ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

26.09.2017 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ԻՆՉՊԵՍ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Օրերս Մուսա լեռան հուշահամալիրում տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված ամենամյա տոնակատարությունը: Ազգային երգ ու պարով մուսալեռցիները նշեցին նախնիների քաջագործություններին նվիրված տոնը եւ շնորհավորեցին միմյանց: Տոնակատարության գլխավոր խորհրդանիշներից մեկը Մուսալեռի երաժշտական գործիքն է` գոսը` թմբուկ, որի բարձր հնչյունների տակ էլ 40 օր պայքարելուց հետո, իրենց հաղթանակն են նշել մուսալեռցիները:
Թմբուկը, որը ստեղծվել է 1885 թվականին, այսօր ժառանգել է ՍԱՐԳԻՍ ԶԵԹԻԼՅԱՆԸ: Նա ասում է` մինչեւ թմբուկը չզարգի, հերոսամարտին նվիրված տոնակատարությունը չի մեկնարկում:
«Թմբուկը ժառանգել եմ մորս պապիկից` Հակոբ Թոսունյանից, ով անվանի մարդ է եղել. նրա անունը հայտնի է եղել Մարաշից մինչեւ Մուսալեռ: Հին օրենքի համաձայն` երիտասարդ երաժիշտները նրանից թույլտվություն են խնդրել, որից հետո միայն նվագել: 1946 թվականին պապիկս Լիբանանից հայրենադարձվել է եւ իր հետ բերել նաեւ գոսը: Այստեղ այն հայտնվում է պապիկիս քույրերի տանը համարվելով անպետք իր` այն դնում են տան անկյուններից մեկում: Տարիներ անց, երբ մայրս այցելում է նրանց, տեսնում է թմբուկ եւ բերում մեր տուն»,- «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Ս. Զեթիլյանը եւ հավելեց, որ որոշ ժամանակ անց իր հայրը` Փայլակ Զեթիլյանը եւ ընկերը` Հակոբ Ֆրանգյանը վերանորոգում են թմբուկը եւ1958 թվականին առաջին անգամ որոշում նշել մուսալեռցիների օրը: Իսկ արդեն հաջորդ տարի տոնակատարությունը նշում են 40 մուսալեռցիներով, եւ այսպես տարեցտարի մուսալեռցիները համախմբվում են տոնի շուրջ. «Խորհրդային Միության տարիներին այս տոնին որոշում է մասնակցել Հովհաննես Շիրազը, սակայն բանաստեղծին հենց տոնակատարության վայրից ձերբակալում են եւ բաց թողնում մի քանի ժամ հետո: Այդ տարիներին Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնակատարություն կազմակերպելը խնդիրներ էր առաջացնում, բայց մուսալեռցիները ոչնչի առջեւ կանգ չեն առել եւ մինչ օրս շարունակում են նշել»,- ասաց Սարգիս Զեթիլյանը եւ հավելեց. «Թմբուկ նվագում եմ 5 տարեկանից, իմ ուսուցիչը եղել է մորս պապիկի աշակերտը` լուսահոգի Հակոբ Ֆրանգյանը: Տոնակատարության խորհրդանիշը այս թմբուկն է, որի բարձր զարկերի ներքո է տոնի խարույկը վառվում: Իմ որդիները դեռ փոքր են, բայց հուսամ` նրանք ինձնից հետո կնվագեն այս թմբուկը, որ Մուսալեռից հասել է մինչեւ այստեղ»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА