ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է թաքցնում փոխնախարար Խաչատրյանը

26.09.2017 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է թաքցնում փոխնախարար Խաչատրյանը

ՀՀ ԱԺ սեպտեմբերյան նիստում ՀՀ  առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Ազգային ժողովին ներկայացրեց մի օրինագիծ, որով առաջարկվում էր այլեւս չլիցենզավորել  գենետիկ ինժեներիայի հետազոտությունները: Պատգամավորների համառ ջանքերը պարզելու, թե հատկապես ի՞նչ նպատակ է հետապնդում այդ օրինագիծը եւ ինչո՞ւ հատկապես հիմա է առաջացել նման անհրաժեշտություն, փոխնախարարը որեւէ համոզիչ բացատրություն չէր կարողանում բերել: Նա խոսում էր ինչ-որ սփյուռքահայերի մասին (ում անունները նա հրաժարվեց հրապարակել), ովքեր մասնավոր զրույցներում ցանկություն էին հայտնել,որ գենային ինժեներիայի հետազոտություններով զբաղվելը Հայաստանում դառնար ավելի դյուրին եւ չպահանջեր վերահսկողություն, լիցենզավորում եւ այլն: Առողջապահության փոխնախարարը պնդում էր, որ դա թույլ կտա Հայաստան բերել ինչ-որ ներդրումներ, սակայն, մասնավորապես, ինչ ներդրումների մասին էր խոսքը, ովքեր էին այդ սփյուռքահայերը, եւ ինչ պատճառով է փոխնախարարը սփյուռքահայերի առաջին իսկ ցանկությունը «վազելով» բերում Ազգային ժողով, այդ հարցերի  պատասխանը մնաց բաց: Այդպես էլ պարզ չեղավ, թե ով, երբ եւ ինչքան ներդրում է պատրաստվում դնել Հայաստանում գենային  ինժեներիայի հետազոտությունների համար: Այնպիսի տպավորություն էր, որ փոխնախարարը ինչ-որ բան թաքցնում էր, հակառակ պարագայում պետք է ենթարդրել, որ Առողջապահության նախարարությունում ով ինչ մասնավոր զրույց է ունենում, հետո իրեն շնչակտուր գցում է Ազգային ժողով` զրույցը «անիմաստ» օրենքի վերածելու նպատակով:


ԳԱՂՏՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ


Հավանաբար փոխնախարար Խաչատրյանի այդպիսի տարօրինակ դրսեւորումները կարելի կլիներ վերագրել վերջինիս  գենետիկ ինժեներիայի հանդեպ մանկուց ունեցած սիրո դրսեւորումներին: Սակայն մամուլում ի հայտ եկավ մեկ այլ դրվագ` կապված բավականին աղմուկ հանած պապիլոմա վիրուսի  պատվաստումների մութ պատմության հետ: Հիշեցնենք, որ նույն Առողջապահության նախարարության առաջարկությամբ մանկահասակ կամ դեռահաս աղջիկներին պետք է այդ վիրուսի դեմ պատվաստումներ անեին, սակայն կան գիտնականներ, եւ մի շարք երկրների առողջապահության նախարարությունների տեսակետներ, որ այդ պատվաստումները բերում են չբերության եւ բնավ էլ այդքան անմեղ զբաղմունք չեն , ինչպես փորձում է ներկայացնել Առողջապահության նախարարությունը: Հենց այդ պահին պարզ դարձավ, որ նույն փոխնախարար Ս.Խաչատրյանը հանդիսանում է պատվաստումների լոբբինգով զբաղվող «Gavi, the Vaccine Alliance» արտասահմանյան հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի անդամ: Ղեկավար մարմնի կազմը ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ այն հիմնականում կազմված է Համաշխարհային բանկի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանցից եւ, այսպես կոչված, զարգացող երկրների ներկայացուցիչներից: Հայաստանը ԱՊՀ երկրներից միակն էր, ով հայտնվել էր այդ ցուցակում` աֆրիկյան հետամնաց երկրների հարեւանությամբ: Կա տեսակետ, որ պատվաստանյութերի կամ որոշ դեղամիջոցների լոբբինգով զբաղվող կազմակերպությունները իրականում շուռումուռ են տալիս աստղաբաշխական ֆինանսական միջոցներ եւ հանդիսանում են մի օղակ` արտադրողից սպառող ճանապարհին:

 Սակայն վերադառնանք Հայաստանում գենետիկ ինժեներիայի հետազոտությունների անկառավարելի դարձնելու փոխնախարար Խաչատրյանի օրինագծին: Եվ այստեղ պետք է հիշել այն  լուրջ ուսումնասիրությունները, որոնք առնչվում են գենետիկ զենք ստեղծելու  հատուկ ծառայությունների հետազոտություններին:  Ըստ ռուսական «Արգումենտի նեդելի» թերթի (N 35, 2017թ.), Հայաստանում գործում է գաղտնի կենսաբանական լաբորատորիա: Նույնանման լաբորատորիաներ գործում են Ադրբեջանում` 1 հատ, Ուկրաինայում` 15 հատ, եւ մի քանիսը Վրաստանում: Ընդ որում, Վրաստանում վերջերս այդ լաբորատորիաներից մեկը փակվեց, երբ ժողովրդի մեջ սկսվեց դժգոհություն` անասունների համաճարակների հաճախականությունը ավելանալու կապակցությամբ: Թերթը ներկայացնում է «ԿիբեռԲերկուտ» հաքերային խմբի զեկույցը Ուկրաինայում կենսաբանական  լաբորատորիաների ցանցի գործունեության վերաբերյալ. «Շատ ուկրաինացիներ համարում են, որ համաճարակների պատճառ են հանդիսանում երկրի տարբեր քաղաքներում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներում պաթոգեն միկրոօրգանիզմների հետ իրականացվող գաղտնի փորձարկումները : 2009թ.-ից Ուկրաինայում ամերիկական փողերով սարքավորվել են 15 այդպիսի օբյեկտ, իբր կենսաբանական վտանգները նվազեցնելու նպատակով, սակայն այդ պահից նման վտանգների թվաքանակը եւ տարածվածությունը միայն աճեցին մի քանի անգամ: Ուկրաինան ցնցող հազվադեպ պատահող հիվանդությունների համաճարակները վերջին տարիներին կարող էին առաջանալ կառուցված լաբորատորիաներից արտահոսքների պատճառով: Սակայն այդ տարբերակը թվում է ծայրահեղորեն քիչ հավանական` հաշվի առնելով ամերիկյան մասնագետների որակավորման բարձր մակարդակը: Ավելի շուտ` վարակումները եղել են կանխամտածված եւ հանդիսացել են ռազմական վիրուսների մոդիֆիկացիաների փորձարկման մի մասը...»:

 Ըստ թերթի` այդ բոլոր լաբորատորիաները հանդիսանում են ռազմական օբյեկտներ եւ ուղղակիորեն ենթարկվում են ԱՄՆ պաշտպանության նախարարությանը: Նրանց վրա չի տարածվում տեղակայման երկրի օրենսդրությունը: «Ոչ մի ուկրաինական ծառայություն իրավունք չունի այդտեղ իրականացնել ստուգում եւ նույնիսկ մուտք գործել այդպիսի օբյեկտ: Այդտեղ չեն աշխատում տեղացի բնակիչները, իսկ աշխատակազմը կազմված է բացառապես ԱՄՆ-ի քաղաքացիներից: Ամերիկյան ռազմական բիոլաբորատորիաները Ուկրաինայում գտնվում են ամերիկյան Black and Veatch Special Projects  կորպորացիայի կառավարման տակ»: «Կիբեռբերկուտի» հաքերները նշում են, որ. «Պաշտոնապես համարվում է, որ լաբորատորիաները գտնվում են Ուկրաինայի առողջապահության նախարարության ենթակայության տակ, սակայն  դա պայմանականություն է, հաշվի առնելով, որ նախարարությունը ղեկավարում է ԱՄՆ քաղաքացի եւ մայդանի ակտիվիստ Ուլյանա Սուպրոնը, սակայն իրականում կենսաբանական  նյութերի հետ գաղտնի աշխատանքները իրականացվում են Պենտագոնի հովանու ներքո»: Ըստ «ԿիբեռԲերկուտի», գաղտնի կենսաբանական փորձարկումների համակարգման հարցում տեղակայման երկրի կողմից գործում են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ: Զեկույցում նշվում է, որ ամերկացիները Ուկրաինայում կարող են մշակել ընտրական ազդեցությամբ ռազմական վիրուսների տարատեսակներ: Դա յուրահատուկ գենետիկական զենք է, որը, ըստ թերթի, կարող է ազդել բացառապես սլավոնական անձանց գենոտիպի վրա եւ կանխել նրանց բազմացումը, առաջ բերել չբերություն եւ այլ հիվանդություններ, այդ թվում` կաթվածներ, օնկոլոգիական հիվանդություններ եւ այլն:

Նույն թեմային անդրադառնում է նաեւ մեկ այլ ռուսաստանյան հանրահայտ թերթ` «Կոմսոմոլսկայա պրավդան» (N34, 2017թ.): «ԱՄՆ-ն շրջապատում է Ռուսաստանը գաղտնի բիոլաբորատորիաներով» հոդվածում ՌԴ  ՊՆ հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոչենկոն նշում է, որ կենսաբանական լաբորատորիաների ցանցը պատկանում է ամերիկյան զինվորականներին եւ ֆինանսավորվում է Պենտագոնի կողմից: «ԱՄՆ-ի ռազմակենսաբանական լաբորատորիաների իրական խնդիրները թափանցիկ չեն, իսկ այնտեղ իրականացվող հետազոտությունների բնույթը առաջացնում է լուրջ մտահոգություն: Ռուսաստանյան մասնագետները լրջորեն անհանգստացած են նշված երկրների հետ Ռուսաստանի սահմանակից տարածքներում գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների մոտ անհայտ համաճարակների ի հայտ գալով»:


Ի դեպ, ՀՀ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում  վերոհիշյալ նախագիծը քննարկելու ժամանակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ այդ թվում` Հայաստանում տարիներ առաջ տարածված խոզի ժանտախտը, ըստ որոշ կարծիքների, նույնպես կարող է լինել գենային ինժեներիայի հետ առնչվող խնդիր: Իսկ  Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի նախկին պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը նշել է, որ. «Այդ լաբորատորիաների աշխատանքի վկայությունն է Ուկրաինայի համար էկզոտիկ հիվանդություններով մարդկանց եւ կենդանիների  հիվանդության դեպքերը: Հնարավոր չէ թաքցնել աֆրիկյան ժանտախտի համաճարակները, որոնք պարբերաբար ոչնչացնում են խոզերի գլխաքանակը, կամ էլ` թռչնագրիպը, որը ոչնչացնում է հավերին եւ կասեցնում թռչնամսի արտահանումը: Դժվար չէ թաքցնել եւ այն դեպքերը, երբ անհայտ վիրուսները տանում են Ուկրաինայի քաղաքացիների կյանքը եւ առողջությունը: Որպես կանոն, այդպիսի լոկալ համաճարակները չեն հրապարակվում: Հիվանդներին փորձում են բուժել հատուկ հիվանդանոցներում` փակ դռների հետեւում»: Քաղաքական գործիչը նշում է նաեւ, որ նմանատիպ բիոկայաններ կառուցվում են նաեւ Ռուսաստանին սահմանակից այլ երկրներում` որպես օրինակ մատնանշելով Վրաստանը:


ՄԱՐԴԱՍՊԱՆ ԳԵՆԵՐ


«Արգումենտի նեդելի» թերթի զրուցակից, պաշտոնաթող գնդապետ Յան Բարանովսկին պնդում է, որ կենսաբանական  զենքի ամենավտանգավոր տարատեսակը գենետիկականն է. «Այն վաղուց մշակում եւ գաղտնի փորձարկում են ամերիկյան հատուկ ծառայությունները»: 

Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիկոս Միխայիլ Պալցեւի կարծքով. «Բիոզենքը կարող է տարածվել ջրով, մթերքի միջոցով, իսկ ագրեսոր-գեները ունեն  կարողություններ ներթափանցելու կերակրային բույսերի մեջ: Այդպիսի ներխուժումների արդյունքը կարող է ի հայտ գալ նույնիսկ հաջորդ սերունդներում` բերելով ինֆարկտների, քաղցկեղների եւ կաթվածների աճին»:

Փորձագետների մեծ մասը գենետիկ զենքը դասում են կենսաբանական զենքի տարատեսակներից մեկին: 1925թ. Ժնեւյան արձանագրության եւ 1972թ. կենսաբանական զենքի մասին  կոնվենցիայի համաձայն` խստորեն արգելված է դրա հետազոտությունները: Չնայած դրան` գենետիկ զենքի ստեղծման վրա աշխատում են գաղտնի լաբորատորիաները, քանի որ, ունենալով մարդասպան գեները, կարելի է կառավարել աշխարհը` աննկատ ոչնչացնելով թշնամիներին: Ընդ որում, պրակտիկապես անհնար է իմանալ եւ ապացուցել հատկապես ով է ստեղծել եւ օգտագործել գենետիկ զենքը, քանի որ վերջինիս կիրառումը թաքնված է հայտնի կամ անհայտ հիվանդությունների, համաճարկների տակ:

Ինչպես համոզված են գենետիկ զենքի ստեղծման դեմ պայքարող «Սանշայն պրոջեկտ» միջազգային կազմակերպության մասնագետները, գենետիկ զենքը կարող է գործել  չբերություն, մշտական հոգնածություն առաջացնել եւ վնաս հասցնել ոչ միայն  մարդկանց առողջությանը, նվազեցնել բնակչության թվաքանակը, այլեւ հարվածել կիրառման երկրի տնտեսությանը:

Ի դեպ, կենսաբանական զենքի հետազոտությունները իրականացվել են նաեւ Սովետական Միությունում: Ինչպես նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Յաբլոկովը. «Նախորդ դարի 70-ական թվականներին Սվերդլովսկի մարզի գաղտնի լաբորատորիայից պատահմամբ դուրս է թռել ինչ-որ հատուկ ժանտախտային ինֆեկցիա: Զոհվեցին  զորակոչային տարիքի տղամարդիկ: Համենայնդեպս, կանանց եւ տարիքով մարդկանց վրա այն չազդեց: Դա խոսում է այն մասին, որ գոյություն ունի ընտրական գործողության զենք` որոշակի բնութագրիչներով մարդկանց դեմ: Դրա մշակումով զբաղվել եւ գուցե այժմ էլ զբաղվում են շատ երկրների հատուկ ծառայությունները»:

Զարմանալի է, որ այսպիսի լուրջ մտավախություն առաջացնող եւ հնարավոր հետեւանքներ ունեցող ոլորտում, ինչպիսինն է գենային ինժեներիան, մեր Առողջապահության նախարարությունը` ի դեմս փոխնախարար Խաչատրյանի, ցուցաբերել է, թվում է, անլուրջ եւ մակերեսային մոտեցում: Իսկ գուցե  Խաչատրյանը միայն ձե՞ւ էր անում, որ գենային ինժեներիայով զբաղվելու ազատականացումը պարզապես ինչ-որ սփյուռքահայերի հետ զրույցի արդյունք է` անորոշ ապագայում, անորոշ չափով , անորոշ նպատակով ինչ-որ ներդրումներ բերելու համար: Գուցե Հայաստանում գաղտնի լաբորատորիայի մասին լուրերը, գենային ինժեներիայի ազատականացման օրինագիծը եւ Ա. Խաչատրյանի լոբբիստական կազմակերպության վարչության անդամ լինելու մեջ կա ինչ-որ գաղտնի, առնվազն մեզ համար անհայտ փոխկապակցվածություն: Համենայնդեպս, այս վարկածը կարող է լինել շատ ավելի տրամաբանական, քան այն, ինչ փոխնախարար Խաչատրյանը փորձում էր ներկայացնել Ազգային ժողովի քննարկումների ժամանակ
` որպես օրինագծի հիմնավորում
:
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА