ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.09.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք այնպիսի ընդդիմադիր գործիչ, ինչպիսին է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ: Շիրակցիները միգուցե եւ հիշեն ոչ այնքան բարի ձեւով, իսկ մյուս մարզերի բնակչությունը` դժվար թե: Եվ ահա այդ` ընդդիմադիր դաշտի թանգարանային նմուշը շատ է խանդավառվել, որ Ժիրայր Սէֆիլյանը իրեն եւ լաչառագույն Թամար Հովհաննիսյանին հանձնարարել է կազմակերպել շարժումը եւ համախմբել Սէֆիլյանի կազմած ցուցակը. «Նախ այն, որ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ ես եւ Թամար Հովհաննիսյանը պետք է համակարգենք, դա զուտ տեխնիկական խնդիր է` հանդիպումներ կազմակերպելու առումով: Ինչ վերաբերում է հայտարարության մեջ բարձրացված ազգային դիմադրության շարժման ձեւավորմանը, ապա դա կունենա կառույց, կառավարման համակարգ, որը կորոշվի համախմբված մարդկանց կողմից»: Բայց ամենազարմանալին այն է, որ Մակեյանը դեռ փողոցային մեծ շարժման հույսեր ունի. «Այս վարչախումբը որեւէ այլընտրանքային ուղի չի թողել ժողովրդին: Հիմա նույնիսկ այն մարդիկ, ովքեր 10 հազար դրամով գնացել պարտադրված իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին, ամենամեծ թշնամի են համարում նույն ՀՀԿ-ին: Երբ պահը, իրավիճակը գնահատողների խումբը ձեւավորվի, այդ մարդկանց մեծ մասը փողոց դուրս կգա»: Դե արի ու մի հիշի Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետին»:
Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ այդպիսի «ուրիշ մասնագետի» կարիք, ցավոք, ունեն ոչ միայն քաղաքական դաշտի ծաղրածուները, այլ, ավաղ, շատ ու շատ մարդիկ: Հայտնի հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԻ հեռուստահարցազրույցի ժամանակ լույս աշխարհ եկավ սահմռկելի վիճակագրություն` որ 2017-ի սկզբից մինչեւ այս պահը առավել քան 400 հոգի փորձել է ինքնասպանություն գործել, եւ 117-ին դա հաջողվել է: Եվ զարմանալիորեն մեր հանրությունը անտարբեր է այդ սահմռկելի ցուցանիշի հանդեպ, կամ հիմնականում հետաքրքրություն է դրսեւորում «թամաշայի» սկզբունքով: Բայց պատկերացրեք այդ թիվը` ոչ լրիվ 9 ամսվա ընթացքում ինքնասպան է եղել ավելի շատ մարդ, քան հայկական կողմից զոհվել է քառօրյա պատերազմում: Զարմանալի է, ինչ աստիճանի է աղճատված մեր հանրությունը...
Հայտնի արեւմտամետ քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիմնական պրոբլեմն էլ, երեւի թե, զարմանալի, չափազանցված վախն է ռուսներից: Նա վախենում է, որ Մոսկվան կստիպի Երեւանին հրաժարվել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից, բայց. «Ես պարզապես չեմ հավատում, որ չենք ստորագրի այդ համաձայնագիրը մի պատճառով, քանի որ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնար հարթակներից հայտարարում են, որ ստորագրելու են: Մենք նաեւ պետք է հասկանանք, որ սա ասոցացման պայմանագիր չէ, բայց կարեւոր է ունենալ ԵՄ-ի հետ համագործակցելու իրավական հիմքեր, քանի որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը միակն են, որ ուղղակիորեն աջակցում են Հայաստանին` ի տարբերություն մեր մյուս գործընկերների»: Իհարկե, բանականության մակարդակով քաղաքագետը հասկանում է, որ համաձայնագիրը ստորագրվելու է, եւ նույն ռուսներն էլ դրա վերաբերյալ ռեալ առարկություն չունեն, բայց վախը զարմանալիորեն իր գործն անում է:
Իսկ Ռուսաստանում վերջապես դատարանի որոշմամբ կալանավորվեց «Ուղղափառ ջիհադ» սկսած կրոնական ծայրահեղական «Քրիստոնեական պետություն» կազմակերպության պարագլուխ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱԼԻՆԻՆԸ: Եվ ահա «Ռիա Նովոստի» գործակալության մեր գործընկերները պարզել են զարմանալի, ապշեցուցիչ բան` 2002-ին Նորիլսկի քաղաքային դատարանը Կալինինին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման, սպանության, ավազակային հարձակման եւ փաստաթղթեր կեղծելու համար: Ինչքան էլ զարմանալի լինի, ստացվում է, որ Կալինինի պատկերացրած քրիստոնեական պետությունը պետք է իսպառ անտեսեր քրիստոնեության թիվ մեկ` «Մի՛ սպանիր» պատվիրանը: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА