ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քրդստանի հարեւաննեից ամենաանկանխատեսելին Թուրքիան է»

26.09.2017 02:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Քրդստանի հարեւաննեից ամենաանկանխատեսելին Թուրքիան է»

Իրաքյան Քրդստանում այսօր կայացած անկախության հանրաքվեն ընթացավ խաղաղ, ավելին՝ մարդիկ մի քանի ժամ առաջ արդեն սկսել էին տոնել անկախությունը: Սակայն, ըստ թուրք-քրդական հարցերով անկախ փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ,  սա խաղաղություն է փոթորիկից առաջ. «Ճիշտ է, ամերիկյան ռազմաբազաները, ամերիկյան ուժերի համալրումը վիճահարույց տարածքներում զսպող միջոց է Իրաքի, Իրանի եւ հատկապես Թուրքիայի համար: Չնայած Քրդստանի մյուս «հարեւանը»՝ Սիրիան, նույնպես դեմ է այդ անկախությանը, սակայն նա միայն դեմ կարող է լինել զուտ դիվանագիտական էթիկան պահելու համար: Նախ նրա համար, որ այս պահի դրությամբ նա ընդհանուր սահման չունի Քրդստանի հետ՝ մի մասը վերահսկվում է ԻՊ-ի զինյալների կողմից, մյուսը մասը գտնվում է սիրիական քրդական ինքնավարության՝ Ռոժավայի վերահսկողության տակ եւ Ռոժավան իր զորակցությունն է հայտնել Քրդստանին, այնուհետեւ ոչ մի ռեալ միջոց չունի թե՛ տնտեսապես, թե՛ ռազմապես պատժելու կամ ազդելու Քրդստանի վրա»:

Ինչ վերաբերում է Իրաքին, Կ. Հովհաննիսյանի գնահատմամբ՝ իրաքյան կենտրոնական իշխանությունը դեմ չէ Քրդստանի անկախացմանը. «Սակայն դեմ է այսպիսի սահմաններով անկախացմանը ու հենց բուն բանակցությունների թեման այս հարցն էր մինչ երեկ»:

Փորձագետի կարծիքով՝ թերեւս Քրդստանի հարեւաննեից ամենաանկանխատեսելին Թուրքիան է. «Սկսած պաշտոնական հայտարարություններից վերջացրած գործողություններից կատարում է իրար հակասող քայլեր: Քաղաքական եւ պաշտոնական հայտարարություններն ավելի շատ նման են շանտաժի ու ահաբեկման, գործողությունները չեն համապատասխանում հայտարարություններին: Մեկ հայտարարում է, որ դադարեցնում է տնտեսական կապերն ու փակում սահմանը, սակայն հետո պարզ է դառնում, որ ոչ միայն սահմանը չի փակել, այլեւ շարունակում է նավթ գնել Քրդստանից: Թուրքիան թերեւս մնում է միակ մեծ վտանգ ներկայացնողը»: 

Ըստ էության, Իրանը թերեւս ամենաիրատեսական եւ կառուցողականն է այս ընդհանուր ֆոնի մեջ, ինչի մասին Կ. Հովհաննիսյանն ընդգծում է. «Նա ի սկզբանե հայտարարեց, որ ինքը Իրանի սահմաններից դուրս ոչ մի ռազմական գործողությունների չի մասնակցի, եթե դրանք անմիջական վտանգ չներկայացնեն Իրանի սահմանին: Իրանը պարզապես ասաց, որ չի ընդունում այդ հանրաքվեն եւ նրա արդյունքները»:

Եզրափակելով խոսքը՝ փորձագետը հիշեցնում է. «Քրդստանի անկախության հանրաքվեն կայացավ, ինչպես կանխատեսել էի, սակայն մեկ այլ կարեւոր իրավական գործընթաց դեռ առջեւում է, Քրդստանի իշխանությունը պետք է պաշտոնապես հռչակի Քրդստանի պետության մասին, որպեսզի աշխարհը սկսի ճանաչել կամ չճանաչել այդ պետությունը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА