ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.10.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Չէ, ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ վրա Փարիզը գալովի է: Քիչ էր, որ ոմն ուկրաինացի լրագրող, ճղելով թիկնապահների շղթան, հրապարակավ համբուրեց Քարդաշյանի հետույքը, հիմա էլ մի զարմանալի կողոպուտի նա ենթարկվեց` ոստիկանի համազգեստ հագած հինգ ավազակներ նրանից հափշտակեցին առնվազն 10 մլն եվրոյի զարդեր եւ թանկարժեք իրեր: Սակայն ամենազարմանալին այն է, որ համացանցում ավելի շատ քննարկման առարկա դարձավ ոչ թե կողոպուտը, այլ Քարդաշյանի վերջին լուսանկարը, որը նա մակագրել էր. «Այսօր առանց մեյք-ափի եմ»: Ու գնաց երկար-բարակ քննարկում` արդյո՞ք շպարվելու միջոցներ բացարձակ չի օգտագործվել, թե, այնուամենայնիվ, օգտագործվել է շատ քիչ: Անգամ բավականին շատ հարցադրումներ հնչեցին, թե արդյո՞ք հայուհիների մեծ մասը բնականից այդքան գեղեցիկ են: 
Իսկ, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ զարմանալի դաժանություն դրսեւորեց օսկանյանական կուսակցության հանդեպ: Քիչ է, որ կիրակնօրյա ընտրությունների շուրջ Վարդան Սիվիլիթասիչի թիմակիցները ամբողջ համացանցը ողբով են լցրել, հիմա էլ Աշոտյանը նրանց վերքերին աղ ու բիբար է ցանում` փաստելով. «Նախկին արտգործնախարարի կուսակցությունը` իր չորս պատգամավորներով, որ լցված էր ամբողջ տեղեկատվական, քարոզչական, կազմակերպչական եւ ֆինանսական ռեսուրսով, Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին Գյումրիում հավաքեց նույնքան ձայն, որքան հավաքեց մինչ այդ անհայտ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը: Կարծում եմ` քաղաքական հետագա ամբիցիաների համար այս կուսակցությունը օբյեկտիվ հիմքեր չունի` գոնե Գյումրիի ու Վանաձորի ընտրությունների արդյունքով: Չգիտեմ, թե ինչպիսի ռազմավարություն կամ մարտավարություն իրենք կդրսեւորեն ապագայում, բայց, այնուհանդերձ, այս փուլում ակնհայտ է, որ այս քաղաքական նախագիծը ձախողվեց` չծնված»: 
Իսկ ԲՀԿ-ական ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ, դեռ հույսեր ունի, որ Գյումրիի քաղաքապետ կլինի ոչ Սամվել Բալասանյանը: Ինչքան էլ զարմանալի լինի, նա պնդում է. «Բարգավաճ Հայաստանը Գյումրու մի շարք տեղամասերում բողոքարկելու է արդյունքները, որից հետո նոր միայն որոշում կկայացնի: Կարծում եմ` այո, այնտեղ հնարավորություն կա կոալիցիա կազմելու, բայց ոչ ձեր նշած տարբերակով: Հնարավոր է, որոշակի հանգամանքների դեպքում, բոլոր ուժերը միանան մեզ: Սա կախված է վերջնահաշվարկի արդյունքներից: Հակառակ դեպքում` մենք այլ ուժերի, քաղաքական մեծամասնության հետ համախմբվելու խնդիր չունենք»: Բայց զարմանալի է, ինչո՞ւ է հարգարժան պատգամավորին թվում, որ վերահաշվարկի արդյունքում կավելանան հենց ԲՀԿ-ի, այլ ոչ թե ՀՀԿ-ի քվեները, մի՞թե նա անտեղյակ է իր կուսակիցների Գյումրվա ընտրական տեխնոլոգիաների առանձնահատկություններից...
Իսկ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ զարմանալիորեն ստանձնել է հայտնի մուլտֆիլմի Լեոպոլդ կատվի դերակատարությունը ընդդիմադիր դաշտում: Նա որոշել է մխիթարել եւ կրկին փորձել հաշտեցնել Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին. «Նիկոլն ասում էր, որ քաղաքականության մեջ ոչինչ ոչ-հրապարակային չի անելու: Կհետեւեմ իր խորհրդին ու բաց կասեմ: Նիկոլ ջան, Էդմոն ջան, հիմա դուք կսկսեք վերլուծել երեկվա ընտրությունների արդյունքներն ու պատճառները: Պառլամենտականին մնացել են հաշված ամիսներ: Եթե ձեր եզրակացությունների մեջ հանկարծ հասնեք այնտեղ, որ սեղանի կարիք ունենաք` մեկ միասնական թղթի վրա աշխատելու համար (հույս ունեմ թղթի անունը ծրագիր կլինի), հիշում եք, մեր նկուղի ընդարձակ սեղանը միշտ պատրաստ է: Ուղղակի, ասեցի` ասեմ...»: Սակայն նախորդ սեղանակցության փորձից հիշելով, որ գինին շառ է, պատգամավորն ավելացնում է. «Գինու հույս չունենաք»: Ինչեւէ, կարծում ենք, սակայն, որ թիվ մեկ ընդդիմության համար մրցակցությունը կբերի նրան, որ գինով, թե առանց գինու` ընդդիմադիր դաշինքները ուտվող բան չեն: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА