ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.09.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, ԱՄՆ-ի հռչակավոր համալսարաններում ուսանելը մարդու մտահորիզոնը լայնացնում է, սակայն նաեւ զարմանալիորեն պարզվում է, որ ամերիկյան միջավայրում երկար մնալն ու, առավել եւս, դրանով հիանալը հանգեցնում է բթացման: Դա հաստատեց երկար ժամանակ հեղափոխություն անելու փոխարեն, ԱՄՆ-ում ուսանող ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ, ով հիմա էլ շատ է ոգեւորվել Ժիրայր Սէֆիլյանի ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ: Եվ ահա այդ երիտասարդը ցնցումների մեջ է ընկել, երբ աչքով ընկել է ռուսաց լեզվի պատկերազարդ դասագիրքը եւ այդտեղ տեսել «նեգր» բառը. «Պարոն Լեւոն Մկրտչյանին փոխանցեք, որ ռուսերենը խորացնելու փոխարեն էս խայտառակություն ռասիզմը իր ձեռքով ճղելով դուրս բերի դասագրքից ու որակով գիրք պատվիրի: Քաղաքակիրթ աշխարհը վաղուց սեւամորթ է ասում: What the fuck արա»: Անշուշտ, նախարարը սխալ բաներ շատ է արել, սակայն, գրողը տանի, ի՞նչ մեղավորություն ունի «նեգր» բառը, որը մեր երկրում վիրավորական եւ ոչ մի երանգավորում չի պարունակում: Նույն տրամաբանությամբ կարելի է պահանջել, որպեսզի Եվրոպայի երկրներից մեկը այլեւս չկոչվի Մոնտենեգրո, քանզի դա ահավոր ռասիզմ է: 
ՀՀ քաղաքացիներ, զգուշացե՛ք: Բայց ոչ միայն ավտոմեքենայից, այլեւ կատաղած ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ: Տիկինը, ինչպես եւ խոստացել էր, սկսել է այցեր երկրով մեկ, հանդիպումներ քաղաքացիների հետ, որոնք նաեւ համացանցով ուղիղ եթերով հեռարձակում է: Բայց արի ու տես, որ երկխոսության փոխարեն ստացվում է միակողմանի լաչառություն: Զորօրինակ, Ալավերդիում, երբ փորձ է արվում նկարահանել զրույցը, տղամարդը հայտնում է, որ չի ցանկանում նկարահանվել եւ Զարուհին ի պատասխան ասում է. «Ուզո՞ւմ եք ոստիկանություն կանչենք, որ մեզ խոչընդոտում եք: Մի քանի տղամարդ ենք տեսել, այն էլ մեզանից վախենում, փախչում են»: Լավ, բա էլ ի՞նչ անեն, եթե չշփվելու համար ոստիկանություն է կանչում... Այնպես որ, շքամուտքից դուրս գալուց առաջ ուշադիր ծիկրակեք` արդյո՞ք մոտակայքում չի երեւում Զարուհի Փոստանջյանը, ով տեղով քայլող շառ ու փորձանք է:
Իսկ իրեն Քաղաքագետների միության նախագահ համարող, բայց բացարձակ ձախողակ քաղաքական գործիչ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ամպագոռգոռ հայտարարել է. «Մեր ընդդիմության գլխին կախված անեծքը հենց այն է, որ նրանք միշտ հարցերը բարձրացնում են, բայց լուծումներ չեն կարողանում տալ: Սա ավելի վատ է, քանի որ ոչ միայն խնդիր չի լուծվում, այլեւ ավելի է վատթարանում այն վիճակը, որն առաջանում է այդ խնդիրների չլուծվածության պատճառով»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, չենք կարող չհարցադրել` իսկ արդյո՞ք ինքը` Հմայակը, չի ուզում խոստովանել, որ անձամբ շատ մեծ ներդրում ունի հարց բարձրացնելու, բայց հետո իրեն հավատացած քաղաքացիներին քոռուփոշման թողնելու այդքան պարսավելի գործընթացի մեջ: Համ էլ, թող փոքր-ինչ քիչ խոսի ու նաեւ ձգտի հանկարծ չընկնել Արտաշես Գեղամյանի աչքին, քանզի «Ազգային միաբանության» տղերքը բավականին հետաքրքիր հուշեր ունեն սույն նախկին երիտասարդի մասին:
Աչքներս լույս, քաղաքական ձախորդության խորհրդանիշ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր մեղմիկ ժպիտով օրերս հայտարարեց. «Եթե ժողովուրդը այդ պահանջարկը ներկայացնի, եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն, պատրաստ է նաեւ ակտիվ, նախաձեռնող քայլերի, ինչու չէ, մենք պետք է հրապարակային, հանրային քայլերով ամեն ինչ անենք, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը: Կարող ենք գարնանն ընդառաջ «Ժառանգությունից» եւ ոչ միայն «Ժառանգությունից» սպասել ակտիվ նախաձեռնություններ»: Իսկ այժմ պետք է թախանձագին խնդրանքով դիմեմ ավագ սերնդի ներկայացուցիչներին` եթե ձեր որդին կամ դուստրը ընդդիմադիր հայացքների տեր է, թող ուր ասես գնան, բայց ոչ Րաֆֆու «ակտիվացման» հետեւից: Չէ՞ որ ձախողակությունը վարակիչ է, համ էլ Րաֆֆուց նաեւ կամակոր թուլամորթություն կսովորեն, եւ մեծ-մեծ խոստումները մոմավառության վերածելու արատավոր սովորույթը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА