ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախը մեր խիղճն է, սփյուռքը` հայապահպանության թթվածինը»

25.09.2017 22:51 ՄՇԱԿՈՒՅԹ
«Արցախը մեր խիղճն է, սփյուռքը` հայապահպանության թթվածինը»

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ համերգ,

որը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների արդյունքների ամփոփումն էր: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով, մենք բոլորս պետք է նպաստենք Արցախի զարգացմանը: ‹‹Արցախը մեր խիղճն է, մեր ոգին, մեր հպարտությունը: Սփյուռքը մեր պատիվն է, մեր հեղինակությունը, իսկ Հայաստանը՝ հայրենիքը  մեր հույսն է, մեր լինելիության հիմքը, հայապահպանության թթվածինն է: Եկեք մեր խիղճը, մեր պատիվը և մեր հույսը համախմբենք, որպեսզի ավելի զորանա հայ ազգը, աշխարհի որ ծայրում էլ, որ նա լինի››:  Նախարարը համերգի ավարտին շնորհակալագրեր և պարգևներ հանձնեց  ծրագրի մասնակիցներին և կազմակերպիչներին:

   Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը և ծրագրի բոլոր մասնակիցներին: ‹‹Շնորհակալ ենք բոլոր երաժիշտներից և հատկապես ծրագրի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գասպարյանից, ով մեր պապենական մշակույթը անվճար տարածում է լատինական ամերիկայում՝ ամերիկահայերի և այլ ազգերի շրջանակներում››

  Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանի և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանի կողմից «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» խորագրով անցկացված համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որի մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը սեպտեմբերի 25-ին  կտրամադրվի Արցախի մյուս կարիքավոր դպրոցներին:

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА