ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տարածաշրջանում իրավիճակն իրոք պայթյունավտանգ է». Ռուբեն Մելքոնյան

26.09.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Տարածաշրջանում իրավիճակն իրոք պայթյունավտանգ է». Ռուբեն Մելքոնյան

Թեպետ Թուրքիայի հիստերիկ եւ Սիրիայի ու Իրանի տագնապած արձագանքներին` Իրաքյան Քրդստանում կայացավ անկախության հանրաքվեն: Ընդ որում` հանրաքվեն դեռ չավարտված, արդեն իսկ խաղաղ քրդերը սկսել էին տոնել անկախությունը: Մինչդեռ այդ ընթացքում Իրաքյան Քրդստանի դեմ բացահայտ ռազմական գործողությունների նախապատրաստություն էր ընթանում Թուրքիայում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նորընտիր դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԻՐԱՌՈՒՄ Է «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

– Պարոն Մելքոնյան, հաշվի առնելով Իրաքյան Քրդստանի հանրաքվեի իրողության վերաբերյալ թուրքական հռետորաբանությունն ու գործողությունները` ինչպիսի՞ աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող են տեղի ունենալ տարածաշրջանում:

– Թուրքիայի պահվածքն, ըստ էության, շարունակում է մնալ միջազգային բոլոր ընդունված չափանիշներից դուրս: Այլ պետության ներքին գործերին միջամտելուց բացի, Թուրքիան այսօր հանդես է գալիս ընդգծված պրատիստական հայտարարություններով: Ընդ որում` այդ հայտարարությունները ոչ միայն ուղղված են կոնկրետ ազգի, տվյալ դեպքում` քրդերի դեմ, այլեւ միտված են տարածաշրջանում էլ ավելի թեժացնելու առանց այդ էլ անկայուն իրավիճակը: Բացի այդ, Թուրքիան ձեռնարկել է խորհրդանշական քայլեր` գործի դնելով իր ողջ համալիրը, այսինքն` զորքերը բերել է մարտական պատրաստվածության, խորհրդարանում ընդունել են օրենք` երկրարացնելով թուրքական բանակի լիազորությունները իրականացնել մարտական գործողություններ Իրաքում եւ Սիրիայում: Ավելին` Թուրքիայի նախագահը մի քանի օր շարունակ, ներառյալ եւ հիմա, հանդես է գալիս բացահայտ պատերազմական կոչերով, սպառնալիքներով: Հետաքրքիր է եւ, միեւնույն ժամանակ, շատ տխուր, որ Թուրքիայի նախագահը հանդես է եկել հստակ ազգայնամոլական հայտարարությամբ` բերելով այն կարգախոսը, որը կիրառում են «գորշ գայլերը», երբ իրենց թիրախի նկատմամբ հստակ երկտողով հայտարարություն են անում, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Այսպիսի հաղորդագրությունը նշանակում է, որ տվյալ անձը թիրախավորված է եւ այն մարդը, ում ուղարկվում էին այդ ուղերձները, սպանվում է: Եվ հիմա Թուրքիայի նախագահը պաշտոնապես, ամբիոնից հայտարարում է, որ մի գիշեր կարող են գնալ Իրաքյան Քրդստան... Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահը կիրառում է ահաբեկիչների եւ ծայրահեղ ազգայնամոլների` «գորշ գայլերի» հռետորաբանությունը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Պարզվում է` այդ մարդն ունի նման մտածողություն եւ չի էլ թաքցնում դա: Այնպես որ, կարծում եմ` տարածաշրջանում իրոք վիճակը պայթյունավտանգ է: 

«ՍԿՍՎՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԻ ԼԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱ»

– Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքում նաեւ ակնարկ կար այն մասին, որ Իրաքյան Քրդստանի տարածքում ապրում են ոչ միայն քրդեր, այլ նաեւ ուրիշ ազգություններ, օրինակ` թուրքմեններ: Ի՞նչ կարելի է ենթադրել դրանից:

– Այս ամենը տանում է դեպի այն, որ Թուրքիան ոչ միայն կփորձի բացահայտ ռազմական միջամտությամբ քայլեր անել այս ուղղությամբ, այլեւ հրահրել այդ տարածքում բնակվող այլ ժողովուրդներին, մասնավորապես` թուրքմեններին: Ընդամենը երկու օր առաջ արդեն թուրքմենները հայտարարել էին, որ չեն ճանաչելու Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները: Այս անտրամաբանական շղթան շարունակվում է, եւ Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարում է, որ հանրաքվեն, անկախ արդյունքներից, իրենք ճանաչում են ոչ օրինական, ինչը ոտնահարում է ընդունված միջազգային չափանիշներին: Ի վերջո, հարյուր հազարավոր մարդիկ ինչ-որ հարցի շուրջ անցկացնում են հանրաքվե եւ արտահայտում են իրենց կարծիքը, ինչպե՞ս կարող է մեկ այլ երկրի ղեկավար այդ մարդկանց կարծիքը արհամարհել: Այնպես որ, արդեն իսկ կարող ենք եզրակացնել, որ այս հանրաքվեով, ինչպես եւ սպասվում էր, տարածաշրջանային լարվածությունը թեւակոխեց այլ ոլորտ, եւ ամեն ժամ, ամեն օր հղի է անկանխատեսելի զարգացումներով: 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է»

– Այս համատեքստում որքանո՞վ էր ճիշտ, որ Հայաստանը չեզոքություն պահպանեց եւ իրադարձություններին հետեւեց զուտ կողքից, չնայած նրան, որ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն արդեն իսկ իրողություն է, եւ այնտեղ ունենք հայկական համայնք:

– Հայաստանի չեզոքությունն արդարացված է: Նախ Հայաստանը հայտարարել է բոլոր միջազգային ամբիոններում, որ ինքը հարգում եւ ընդունում է միջազգային այն չափանիշը, որը կոչվում է ազգերի ինքնորոշում: Այսինքն` անուղղակիորեն կամ դիվանագիտական լեզվով հայտարարել ենք, որ ազգերի ինքնորոշման գաղափարը մեր համար ընդունելի է, քանի որ մենք նույնպես նման խնդրի համապատկերում ենք գտնվում` կոնկրետ Արցախի հետ կապված: Երկրորդ` Հայաստանի չեզոքությունը կարող ենք արդարացնել գոնե այս պահին նրանով, որ տարածաշրջանում իրավիճակը դեռեւս հստակ չէ: Մեծ խաղացողների քայլերը դեռեւս գտնվում են կարգավորման կամ հստակեցման փուլում, տարբեր տեղական պետություններ նույնպես գտնվում են հստակեցման փուլում: Բացի այդ, Հայաստանի բարեկամ ու հարեւան Իրանը այս հարցում բավականին ակտիվ հետաքրքրվածություն եւ կարծում եմ` ներգրավվածություն ունի: Ուստի` այս պարագայում, երբ անմիջական մեր կողքի սահմանին տեղի է ունենում այս ամենը, կարծում եմ` չեզոքությունը, միեւնույն ժամանակ, դիրքորոշման հստակ շեշտադրմամբ, թերեւս այն միակ ճիշտ լուծումն է, որը կարող է լինել: Բայց սա չի նշանակում, որ դեպքերի զարգացմանը զուգահեռ չեն կարող փոխվել նաեւ Հայաստանի հայտարարությունները եւ շեշտադրումները` կախված դեպքերի` մեզ համար վտանգավոր եւ ոչ վտանգավոր զարգացումներից: Սակայն այստեղ ակնհայտորեն պետք է նշենք, որ Թուրքիան գրեթե բացահայտ ի ցույց է դնում, որ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն ուղղակիորեն կապված է միջթուրքական զարգացումների հետ, քանի որ դոմինոյի էֆեկտով այդ ամենը կարող է վերաբերել նաեւ Թուրքիայի քրդերին: Այնպես որ, այդ հարցում մեր դիրքորոշումը պետք է լինի ակտիվ սպասողական: Բայց այդ սպասելը պետք է լինի ոչ թե պասիվ, այլ ակնդետ, քանի որ հնարավոր զարգացումները կարող են վերաբերել տարածաշրջանային իրավիճակի եւ քարտեզի փոփոխության: Իսկ այդ դեպքում մենք բախվելու ենք մի հանգամանքի, որ մեր ընդհանուր տարածաշրջանում առաջանում է նոր պետություն, հետեւաբար կանգնելու ենք այդ պետության հետ մեր հարաբերությունները ճշգրտելու հրամայականի առաջ:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

– Եվս մեկ հարց` քրդական թեմաներից դուրս. որքանով տեղյակ ենք, լույս է տեսել Ձեր հեղինակած նոր գիրքը: Կմանրամասնե՞ք այն ինչ բովանդակություն ունի եւ ընթերցողների ո՞ր շրջանակի համար է:

– Թյուրքագիտության կարեւոր խնդիրներից մեկը հայալեզու եւ հայկական օբյեկտիվ տեսակետները ներառող դասագրքերի ստեղծումն է, ինչի ուղղությամբ մենք վաղուց հետեւողական քայլեր ենք անում: Եվ քանի որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում դասավանդվում է թուրքերեն, ադրբեջաներեն, Թուրքիայի պատմություն, թուրքական գրականություն, այս բոլոր առարկաների վերաբերյալ պատրաստում ենք դասագրքեր: Իսկ այս նոր դասագիրքը վերաբերում է նորագույն շրջանի թուրքական գրականությանը, որտեղ ներառված են այդ երկրի գրական զարգացումները Թուրքիայի Հանրապետության ստեղծումից մինչեւ մեր օրերը: Անդրադարձել ենք ժանրերին, թեմատիկաներին, թե դրանք ինչից են բխել, ինչքանով են կապված հասարակական, քաղաքական զարգացումների հետ: Այս գիրքն, ըստ էության, հնարավորություն է տալիս մոտ 100 տարվա ընթացքում ստեղծված թուրքական գրականությունը մատչելի ձեւով ներկայացնել ուսանողներին: Նաեւ նշեմ, որ այս գիրքը մոտ օրերս ամբողջ տպաքանակով անվճար նվիրելու եմ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողներին, որպեսզի դրանով նաեւ նրանց ուսումնական գործընթացը եւս մեկ քայլով ավելի դյուրին դառնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հայ-թուրքական արձանագրությունների մասին Ռ. Մելքոնյանի ուշագրավ դիտարկումները կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА