КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 26. 04. 2018 : :
Երեւանում էր պատմական Հայաստանի Դիարբեքիր քաղաքում (այսօր Թուրքիայի տիրապետության տակ է) հայտնի համայնքային գործիչ, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ ԳԱՖՈՒՐ ԹՅՈՒՐՔԱՅ-ՕՀԱՆՅԱՆԸ, որն իր հայ լինելու մասին իմացել է, երբ արդեն 13 տարեկան էր: Այսօր նա հպարտությամբ է ասում, որ հայ է, ու թեպետ հայերեն չի խոսում, բայց հիշում է, որ իրենց ընտանիքում խոսվել է հայկական ինքնության մասին: Իսկ թե Դիարբեքիրում այսօր ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած հայերը, որոնք իրենց ինքնության մասին բարձրաձայնում են կամ լռում, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:
– Դիարբեքիրը նախկինում էլ կարեւոր հայկական կենտրոններից է եղել: Մասնավորապես, երեւի գիտեք, որ տեղի Սուրբ Կիրակոս եկեղեցին այդ տարածաշրջանի` Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից է: Այն ավերվել էր, իսկ 1990-ական թվականներին տեղի ունեցած դեպքերի հետեւանքով Դիարբեքիրի հայերն արտագաղթեցին: Եվ միայն 2008 թվականին մենք կարողացանք նորից եկեղեցին վերականգնել: Սակայն, արդեն եկեղեցին վերակառուցելուց հետո` տեսանք, որ հայ համայնք, ըստ էության, այլեւս չկա: Հետեւաբար, սկսեցինք աշխատանքներ իրականացնել այնտեղ մնացած իսլամացած հայերի հետ եւ նրանցով նորից, կարելի է ասել, մի նոր հայկական համայնք ստեղծեցինք: 100 տարի անց նորից զանգակատուն կառուցվեց, եւ եկեղեցական զանգերը նորից հնչեցին տարբեր տոների ժամանակ:
– Պարոն Օհանյան, Դիարբեքիրը վերջերս դարձել էր թուրք-քրդական բախումների թատերաբեմ, այն ի՞նչ հետեւանքներ ունեցավ տեղի հայերի վրա:
– Ցավոք սրտի, արդեն երկու տարի է, ինչ ծանր դեպքեր են տեղի ունենում այնտեղ: Հատկապես այն թաղամասը, որտեղ գտնվում է Սուրբ Կիրակոս եկեղեցին, այսօր համարվում է արգելված թաղամաս, եւ մարդիկ չեն կարողանում առանց թույլտվության ներս մտնել: Եկեղեցու այդ հատվածը գրեթե զրոյացվել, հողին են հավասարեցրել: Իսկ մենք` որպես հայ համայնք, երկու տարի է, ինչ մեր կճեպի մեջ ենք անցել ու չենք կարողանում որեւէ բան անել:
– Իսկ ինչպե՞ս եք տեսնում ելքը...
– Հնարավորինս փորձում ենք պատմել այս իրադարձությունների մասին եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել: Երեւան գալուց առաջ նաեւ Թուրքիայում մամուլի ասուլիս եմ տվել, եւ նաեւ այդ պատճառով է, որ մի ուրիշ ոգեւորությամբ եմ այսօր այստեղ: Ինչքան հնարավոր է, պետք է այնտեղի մեր համայնքի, իրենց խնդիրների մասին պատմեմ ամենուր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ