակասության խնդիր հայկական կողմը չունի:
Մի խոսքով, այն պահին, երբ Բաքուն իրոք պատրաստ լինի Արցախի ինքնորոշման սկզբունքի ճանաչմանը, բուն հակամարտության, թեեւ էլի պահելով կարգավորման իր բարդությունը, այնուամենայնիվ՝ կդառնա լուծելի:

ԱԼԻԵՎԻ ՔԱՅԼԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Այլ հարց է, թե բանակցային սեղանի շուրջ Ալիեւի վերադարձն ակնա՞րկ է, որ Բաքուն, եթե ոչ հրապարակավ, ապա գոնե կուլիսային շփումներում այս անգամ Արցախի կարգավիճակի ճանաչման ռեալ պատրաստակամություն է հայտնել: Հասկանալի է, այդ հարցն այս փուլում բանակցային գաղտնիքների գաղտնիքն է: Բայց որոշ հանգամանքներ դժվար չէ հաշվի առնել:
Նախ հիշեցնենք, որ դեռ նոր էին համանախագահները պատրաստվում սկսել իրենց տարածաշրջանային այցը, երբ Հայաստանում վավերացվեց հայ-ռուսական միասնական զորախմբի հայտնի պայմանագիրը: Ասել, թե դա պատահականություն էր, եւ որ Ադրբեջանում ամենալուրջ ուշադրությունը չեն արժանացրել այդ փաստին, միամտություն կլիներ:
Առավել եւս, որ համանախագահների այցի այլ հետաքրքիր դրվագներ եւս «պատահականորեն» համընկան: Այդ թվում, նրանց Երեւան ժամանելու օրը մեզ մոտ տեղի ունեցան նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ եւ Եվրասիական 2-րդ համաժողովի միջոցառումները, որոնց ժամանակ ուշագրավ հայտարարություն հնչեցրեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը: Նախ՝ խոսելով արցախյան խնդրից, Գլազեւը լուծումը կապեց ԵՏՄ-ի հետ, բայց նաեւ հիշեցնելով ուկրաինական փորձը. «Մենք ականատես եղանք, երբ Յանուկովիչը հրաժարվեց Ուկրաինայի համար կործանարար՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից, նրան ուժով պաշտոնանկ արեցին: Եթե մենք ցանկանում ենք Կովկասում խաղաղություն, փոխօգնություն, օգտակար համագործացություն ունենալ, որոնք կօգնեն քաղաքական խնդիրների լուծմանը, ապա հարկավոր է ողջ Կովկասն ինտեգրել Եվրասիական տնտեսական միությանը... Տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում, լրացուցիչ հնարավորություններ են առաջանում անլուծելի թվացող քաղաքական խնդիրների լուծման համար»: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը, Գլազեւը հիշեցրեց, որ դա կախված է նաեւ Հայաստանից. «Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար, այս պարագայում, իհարկե, վճռորոշ խոսքը Հայաստանինն է, որովհետեւ որոշումներն ընդունում ենք կոնսենսուսով»:
Ճիշտ է, Ադրբեջանից չհապաղեցին արձագանքել, թե հարց է, իրենք ցանկանո՞ւմ են ԵՏՄ գնալ, որ մի բան էլ Հայաստանից կախված լինեն: Բայց այս դեպքում էլ այն հարցն է, թե պատահակա՞ն էր, որ Գլազեւը հիշեցրեց Ուկրաինայի փորձը: Առավել եւս, որ, ի տարբերություն Ուկրաինայի, Ադրբեջանն այս պահին լուրջ խնդիրներ ունի Եվրոպայի, ու կարծես թե, կապված Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների շարունակվող վատթարացման հետ, նաեւ՝ ԱՄՆ-ի հետ: Իսկ երբ նաեւ Թուրքիան է սկսել խոսել ԵՏՄ-ի հետ համագործակցությունից, դժվար չէ կռահել նաեւ Բաքվի տրամադրությունները: Եվ նկատենք, որ Գլազեւի ասածը նաեւ Անկարային պետք է որ հետաքրքրի:
Ու, միաժամանակ, Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը եւս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Եթե, Աստված չանի, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իրական օգնության կարիք ունենա, ապա հավաքական ուժի զորքերը պատրաստ կլինեն գալ ու օգնություն ցուցաբերել՝ կազմակերպության կանոնադրության սահմանած կարգի համաձայն: Եվ Հայաստանում այս առումով չպետք է կասկած լինի: ՀԱՊԿ-ը ունի ավելի քան 20 հազար բարձրակարգ զինծառայող, ովքեր հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ են: Կան լեռնահրաձգային, դեսանտագրոհային, օդադեսանտային ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի են լուծել ցանկացած խնդիր»:
Այսպիսով, Ալիեւը  համանախագահների հետ հանդիպեց այս բոլոր հայտարարությունների թարմ տպավորության տակ: Այսինքն, որ նախ մոտ ապագայում պետք է կողմնորոշվի ԵՏՄ-ի հարցով: Ապա, որ այս ընթացքում մեծ պատերազմով  Արցախի հարցը լուծելու փորձի դեպքում, բացի հայկական ուժերից, կա նաեւ միասնական զորախումբը եւ ծայրահեղ դեպքերի համար էլ՝ գեներալ-գնդապետ Սիդորովի հիշատակած 20 հազարանոց էլիտար զորքը: Բայց, թերեւս, այդ զորքի կարիքը հազիվ թե զգացվի: Այս իրավիճակում արդեն Ալիեւը պատրաստ կլինի՞ Արցախում գնալ խաղաղ հանգուցալուծման: Կամ միգուցե կա նաեւ ստատուս-քվոյի սառեցման եւ բանակցությունները անորոշ ժամկետով հետաձգելու ու շեշտը ԵՏՄ ուղղության վրա տարբերա՞կը: Այս ամենը, թերեւս, մոտ ապագայում կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատահաբա՞ր է Ադրբեջանում՝ պատմության դպրոցական դասագրքում հայտնվել Հայաստանի պատմական տարածքներով քարտեզ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА