ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.09.2017 18:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա: Սեպտեմբերի 26-ին ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ «Օրակարգ» հաղորդման ժամանակ ներկայացվել էր մի քարտեզ, ուր Արցախը ներառված է Ադրբեջանի տարածքում: Այդ քարտեզը ծլեց այն պահին, երբ ներկայացվում էր Տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ասուլիսը եւ խոսվում ճանապարհների քարտեզագրման մասին: Եվ ի՞նչ` հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանն ասում է. «Համապատասխան մարդիկ դիտողություն կամ նկատողություն կստանան»: Այ քեզ բան, այդպիսի խայտառակություն հարկատուների փողերով պահվող հանրային եթերում թույլ տվածներին անհապաղ վռնդելու ու այլեւս լրատվական դաշտին երբեք մոտիկ չթողնելու փոխարեն` ինչ-որ «դիտողություն»: Մինչ հայրենասեր երիտասարդները փողոցների կանգառներում ներկի ու վրձնի օգնությամբ շտկում են ԵՄ գրասենյակի կամ տարբեր հիմնարկների տեղադրած կիսատ քարտեզները` ավելացնելով Արցախը, երկրի գլխավոր հեռուստաընկերությունում Արցախը Ադրբեջանի կազմում պատկերելու խայտառակ փաստին զարմանալիորեն ներողամիտ են վերաբերվում:
Անշուշտ, մայրաքաղաքի ամենացնցող իրադարձություններից մեկը ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ խայտառակ փաստի տեսագրությունն էր, ուր երեւում է, թե ինչպես խոշոր ողբերգական ավտովթարից հետո մի զազրելի կերպարանք շալակում եւ տանում է մի պարկ մակարոն: Իհարկե, այդպիսի տմարդի արարածներ ամենուրեք էլ կան, եւ Քննչական կոմիտեն ճիշտ է անում, որ պահանջում է հայտնաբերել եւ պատժել այն ոստիկաններին, որոնց անփութության պատճառով հնարավոր եղավ դիակապտությունը: Բայց ամենազարմանալին ու զարհուրելին այն էր, որ սոցցանցերում հայտնվեցին դիակապտություն կատարածին արդարացնողներ, որոնք վկայակոչեցին է՛լ աղքատությունը, է՛լ «գալստուկավոր թալանչիներին», է՛լ մոգոնեցին «արժանապատվություն ունեցող մուրացկաններ»: Այդ արդարացնողների վարքագիծը շատ ավելի սարսափելի է, քան անգամ դիակապտության փաստը: Մեր գործընկեր, բանաստեղծ Արա Ալոյանը հրաշալի տողեր ունի. «Հույսի վրա կրակելը քրեորեն պատժելի է: Հույս տվեք, հուսադրեք որքան կարող եք, բայց հակառակը` երբե՛ք...»: Իսկ դուք` ստեղնաշարի թեթեւ շարժումներով դիակապտություն արդարացնողներդ, հենց հույսի վրա կրակողներ եք:
Օրենքը թույլ է տալիս, որպեսզի Երեւանում բնակարան չունեցող պատգամավորը բնակարան վարձակալելու համար ԱԺ-ից փոխհատուցում ստանա, որը, ըստ ԱԺ մամլո խոսնակ Արսեն Բաբայանի, չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Եվ ո՞վ օգտված լինի օրենքի այդ հնարավորությունից: Պինդ բռնվեք` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: Նա դիմել է ԱԺ ղեկավարությանը. «Օրենքը դա թույլ է տալիս, եւ ես ուզում եմ օգտվել օրենքի` ինձ ընձեռած հնարավորություններից»: Լրագրողների հարցուփորձից էլ Գյումրու նախկին քաղաքապետ այդ պատգամավորը որոշեց զայրանալ. «Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»: Դա այն դեպքն է, երբ ասելիք չի մնում:
Այժմ թեժ վեճեր են ընթանում, որ դպրոցում ո՞ր օտար լեզվին պետք է նախապատվություն տրվի` ռուսերենին, թե անգլերենին, եւ քիչ է մնում այդ բանավեճերը հնչեն նույնիսկ սառնարանից կամ արդուկից: Ու մինչ օտար լեզուներից է խոսվում, լրատվական դաշտում հայտնվում է տեղեկատվություն, թե զարմանալիորեն ինչ վիճակի է հասցված դպրոցների ընդհանուր կրթական մակարդակը: Մի ուրվական է շրջում Հայաստանում` ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ուրվականը: Պատկերացնո՞ւմ եք, դպրոցականը պատասխանելով այն հարցին, թե կոնսերվատորիան ում անունով է, կարող է պատասխանել` Արամ Ասատրյանի, իսկ «Լուսնի սոնատի» հեղինակ կարող է համարել Արմենչիկին: Դե արի ու դրանից հետո մի հիշիր յոգայի մարզիչ Անդրանիկ Աթովենցի առաջարկությունը` ռաբիս բառի փոխարեն օգտագործել ավելի համապատասխան բառը` ճորտարվեստ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА