ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.10.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այսպիսի կազմակերպության մասին լսե՞լ եք, որ կոչվում է «Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամ»: Չե՞ք լսել, շատ իզուր, այն ոչ միայն կա, այլեւ անցկացրել է ուսումնասիրություն ՀԿ-ների ֆինանսական վիճակի վերաբերյալ: Եվ եկել ողբալի եզրակացության` որ վտանգված է գրանտասիրաց ֆինանսական կայունությունը: Այսպես, ըստ փորձագետ ՏԱԹԵՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ. «Երբ դրամաշնորհն ավարտվում է, նրանք ստիպված են իրենց աշխատակազմը ցրել կամ պահել որպես կամավոր»: Փորձագետը զարմանալիորեն երազում է, որ ինչպես Արեւմուտքում, Հայաստանում էլ քաղաքացիները նվիրատվություններ անեն ՀԿ-ներին.  «Կան մարդիկ, որ պատրաստ են գումար տալ, բայց ՀԿ-ները չեն կարողանում ձեռք բերել այն վստահությունն ու իմիջը հասարակությունում, որ մարդիկ պատրաստակամ լինեն շարունակաբար իրենց աջակցել»: Լավ, ախր, ձեր ինչի՞ն վստահեն, որ մի բան էլ ձեռքը տանեն գրպանը` ձեզ ֆինանսավորելու համար: Պաշտպանածներդ տարբեր դեգեներատիվ խմբեր չե՞ն` այլասերվածներ, աղանդավորներ, ծայրահեղական հակապետական խմբակներ... 
Օրերս մի հանճարեղ միտք հնչեցրեց ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ. «Ինձ հետ խոսելիս ցանկացած պարկեշտ հայ նախ կմտածի` ի՞նչ է ասում Հայրիկյանը: Վարպետին չեն ասում` ինչ անել, վարպետին հարցնում են` ի՞նչ կարծիքի եք դուք, վարպետ»: Օրինակ, վերը հիշատակված գրանտասերները ինչո՞ւ չեն դիմում Հայրիկյանին այդ հարցադրումով` ի՞նչ կարծիքի եք, վարպետ, որ հանրությունը մեզ չի սիրում ու հույսներս մնացել է քեռի Թրամփի դեմքով ներկայացող եւ վերջերս ահավոր ժլատացած «քեռի Սեմը»: Ի՞նչ է, հայ չե՞ք, թե պարկեշտ չեք, որ անտեսում եք վարպետի հեղինակությունը: Համ էլ, վատ չէր լինի, որ վարպետի կարծիքը հարցնեին նաեւ նրանք, ովքեր ծայրահեղ ոգեւորվել են Սէֆիլյանի ներկայացրած 30 հոգանոց ցուցակով: 
Այսպես, զարմանալի է, որ վարպետի կարծիքը չի հարցնում հանրության կողմից իսպառ մոռացված նախկին պատգամավոր ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով Սէֆիլյանի ցուցակին արձագանքել էր այսպես. «Վիճակն այսօր շատ ավելի լուրջ է, քան այս կամ այն մարդու անձնական կարծիքը: Մենք պետք է հասկանանք, որ միավորվելն անհրաժեշտություն է: Եթե այդ երեսուն հոգու մեջ գտնվեն տասնհինգ հոգի, որոնք իրենց ամբիցիաներից վեր կդասեն իրավիճակի մտահոգությունը, ապա ողջունելի է: Ես տեսնում եմ ինձ ցանկացած մեկի կողքին, նույնիսկ Աշոտ Մանուչարյանի կողքին»: Ինչպես կասեր տատս` վո՜ւյ քոռանամ, այդ ի՞նչ վիճակում են հեղափոխություն երազողները, որ անգամ Մանուչարյանի կողքին պատրաստ են կանգնել եւ գլուխները ուռացնել տարատեսակ դավադրությունների տեսություններով, որոնք այդքան սիրում է պարոն Մանուչարյանը:
Բայց, այնուամենայնիվ, ինչքան էլ զարմանալի լինի, տիեզերքն է մեզ նախանշաններ տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Այսպես, երկուշաբթի աստղագետները հայտնաբերեցին, որ ԱՐԵԳԱԿԻ մակերեսին ձեւավորվել է սիրտ հիշեցնող պատկեր: Իհարկե, գիտնականները տվեցին իրենց զուտ գիտական բացատրությունը` ՌԴ ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կայքում ասվում է, որ պատկերի արտաքին տեսքը ձեւավորվել է սառը մագնիսական հանգույցներով, որոնք ավելի մութ տեսք ունեին, իսկ դրա կենտրոնում տաք ակտիվ շրջան էր: Ու թեեւ «սիրտը» գոյություն ունեցավ ընդամենը մի քանի ժամ, բայց հենց Արեգակը արեւապաշտ հայերիս հուշում է, որ ամենադժվար հարցերը լուծվում են սիրով:

ԶԱՐՄԱՆՔ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА